Նոր ցուցադրություն Հայաստանի գինու պատմության թանգարանում. Գինին՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի արվեստում
Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հետ համատեղ գինու պատմության թանգարանում օրերս բացվեց ժամանակավոր ցուցադրություն՝ Գինին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի արվեստում։ Հիշեցնենք, որ սա թվով երրորդ ցուցահանդեսն է Ռաֆայել Իսրայելյանի արխիվի հանձնումից հետո ճարտարապետության թանգարանին։
Ցուցահանդեսի բացմանը ելույթներով և ողջույնի խոսքերով հանդես եկան ճարտարապետության թանգարանի տնօրեն` Մարկ Գրիգորյանը, գինու պատմության թանգարանի տնօրեն` Հայկ Գյուլամիրյանը և Ռաֆայել Իսրայելյանի ժառանգության համակարգող` Արամ Ղանալանյանը։
Ապակե սափորների, գավաթների, կաթսաների, քացախամանների և գինու խցանահանների էսքիզներ՝ համեմված ազգային մոտիվներով։ Ինչպես ճարտարապետության մեջ, այնպես էլ կիրառական արվեստում Ռաֆայել Իսրայելյանի մտահաղացումները յուրօրինակ են, չկրկնվող, համեմված ազգային միջնադարյան արվեստի էլեմնտներով։
Ցուցահանդեսը կարող եք տեսնել գինու պատմության թանգարանում։
ԱՐԱՄ ՂԱՆԱԼԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
Հարգարժան տիկնայք և պարոնայք շատ ուրախ եմ այս հիանալի ցուցահանդեսի բացման կապակցությամբ և պատիվ ունեմ բոլորիդ ողջունել Ռաֆայել Իսրայելյանի ընտանիքի անունից։
Գինու պատրաստման մշակույթը հնագույններից է և ըստ երևույթի ամենագեղեցիկներից մեկը, որը իր առավել մեծ արտահաությունը գտել է մեր տարածաշրջանում։ Գինին՝ սերտորեն կապված լինելով, ժողովրդի կենսակերպի հետ չէր կարող իր ծավալուն արտահայտությունը չգտնել արվեստում։ Բանահյուսության, կերպարվեստի, նկարչության և ճարտարապետության մեջ։ Գինեգործությունը դարերով լինելով ամենատարածված ոգելից խմիչքը գովերգվել է նաև հենց իր ոգելից բնույթով, անտիկ ժամանակաշրջանում այնքան է կարևորվել գինին, որ նույնիսկ գինեգործության, քեֆի աստված է եղել։ Գինու հետ կապված զարգացել է հայկական սեղանի, հյուրասիրության, կենացների մշակույթը, բանահյուսությունը։
Ռաֆայել Իսրայելյանի վերաբերմունքը գինուն բացառիկ էր։ Ասես նա վերապրում էր խաղողի շիվի աճելուց մինչև խաղողի գինի դառնալը, նրա բազում ստեղծագործություններում մենք տեսնում ենք դրա բազում վկայություններ։ Բազում հարթաքանդակներում, ասես հարության, մոխրից վեր հառնելու սիմվոլ օգտագործվում է հենց խաղողի շիվն ու տերևը։
Խորհրդանշական է, որ Պետերբուրգից Երևան տեղափոխվելուց հետո Իսրայելյանի առաջին մեծ գործը եղավ հենց Արարատ տրեստի գինու մառանների կառուցումը, որը անկրկնելի գինու գովերգման մի տաճար լինի ասես։ Գործարանի ողջ հորինվածքը բոլորովին տարբերվում էր այդ ժամանակի ինդուստրիալ շինարարության բոլոր տենդենցների թելադրանքներից, հակառակ էր գնում դրանց։ Հենց սա է այն առանցքային պատճառը, որով այս արդյունաբերական շենքը Երևան քաղաքի սրտում հանդիսանում է մի անկրկնելի զարդ, օդանավակայանից քաղաքի կենտրոն մուտք գործելիս առաջին տպավորություններից մեկը։ Շենքի ճակատներին կարելի է տեսնել գինուն ձոնված բազում հարթաքանդակներ՝ խոյակներ կժերի տեսքով, Այգեկցու առակը խորհրդանշող խաղող և աղվեսների․․․գինու կարասներ պորտալների մեջ․․․
Իսրայելյանին հատուկ է երկխոսությունը իր ստեղծագործությունների և նրա հետ շփվողների միջև, ասես սրանք քարակերտ, բայց ողջ արարածներ լինեն։ Ասես իր շինությունների միջոցով նա մշտապես հաղորդակցվում է իրար հաջորդող սերունդների հետ, միթե սա չէ մարդու անմահությունը։ Գինու գործարանի ճակատին կարող ենք կարդալ «Հայրենաշեն աշխատավոր՝ այս շինությունը որ բարձրացրել ենք մենք ամբարում է յուր մեջ գինին քո մայր հողի։ Երբ վայելես այն ուրախությանդ ժանմին ու գովերգես երկրիդ խաղաղ կյանքդ ստեղծագործ, հիշիր շինարարներիս»։
Գինու ճաշակումը Իսրայելյանի տանը եղել է ավանդույթ։ Սեղանների հիմնական ըմպելիքն է եղել գինին, որը մեկտեղել է հյուրընկալ պատերի ներքո այդ ժամանակի գրեթե բոլոր հայ մեծերին, թվեմ ընդամենը մի քանի անուն`նկարինչեր Մարտիրոս Սարյան, Հակոբ Կոջոյան, Ցոլակ Ազիզյան, Բաբկեն Քոլոզյան, Հենրիկ Սիրավյան, Հովհաննես Զարդարյան, քանդակագործներ Արա Սարգսյան, Արա Հարությունյան, Սամվել Մանասյան, Կարապետ Մեծատուրյան, Արտաշես Հովսեփյան, գրողներ՝ Մարո Մարգարյան, Սարգիս Բայանդուր, Սիլվա Կապուտիկյան, Հովհաննես Շիրազ, Լևոն Հախվերդյան, Ռուբեն Զարյան, հնագետներ՝ Հարություն Մարտիրոսյան, Բորիս Պիոտրովսկի, Մորուս Հասրաթյան, ճարտարապետներ Ճարտարապետներ՝ Ջիմ Թորոսյան, Մարկ գրիգորյան, Էդվարդ Սարապյան, Տիրան Մարության, Գրիգոր Աղաբաբյան, Գևորգ Թամանյան, Էդուարդ Արևշատյան, Ֆենիքս Դարբինյան, Գևորգ Մուշեղյան, Գուրգեն Կանեցյան, Կոնստանտին Հովհաննիսյն, Բաղդասար Արզումանյան, Լևոն Զորյան բազում մեծանուն հյուրերի եղբայրական պետություներից։ Մենք այսօր կարող ենք միայն պատկերացնել ինչ ուսանելի կենացներ և զրույցներ են անցել այդ սեղանների շուրջը ուր գինին չի հատնել և չի մարել մանղալի ծուխը։
Շնորհակալությոն ուշադրության համար։