ՆՎԻՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Հիշում եմ Ռաֆայել Իսրայելյանին դեռ պատանի հասակից, երբ նա Թիֆլիսի 72-րդ հայկական դպրոցի աշակերտ էր։ Միջահասակ էր, նիհար, ջլուտ ու թիկնեղ։ Խաժ, ժպտուն աչքերում զգացվում էր ինչ-որ մշտական կենսուրախություն, սրամտության կամ ծիծաղելու պատրաստ տրամադրություն։ Հոնքերը ուղիղ էին՝ միջին մասում իրար միանալու ձգտումով։ Ամառ-ձմեռ օձիքը բաց էր, թեթև հագնված։ Մեջքին կապում էր կովկասյան նեղ կաշվե գոտի՝ քանդակազարդ արծաթյա ամրաններով, մի պոչը կողքից ազատ կախված։
Արագաշարժ էր, արագավազ, ճկուն, կեցվածքով մարզիկ էր հիշեցնում։ Աշակերտական խաղերին մասնակցում էր ներքին հրճվանքով, ամբողջովին կլանվելով, բայց չափը երբեք չէր անցնում, միշտ իրեն պահում էր վայելուչ։ Գիտեր սրախոսել, ուրիշի սրախոսությունն էլ գնահատում էր ու արձագանքում դրան։ Խոսում էր մաքուր հայերեն, ինչպես սովորեցնում էր հայոց լեզվի մեր դասատուն՝ Պողոս Հովյանը, բայց միտումով ընդգծված Թիֆլիսյան առոգանությամբ։
Դպրոցն ավարտեց եդբորս՝ Վարդան Տիգրանյանի հետ, 1925-ին, իսկ ես՝ 1928-ին։ Իրար գիտեինք, բայց մտերիմ չէինք, մեզ բաժանում էր 2 դասարանի տարբերությունը, բացի այդ, ապրում էինք տարբեր թաղերում և դպրոցից դուրս ընկերություն չէինք անում։
Ուսումնառության տարիներին որևէ առարկայի գծով աոանձին հետաքրքրություն չցուցաբերեց։ Այդ տարիներին առանձին աշակերտներ արդեն ունեին իոենց նախասիրությունները, և մենք գիտեինք, ով ինչ է դառնալու։ Օրինակ, գիտեինք, Դիմա (Դմիտրի) Նալբանդյանը նկարիչ կդառնա։ Դասերի ընթացքում անթիվ նկարներ էր անում, նկարում էր ուսուցիչների, ընկերների դիմանկարները, գրականությունից անցած պատմվածքների և վեպերի բովանդակությամբ մեծադիր պատկերազարդումներ էր անում։ Նրան հանձնարարվեց դպրոցի դահլիճի բեմի ձևավորումը։ Վարագույրը պատեց սոսնձաներկ աստղազարդ կապույտ երկնքով, որի ֆոնի վրա նկարեց սավառնող մի մարդ, բարձրացրած ձեռքում դիմակ, իջեցված ձեռքում՝ հայելի («Կյանք և թատրոն»)։ Վարագույրի աջ կողմում պատկերեց մի բանվորի՝ զնդանի առաջ կանգնած, ձեռքին մուրճ, ձախ կողմում ջահել մի գեղեցկուհի՝ մանգաղը ձեռքին, ցոըենի մի խուրձ գըկած։ Բեմի թիկնապատի համար, կտավի վրա պատկերեց մի հիանալի անտառ։ Ստեղծեց և մի քանի այլ դեկորներ։ Այս ամենը հորինված էին այնպիսի վարպետությամբ, որ թվում էր, թե հեղինակը ոչ թե հանրակրթական դպրոցի աշակերտ է, փորձված նկարիչ։
Սպասելի էր, որ աշակերտական գրական խմբակի և պատի թերթի եռանդուն մասնակիցներ Արամ և Հովհաննես Ղանալանյան եղբայրները ապագայում կընտրեն գրականության բնագավառը։ Գրում էին, ելույթներ ունենում, սրան-նրան քննադատում։ Չար, երբեմն կռվարար ու ավելի հաճախ հաշտարար Սարո Սարգսյանը բնագիտությանը վերաբերող բոլոր նյութերը հավաքել էր մի սենյակում և բնագիտության կաբինետ ստեղծել։ Թռչունների խրտվիլակներ էր վերանորոգում, ձկներ աճեցնում, նապաստակներ ու ճագարներ պահում ցանցապատ արկղներում։ Պատրաստի կենդանաբան։ Դպրոցն ավարտելուց հետո այդ ուղղությամբ էլ գնաց, սովորեց, ավարտեց, աշխատեց, դոկտորական պաշտպանեց։ Դարձավ Երևանում առաջին կենդանաբանական այգու կազմակերպիչն ու առաջին դիրեկտորը։ Արտավազդ Ավագյանը՝ լոռեցի մի սիրուն, գանգրահեր, առնական արտաքինով երիտասարդ, որ իրենց գյուղից Թիֆլիզ եկավ տրեխներով և տրեխներով էլ ավարտեց 72–րդ դպրոցը, երազում էր դառնալ գյուղատնտես և աշխատել հայրենի գյուղում, բայց դարձավ Գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։ Վարդան Տիգրայանը, դասերը թողած, աշակերտական նվագախումբ էր կազմակերպել ու համերգներ էր տալիս, մանկական օպերաներ գրում և աշակերտների ուժերով բեմադրում դպրոցներում, վերջն էլ, Լենինգրադի կոնսերվատորիան ավարտելուց հետո, պրոֆեսիոնալ երաժիշտ դարձավ, հանրապետության վաստակավոր գործիչ։ Գիտեինք, որ Ռոբերտ Վարդազարյանը ժուռնալիստ է և քննադատ, իսկ Միհրան Լիսիցյանը ճարտարապետ պետք է կարգվի (այժմ նա Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտի պրոֆեսոր է)։ Հետաքրքիր հակումներ ուներ Սաշիկ Մանուկյանը, որ աշակերտներին հավաքում էր գլխին, կինոսցենարներ հորինում տեղնուտեղը ու պատմում։ Հաճախ բերում էր 200— 300 էջանոց ձեռագրեր (վեպեր, անվերջանալի պատմվածքներ) ու կարդո՜ւմ, կարդում։ Այնպես էր հափշտակվում, որ չէր նկատում, թե ինչպես ձանձրացած ընկերները, իրեն թողած, գնում էին խաղերին մասնակցելու։ Սաշիկն այժմ թատերագիր ու վիպասան Ալեքսանդր Արաքսմանյանն է.
Իսկ Ռաֆո՞ն… Նույն տարիներին ոչնչով առանձնապես չէր տարվում։ Դպրոցն ավարտելուց հետո հանկարծ իմացանք, որ ընդունվել է երկաթուղային տեխնիկում։ Պրովոդնի՞կ էր ուզում դառնալ, թե կայարանապետ։ Արի ու տես, որ դա մի երջանիկ պատահականություն եղավ մեր ճարտարապետության համար։ Ինչպես ինքն է ինձ պատմել մի առիթով, տեխնիկումի առաջին կուրսը ավարտելուց հետո, երթևեկելու ձրի տոմս ստանալու շնորհիվ, Ռաֆոն իր ընկերոջ հետ որոշում է ճանապարհորդել Թիֆլիս—Մոսկվա–Հեռավոր արևելք երթուղիով։ Մոսկվայում շրջելիս ընկնում են ինչ-որ ցուցահանդես (երևի նորակառույցների) Ռաֆոն ընկերոջն ասում է, թե «…էս ի՜նչ լավ բաներ են, ես էլ դենը Գնացողը չեմ, վեըադաոնրոմ եմ տու ու էստեսածս գործով գբաղվեմ…»։ Այդպես էլ վարվում է։ Մոսկվան նրան կողմնորոշեց, անսպասելիորեն ուղղություն տվեց, և մի քանի տարի անց, պատվարը ճեղքած ջրի նման , դուրս հորդեց նրա ստեղծարար տաղադը, հոսեց տասնյակ տարիներ, նորանոր գործեր կերտեց ու հոսանքի ուժը երբեք չբարակեց։
1928-ին Ռաֆոն ընդունվում է Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիան, ուր սովորում է երկու տարի և ապա, լցված ճարտարապետության սիրով ու խանդով, մեկնում է Լենինգրադ և ընդունվում կոմունալ շինարարության ինժեներների ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը և ավարտում 1932-ին։
Նույն տարին ես սովորում էի Լենինգրադի արդյունաբերական շինարարության ինժեներների ինստիտուտում և չգիտեի, որ Ռաֆոն գտնվում է Լենինգրադում, իսկ երբ փոխադրվեցի այդ ինստիտուտի 3-րդ կուրսը, նա արդեն ավարտել էր։
Հարկ է նշել, որ 1933-ին Գեղարվեստի ակադեմիայում նորից վերաբացվել էր ճարտարապետության ֆակուլտետը և նրա բոլոր՝ առաջինից մինչև դիպլոմային կուրսերի համար ընդունելություն էր հայտարարված։ Մեր ինստիտուտից էլ շատերը տեղափոխվեցին ակադեմիա՝ մեկ տարի ցածր նստելու պայմանը ընդունելով։ Այսպիսով որոշ կապ հաստատվեց մեր և ակադեմիայի սաների միջև։ Մի օր էլ, մեր կուրսից ակադեմիա տեղափոխված Պատրիկեևը (անունը չեմ հիշում) եկավ թե՝ գնանք ակադեմիա առաջին շրջանավարտների դիպլոմային նախագծերի ցուցահանդեսը դիտենք։ Ասաց նաև, որ նախագծերից մեկի քննարկման ժամանակ պրոֆեսորները գժտվել են։ Ոմանք հաստատել են, թե դա տաղանդավոր գործ է, մյուսներն էլ թե՝ «եռունդա »: Թողեցինք մեր աշխատասեղաններն ու սլացանք դեպի Վասիլևյան կղզի՝ ակադեմիա։ Մտանք նրա գեղեցիկ ու շքեղ նախասրահը և ապա անցնելով կամարակապ նեղ ու խորհրդավոր միջանցքներով, ստեղծագործական դասարանների կողքով, բարձրացանք այսպես կոչված «Циркульный зал» (շրջանաձև դահլիճ), ոըտեղ բացված էր ցուցահանդեսը։ Հերթով նայում էի նախագծերը, որոնց մեջ թափով կատարված հետաքրքիր գործեր կային։ Նախագծերից մեկի առաջ մեխված մնացի։ Դրա անունն էը «Речной вокзал» (գետափնյա նավակայան)։ Ուշադրությունս գրավեցին գույները՝ վառ-արևային նարնջագույն, զմրուխտ կանաչ, հրապուրիչ ալ կարմիր։ Ինձ շշմեցբեց այն, որ երկու-երեք մետը երկարություն ունեցող նախագծի տակ, ողջ երկարությամբ, գրված էին հարազատ տառեր, հայերեն խոշոր մակագբություններ, սև տուշով լցված։ Դրանցից երկուսն հիշում եմ՝ «Ջան Հայաստան, ջան ջրերիդ, ջան սարերիդ», «Ջան Ղարաբաղ…» և այլն։ Ինձ շատ հուզեցին այն անզուսպ կարոտն ու սերը, որոնցով համակված գրել էր հեղինակն այղ սրտառուչ տողերը։ Ստորագրված էր Ռաֆո։ Տեսնես հայրենիքի սիրո ինչպիսի՜ պոռթկում է համակել նորավարտ հեղինակին և ի՜նչ արիություն է ներշնչել նրան պաշտոնական դիպլոմային նախագիծն այսպես «անպաշտոն» մակագրություններով զարդարելու համար։ Պրոֆեսորների վեճի պատճառը հասկանալի էը։ Խորին հարգանքով լցվեցի այն պրոֆեսորների նկատմամբ, որոնք պաշտպանել էին այդ նախագիծը։ Այն ժամանակ չէի համարձակվի մոտենալ, սեղմել նրանց ձեռքերը և ասել՝ «Ազնի՚վ մարդիկ», իսկ հիմա էլ չկան, որ գնամ ու ասեմ՝ «Չեք սխալվել»։
Ի վեքջո, Ռաֆոյի նախագիծն ընդունվել էր բարձր գնահատականով, և նա արժանացել էր ասպիրանտուրա ընդունվելու իրավունքին։
Այդ օրը Ռաֆոյին տեսնել չկարողացա, բայց մի քանի օրից դարձյալ եկա և գտա։ Եթե այդ տարիներին ակադեմիայի ճարտարապետության ֆակուլտետում Ռաֆոն թերևս միակ հայ ուսանողն էր, ապա մյուս ֆակուլտետներում հայեր շատ կային՝ Կարո Մինասյանը, Թորգոմ Չորեքչյանը, Մարիամ և Երանուհի Ասլամազյանները, Արմեն Չիլինգարյանը, Ցոլակ Ազիզյանը, Ռաբկեն Քոլոզյանը, Աշոտ Միզոյանը, Կորյուն Սիմոնյանը, Վանիկ Կարապետյանը և ուրիշներ։ Ոմանց հետ թեթևակի ծանոթություն ունեի և չեմ հիշում ում միջոցով իմացա Ռաֆոյի հանրակացարանի տեղը։ Դա հենց ակադեմիայի կենտրոնական շենքի թևերից մեկում էր։ Ներս մտա ցույց տրված դռնով, մի քանի աստիճան իջա մի բավական ընդարձակ, խաչաձևող թաղերով ծածկված դահլիճ։ Այստեղ բավականին անկանոն շարքերով դրված էին հիվանդանոց հիշեցնող մետաղե անշուք մահճակալներ։ Դրանցից մեկի վրա, գլուխն ուսերի մեջ խրած և արմունկներով ծնկներին հենված մի մարդ էր նստած։ Իմ ոտնաձայնից գլուխն իսկույն բարձրացրեց։ Ռաֆոն էր։ Գուցե ինձ չմտաբերեց, բայց ես նրան ճանաչեցի և որովհետև հայերեն ողջունեցի՝ իսկույն տեղից վեր թռավ և լայն ժպիտով բարևս առավ ու բարև տվեց, հրավիրեց նստել մահճակալի եզրին՝ շարունակելով ժպտալ։ Աչքերն առկայծում էին, անչափ ուրախ էր երևում։ Երբ նստեցինք՝ իսկույն խոսքը ինքն առավ։ Տարված էր Հայաստանով, նրա հին ճարտարապետությամբ և նոր շինարարությամբ, դյութված էր Թամանյանով ու նրա գործերով։ Ասում էր՝ չեմ համբերում, ե՜րբ պետք է ավարտեմ ասպիրանտուրան, գուցե և կիսատ թողնեմ գնամ Հայաստան։
Քիչ խոսեց, բայց շատ զգացմունքներ արտահայտեց, խոսքն էլ առաջվա նման թիֆլիսյան առուգանությունն էր հիշեցնում։ Նկատեցի, որ չի բաժանվել կովկասյան բարակ կաշեգոտուց։ Խոսեցինք իր դիպլոմային նախագծի մասին, հայտնեցի իմ և ընկերներիս հիացմունքը։ Լուռ, խորհրդավոր ժպտաց, կարծես ուզում էր ասել, թե «Դա դեռ հեչ, սկիզբն է, իսկական գործեր կարելի է տալ միայն հետո՛, տեղում, Հայաստանո՜ւմ…»։
ճաշի ժամ էր, իջանք ուսանողական ճաշարան։ Հանդիպեցինք հայրենակիցների։ Տղաներն իրավունք ստացան ինձ առանց քարտի հյուրասիրելու համար։ Պարենամթերքի ծանր տարիներ էին. ճաշից հետո նորից գնացինք սենյակը, մի քանի գլանակ ծխեցինք, նորից զրուցեցինք։ Թեպետ դեռ երեկոյան 4-ն էր, բայց օրն արդեն մթնել էր, հրաժեշտ տվեցինք միմյանց և պայմանավորվեցինք հաճախ հանդիպել։ Բայց դասեր, քննություններ, նախագծեր հոգսեր թույլ չէին տալիս։
* * *
1939-ի օգոստոսն էր։ Ռաֆոն հաստատվել էր Երևանում։ Ես դեռ Թբիլիսիումն էի, ծնողներիս մոտ։ Մի քանի օրով եկել էի Երևան՝ տեղափոխվելու պայմաններ ստեղծելու նպատակով (աշխատանք, բնակարան)։
Կիրակի օր էր, ճաշի ժամ։ Անսպասելիորեն փողոցում հանդիպեցի Ռաֆոյին. թղթապանակը թևի տակ, ներկեր ու մատիտներ ձեռքն առած շտապ–շտապ գնում էր։ Ինձ տեսնելով՝ մեխվեց տեղում։ Գրկեցի (նրա ձեռքերը զբաղված էին), համբուրվեցինք և մեր միջև ծայր առավ այնպիսի մի ոգևորված խոսակցություն, կարծես երեկ էինք կիսատ թողել մեր զրույցը։
Երբ տեղափոխվեցի Երևան (1940 թ., մարտ), երբեմն հանդիպում էինք։ Մի անգամ էլ թե՝ «…Այ մարդ, մի օր պետք է գա՞ս իմ տունը, թե չէ։ Վարդանին վերցրու արի»։ Խոսք տվի։ Գնացի մենակ (Վարդանը դեռ Լենինգրադում էր)։ Ռաֆոն սկսել էր իր տան կառուցումը սեփական նախագծով։ Տանից գլուխ չհանեցի, ամեն ինչ կիսատ֊պռատ, ցաք ու ցրիվ էր։ Երբ հայտնեցի իմ տպավորությունը՝ նշանակություն չտվեց, ասելով, թե մինչև մյուս հանդիպումը ամեն ինչ իր տեղում կլինի։ Մտանք մի ծածկի տակ, որ հիմնական սենյակն էր։ Մեզ դիմավորեց կինն ու երեխաների առաջին շարանը։ Նստեցինք ապագա բաց պատշգամբի տեղում։ Սոֆիկը մեզ հյուրասիրեց մրգով, գինիով։ Նկատեցի, որ շատ են սիրում խեցեղեն ամաններ։ Գինին, որ կավե կուժով էր, հա՛, բայց ափսեներն ինչո՞ւ էին կավից։ Ասաց, թե մեր նախնիներն այդպես են ապրել՝ կավ և արծաթ, արծաթն էլ մյուս հանդիպմանը կունենա։
Խոսում էինք իմ ապագա աշխատանքների մասին։ Տեսել էր աոաջին նախագիծս և չէր հավանել (Սամվել Սաֆարյանի հետ արևմտյան դասական ոճով նախագծել էինք համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքր Աբովյան փողոցի վերին մասում)։ Այն ժամանակ վիրավորվեցի քննադատությունից, բայց հետո շատ շուտ հասկացա, որ նրա կարծիքը ճիշտ էր։ Զրույցի և վեճի ընթացքում նստած էինք սեղանի մոտ։ Ռաֆոն իր ձախ կողմում գրելու հասարակ թղթեր էր դրել։ Առնում էր թղթերից մեկը, դնում առաջն ու սովորական կամ մոմամատիտով դանդաղ ու անսխալ զարդաքանդակներ, ոճավորված եղնիկներ, թռչուններ կամ ինչ֊որ ճարտարապետական մանրամասներ էր նկարում։ Ձեռքն այնպես սահուն ու հաստատ էր շարժում, կարծես ոչ թե ինքը, այլ մի աներևույթ ուժ էր ուղղություն տալիս ձեռքին։ Մի թերթ նկարազարդելուց, լցնելուց հետո, վերցնում էր մի ուրիշը, ու մեր զրույցի ընթացքում այդպես մի 5—6 թերթ ավարտեց։
* * *
1950 թ. նոյեմբերի 29-ին, Հայաստանում սովետական կարգեր հաստատվելու օրը բացվեց Հաղթանակի հուշարձանը։ Մի հսկա բազմություն էր հավաքվել պողոտայում, լցրել նրա ողջ լայնությունը։ Այստեղից ևս, թեպետ շատ էր հեռու, կարելի էր տեսնել բացման արարողությունը։ Այդ օրվանից սկսած մի քանի շաբաթ Ռաֆոյենց տան դուռը չէր փակվում, բազմաթիվ ընկերներ ու ծանոթներ զալիս էին շնորհավորելու հեղինակին։
Դեկտեմբերի սկզբին ես ու իմ արվեստանոցի աշխատակիցները նույնպես որոշեցինք գնալ շնորհավորելու Ռաֆոյին։ Մառախլապատ երեկո էր։ Ձյունախառն անձրև էր զալիս։ Դուռը բացեց ինքը՝ Ռաֆոն, լայն ժպտաց։ Աչքերի մեջ կարդացի զսպված հպարտություն, հոգեկան բավարարություն… Սուրբ զգացմունք։ Ի՜նչ լավ է, երբ տաղանդավոր արվեստագետը գոհ է իր գործից։
Մտանք սենյակ, նրանց տան առաջին հարկի մեծ սենյակը։ Համեստ սեղանը սպասում էր մեզ նման բազմաթիվ ու անակնկալ հյուրերի։ Սենյակի ազատ մասում կանգնած էր Սոֆիկը, մոտ մեկուկես տարեկան Աստղիկին գրկտծ։ Խեղճը չէր կարող ո՛չ առաջ, ո՛չ ետ շարժվել։ Հետո գլխի ընկանք։ Առաստաղից, բազմաթիվ տեղերից անձրևաջուր էր կաթում։ Հատակին և նույնիսկ սեղանի վրա տասնյակ դույլեր, թասեր ու ափսեներ էին դրված կաթիլքը հավաքելու համար։ Սենյակում ցուրտ էր, խոնավ։ Խեղճ Աստղիկի քթիկը կարմրել էր, բայց նոր դեմքեր տեսած՝ ժպտում էր գլուխը փաթաթած գլխաշորի արանքից։
Ցուրտն ու կաթոցը չխանգարեցին մեր ուրախությանը։ Ռաֆոն, աջ ձեռքով գինու գավաթը բռնած, ձախը հաճախ տանում էր դեպի անպաշտպան գլուխը՝ անձրևի կաթիլները սրբելու։ Երկար մնացինք, կարգին թրջվեցինք ու դուրս եկանք՝ տանտիրոջը ցանկանալով ստեղծագործական նոր հաջողություններ և երկրորդ հարկի շուտափույթ ավարտում։
* * *
Ռաֆո Իսրայելյանը սովետական ճարտարապետություն մուտք գործեց աղմկոտ քայլերով, իր արդեն կազմակերպված գունեղ ուղղությամբ ու վառ անհատականությամբ, իր ստեղծած արժեքներով նոր հպարտություն ու նոր գույն հաղորդեց մեր ճարտարապետությանը։
Շատ կառուցեց, մեծ ու փոքր ձևերով, և նրա փոքր ձևերն էլ էությամբ մեծ են ու մնայուն։ Իր հորինվածքները սնեց ժողովրդի ստեղծագործությամբ և վերադարձրեց նրան իր տաղանդով շաղախված։ Ինչ որ կառուցեց՝ դարձավ համաժողովրդական ուշադրության վայր։ Երբ շրջում ես մեր բազմադարյան հայրենիքը՝ ամենուրեք հանդիպում ես Ռաֆոյին, նրա գործերին, բոլորն էլ հին ու նորագույն միաժամանակ, բոլորն էլ հարազատ, մայր հողին ձուլված։