Հեղինակ Արամ Ղանալանյան
Հարթաքանդակների կիրառումը ճարտարապետական շինությունների, կոթողների վրա գալիս է պալեոլիթի ժամանակաշրջանից (Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). —СПб., 1890—1907. ): Տարբեր դարերում, քաղաքակրթություններում հարթաքանդակները ունեցել են տարբեր, մշակման աստիճան, խորհրդանշական իմաստ, ոճեր, գեղարվեստաարտահայտչական նշանակություն: Հարթաքանդակները ունեցել են ինչպես գեղարվեստական զարդարանքի՝ դեկոռի էսթետիկական նշանակություն, այնպես էլ կրել են ինֆորմատիվ բնույթ՝ սկսած գրեր պարունակելուց, մինջև պատմական տարբեր իրադարձությունների դրվագում, որոնց միջոցով, հաճախ, հասել են միակ պատմական տեղեկությունները տվյալ իրադարձության մասին: Հայկական ճարտարապետության մեջ ևս հարթաքանդակների հանդիպում ենք հնագույն ժամանակներից մինչ մեր օրերը:
Իսրայելյանի կառույցներն ու ստեղծագործությունները անհնար է պատկերացնել առանց հարթաքանդակների: Դրանք բոլորն իմաստավորված են և գալիս են հայկական մշակույթի հնագույն ավանդույթներից` հիմնականում կապվելով հնագույն պաշտամունքների և ժողովրդական հավատալիքների հետ: Սա պատահական չէ, քանի որ նա մշտապես ուսումնասիրել է ժողովրդական բանահյուսությունը, հնագիտությունը, միջնադարյան գրականությունն ու արվեստը: Այսպիսով` Իսրայելյանը իր աշխատանքներում հաճախ է օգտագործել բուսական, կենդանական զարդամոտիվներ և առասպելական էակներ: Իսրայելյանի ճարտարապետական հավատամքը՝ հայկական ազգային ճարտարապետությունը, բացի անկրկնելի ազգային դիմագիծ հաղորդող ծավալներից ունի միանգամայն ինքնուրույն, չկրկնվող հարթաքանդակային դեկոր, որը ինչպես պարզ ու ասկետիկ է, այնպես էլ հարուստ և ճոխ: Իսրայելյանը հենց առաջին իր շինության («Արարատ տրեստի գինու մառանների»), պարզ ու զուսպ ծավալը զարդարում է հարթաքանդակներով: Շինության ճակատները զարդարող հարթաքանդակները միանգամայն տարբեր են թե տեսակով, թե մոտեցմամբ: Արևմտյան ճակատին դեկորատիվ ֆրոնտոններով ավարտվող սյուների միջև (նմանօրինակ շքամուտքեր հանդիպում են վաղ միջնադարում՝ օրինակ Երերույքի բազիլիկի շքամուտքը ըստ Շ. Ազատյանի Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան 1992 թ., էջ 89) տեղադրել է գինու կարասներ, կարասները զարդարել բուսական հարթաքանդակով՝ խաղողներ, նռներ, ողկույզներ, տերևներ: Երեք կարասների վրա էլ դեկորը չի կրկնվում: Իսրայելյանի և հետագա աշխատանքներում կարելի է տեսնել դեկորի անկրկնելիություն, չէ որ հեղինակը նկարչական ֆանտազյան անսպառ էր, և ամեն շինության դեկորի էսկիզները բազում: Շինության հյուսիսային ճակատի պիլյաստրները եզերող խոյակները նույնպես ֆլորյալ և կենդանական դեկոռ են պարունակում, որևէ խոյակ չի կրկնվում մյուսին: Նույն ճակատին պատկերված են այգեկցու առակները կերպարավորող սյուժետային հարթաքանդակներ: Ճակատների վրա կարելի է հանդիպել արձանագրությունների՝ սույն վայրում եղած պատմական իրադարձության վերաբերյալ, ինչպես նաև պատգամի ապագա սերունդներին:
Իսրայելյանին հատուկ են շինությունների վրա ժողովրդական առածների, հայրենասիրական բանաստեղծական հայտնի տողերի հավերժացումը (Արարատ տրեստի գինու մառաններ, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող հուշարձան, Արարատի տաճար): Արձանագրություններում հեղինակը իր մտքերն ու պատգամներն է հասցնում ապագա սերունդներին, իր վերաբերմունքը ու խոնարհումը հայտնում պատմական իրադարձությանը, հայ ժողովրդի ճակատագրին ու ապագային: Հաճախ Իսրայելյանի շինությանը նաելով դիտողին թվում է, թե հեղինակը խոսում է դիտողի հետ, մատնացույց անում հայրենիքի գեղեցկությունը (օրինակ Արարատի տաճարը), սովորեցնում է սիրել հայրենիքը, տեսնել Հայաստանի գեղեցկությունը, արժեվորել հայ մարդուն, հայ աշխատավոր մարդու, շինարարի գործը:
Իսրայելյանը հարթաքանդակների մեջ դրել է խորը նշանակություն, սիմվոլիկա: Հարթաքանդակներով կարողացել է ստեղծել տրամադրություն, կառույցին մոտենալու վերաբերմունք ու մոտեցում թելադրել դիտողին:
Դասակարգելով Իսրայելյանի ստեղծագործություններում հանդիպող հարթաքանդակները՝ կարող ենք բաժանել հետևյալ խմբերի՝
- Բուսական (ֆլորյալ)
- Կենդանական
- Թեմատիկ / սյուժետային
- Հերոսական / ռազմական
- Կոմբինացված
Բուսական հարթաքանդակները հանդիպում են Իսրայելյանի գրեթե բոլոր ստեղծագործությունների վրա: Հաճախ կրում են կենաց ծառի խորհուրդ, պատկերում են հայոց խաղողը և նուռը: Ապարանի հերոսամարտի հուշարձանի Հայոց Մեծ Եղեռնի զոհերին նվիրված մասում պատկերված է վեր հառնող կենաց ծառ, որով ցույց է տրվում վերածնվելու, անմահ լինելու հայ ժողովրդի տեսակն ու կամքը: Կենաց ծառը դեպի վեր նոր շիվեր ու տերևներ է տալիս: Սգո մասին հիշեցնում է միայն ճյուղերից մեկի վրա նստած, գլուխը դեպի ներգև ուղղած թռչունը: Կենաց ծառ կարող ենք տեսնել նաև Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի բակում կանգնեցված Հայոց Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշարձան խաչքարի ստորին հատվածում, այս անգամ ավելի սիմետրիկ, բոլոր ճյուղերով դեպի վեր ուղղված, ավելի խրոխտ:
Բուսական հարթաքանդակներ կան Մաշտոցի, Բագրատունյաց փողոցների վրա գտնվող բնակելի շենքերի ճակատներին, ինչպես առանձին հարթաքանդակի, այնպես էլ սյուների կապիտելների վրա: Հաճնի հերոսական ինքնապաշտպանության հուշարձան-թանգարանի ճակատին արված արձանագրության ձախ հատվածում, որով ընդգծվում է արձանագրության տեղը ճակատի վրա, այստեղ խաղողի ողկույզներ են և տերևներ: Ողկույզն ու տերևը հանդիպում է նաև հուշարձանի վերին հատվածում տեղ գտած արծվի թևի տակ: Սրանով հեղինակը արտահայտել է հայ զինվորի հերոսական ուժերով հայոց հողի ու հայ ժողովրդի պաշտպանության ալեգորյան:
Բուսական հարթաքանդակներ հանդիպում են գրեթե բոլոր ճարտարապետական փոքր ձևերում՝ աղբյուր-հուշարձաններում, Ավ. Իսահակյանին նվիրված նստարանի վրա:
Բուսական թեմատիկայով հարթաքանդակների լավագույն նմուշն է Երևանում Մեծ հայրենական պատերազմի հաղթանակի Մոնումումենտի մուտքը եզերող վարդյակների պսակը, բոլորը, ասես, մանրանկարներ, ժանեկազարդ գործվածքներ: Մոնումենտի շինության վրա աստիճանավանդակների բազրիքներն են պատված բուսական հարթաքանդակներով, անձրևատարերը:
Կենդանական հարթաքանդակները հանդիպում են Ապարանի հերոսամարտի, Արծիվ-շինարար հուշակոթողի, Գևորգ Չաուշի թանգարանի, Մեծ Եղեռնի նահատակած հուշարձան խաչքարի, «Արարատ» տրեստի գինու մառանների, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի, Մայր Աթող Էջմիածնի Ավագ խորանի վրա և այլուր: Կենդանական մոտիվներից հարթաքանդակներում առավել լայն տեղ են գրավում արծիվների հարթաքանդակները: Հնագույն ժամանակներից ի վեր ինչպես հայերն այնպես էլ բազմաթիվ այլ ժողովուրդներ արծվին խորհրդանշական տարբեր իմաստներ են տվել: Նրան վերագրվել են հզորության, կրակի և անմահության գաղափարները: Արծիվը համարվել է աստվածների պատգամաբեր և աստվածության վերափոխված կերպար: Միջագետքում արծիվը համարվել է ռազմի աստծո` Նունուրտի խորհրդանիշը, Հունաստանում` Զեվսի, Հռոմում` Յուպիտերի և այլն (Мифы народов мира, Моссква, 1982г, с. 258): Արծվի մոտիվը Իսրայելյանի ճարտարապետական աշխատանքներում տարբեր ձևերով է արտահայտվում` որպես hարթաքանդակ, ինքնուրույն հուշարձան, դեկորի տարր: Իսրայելյանական արծիվներին հատուկ է խրոխտ, մարտական կեցվածքը, սուր հայացքը, հզոր թևերը, պինդ չանչերը: Հաճախակի կարելի է տեսնել հավերժության նշան թևերի վերին հատվածում, ինչպես Գաջագործների փողոցի վրա գտնվող աղբյուր հուշարձանում, Սարդարապատի հուշահամալիրում: Ապարանի հերոսամարտի հուշարձանի վրա գտնվող արծիվները չանչերում սուր են բռնում, Երևանի հարավային մուտքի մոտ գտնվող ուղղենիշ կոթողի արծիվը մուրճ և շինարարական բեռ է բռնում: Մուսալեռան հերոսական պաշտպանության հուշարձան-թանգարանի ողջ ծավալն է արծվի կերպարով և ուրվագծով արված, վերևի հատվածում արծվի լուխը:
Արծիվներից բացի հարթաքանդակներում կարելի է հանդիպել խոյերի՝Երևանի օղակաձև այգում գտնվող, Երևան և Կարրարա քույր քաղաքների բարեկամության հուշաղբյուրի վրա, «Արարատ» տրեստի գինու մառանների ֆասադներին՝ եղնիկի՝ նվիրված Հ. Կոջոյանին, Աղավնիների՝ Միլանի հայկական եկեղեցու կենտրոնական մուտքի վերևի մասւոմ, Հաղթանակի զբոսայգու մուտքի վրա դիցաբանական վիշապների և մարդու գլգով թռչունների (Հազարան բլբուլ): Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում թևավոր ցուլեր, կոր պատի վրա թևավոր նժույգներ: Հայաստանի ազգագրության թանգարանի ետին դռան վրա կանացի կերպար հիշեցնող օձեր, թանգարանի ներսում, կամարները պսակող երիզների վրա ոճավորված առյուծների մետրիկ շարքեր: Իսրայելյանի անձնական արխիվում պահպանված բազում էսքիզային նախագծերի վրա հանդիպում ենք ձկների, հնադարյան վիշապների, եղնիկների, զանազան թռչունների, շան, հովազների, ցուլերի,
Թեմատիկ / սյուժետային հարթաքանդակների հանդիպում ենք «Արարատ» տրեստի գինու մառանների ճակատներին՝ Վախթանգ Այգեկցու աղվեսի և խաղաղի մասին առակը պատկերող դրվագման, գինի խմած երիտասարդի և առյուծի մենամարտի տեսարանը, Վահագն վիշապաքաղ հուշակոթողի վրա Վահագնի և վիշապի մենամարտը, հաղթանակի մոնումենտի ճակատներին կարմիր բանակի զորատեսակների շևրոնների պատկերումը, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի կոր պատի վրա հերոսամարտը ալեգորիկ պատկեորղ թևավոր ձիերի և օղերի հակամարտությունը:
Մարդկային ֆիգուր, դեմք պարունակող հարթաքանդակների թիվը սակավ է Իսրայելյանի ստեղծագործություններում: Սրանք հանդիպում են Գևորգ Չաուշի թանգարանի ճակատի վրա արված Գևորգ Չաուշի մանրազնին մշակված կերպարը, ազգային հարդարանքով կանացի գլուխներ «Արարատ» տրեստի գինու մառանների պատերին, Սարդարապատի հերոսամարտի թանգարանի կոր պատի վրա խաղողներով զարդարված վարսահարդարմամբ կանացի դեմք, ծնվող Վահագն աստծո ֆիգուրը, Քանաքեռում գտնվող Հայ և Էստոնացի ժողովուրդների բարեկամության հուշարձանում պատկերված հայուհու և էստոնուհու եթերային կերպարները: