Ռաֆայել Իսրայելյան
  • Գլխավոր
  • ONLINE թանգարան
  • Նորություններ
  • Կենսագրություն
    • Լուսանկարներ
  • Աշխատանքներ
    • Հասարակական
    • Արդյունաբերական
    • Բնակելի
    • Ճարտ փոքր ձևեր
    • Հրապարակումներ
    • Գրաֆիկական
  • Հոդվածներ
  • Հուշեր
  • Տեսանյութեր
  • Մենք
    • Կապ
2020

ԱՐԾՎԻ ՄՈՏԻՎԸ ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ԱՐԾՎԻ ՄՈՏԻՎԸ ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
2020

Հեղինակ Արամ Ղանալանյան

Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ են գրավում դեկորատիվ արվեստի տարրերը: Դրանք բոլորն իմաստավորված են և գալիս են հայկական մշակույթի հնագույն ավանդույթներից` հիմնականում կապվելով հնագույն պաշտամունքների և ժողովրդական հավատալիքների հետ: Սա պատահական չէ, քանի որ նա մշտապես ուսումնասիրել է ժողովրդական բանահյուսությունը, հնագիտությունը, միջնադարյան գրականությունն ու արվեստը: Այսպիսով` Իսրայելյանը իր աշխատանքներում հաճախ է օգտագործել բուսական, կենդանական զարդամոտիվներ և առասպելական էակներ: Սրա փայլուն օրինակներից են վիշապները, դիցաբանական հերոսները (Վահագն Վիշապաքաղ) և այլն: Թերևս նրա ստեղծագործություններում ամենից հաճախ հանդիպում է արծվի մոտիվը:

Հնագույն ժամանակներից ի վեր ինչպես հայերն այնպես էլ բազմաթիվ այլ ժողովուրդներ արծվին խորհրդանշական տարբեր իմաստներ են տվել: Նրան վերագրվել են  հզորության, կրակի և անմահության գաղափարները: Արծիվը համարվել է աստվածների պատգամաբեր և աստվածության վերափոխված կերպար: Միջագետքում արծիվը համարվել է ռազմի աստծո` Նունուրտի խորհրդանիշը, Հունաստանում` Զեվսի, Հռոմում` Յուպիտերի և այլն[[1]]:  Հայոց հավատալիքներում արծիվը հանդիսանում է նաև մարդկանց հովանավորը, ինչպես Սանասարին կամ նրա եղբորը հովանի անող արծիվը: Ի դեպ Արծիվը հանդիսանում էր հայկական նշանավոր նախարարական Արծրունյաց տոհմի նախնին: Հայկական ժողովրդական պատկերացումներում արծիվը մարդուն (հերոսին) մի աշխարհից (անդրաշխարհից) տեղափոխում է մյուսը[[2]]:

Արծվի մոտիվը Իսրայելյանի ճարտարապետական աշխատանքներում տարբեր ձևերով է արտահայտվում` որպես hարթաքանդակ, ինքնուրույն հուշարձան, դեկորի տարր: Վերջինի լավագույն օրինակներից են Էջմիածնի Մայր տաճարի Ավագ սեղանի եռամաս պատվանդանի անկյունների երկու արծիվների բարձրաքանդակները: Ինչպես նշում է ճարտարտարապետ Վարազդատ Հարութոյւնյանը. «Էջմիածնի ավագ խորանի նոր, երկաթ – բետոնե հատակը կառուցելուն զուգընթաց Վեհափառ Հայրապետի պատվերով ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը մշակում է Ավագ սեղանի նախագիծը: Ներկայացված բազմաթիվ էսքիզներից հավանության արժանացածը, ըստ հեղինակի մտահաղացման, եռամաս է` բաղկացած պատվանդանից, բուն սեղանից և ուղղաձիգ վերնամասից: Հատակագծում մոտավորապես սեղանակերպ, պատվանդանի արևմտահայաց ճակատի միջին մասը մշակված է կամարակերտ 13 դեկորատիվ խորշերով, իսկ անկյունները թևերը խոնարհած արծիվների բարձրաքանդակներով»[[3]]: Քանդակները իրականացրել է Կարապետ Մեծատուրյանը:

            Թվարկելով արծվի մոտիվներով ստեղծագործություններն ըստ տարեթվերի, ներկայացնենք ճարտարապետական կառույցները և դեկորատիվ արվեստի նմուշները:

Զվարթնոցի 7-րդ դարի տաճարը տանող ճանապարհին 1957 թ. կառուցվեց արծիվ ուղենիշ – կոթողը, որը գտնվում է  Երևան- Էջմիածին մայրուղու այն հատվածում, որից ճանապարհը տանում է դեպի Զվարթնոց: Արծվի տեղադրումն այստեղ բոլորովին պատահական չէ, քանի որ արծիվներ են քանդակված Զվարթնոցի տաճարի սյուների խոյակներին: Հորինվածքը բաղկացած է քարակերտ պատվանդանից, որի վրա փորագրված է «Զվարթնոց» և նրա վրա տեղադրված մետաղակոփ արծվի ֆիգուրից: Արծվի գլխի թեքվածությունը, արծվային հայացքը, փետուրների կանոնավոր դասավորությունը, հզոր, ընդգծված ճանկերը հավելյալ արտահայտչականություն են հաղորդում առանց այդ էլ խրոխտ կերպարին: «Այստեղ Իսրայելյանը գտել է արծվի մարմնի և պատվանդանի օրգանական միասնությունը, դրանց համաչափությունների նուրբ համադրումը, որն իր պարզության մեջ նշանակալի է: Քարե նստարանի վայելչագեղ կորացող գիծն ավարտուն տեսք է տալիս ողջ հորինվածքին… Իսրայելյանի արծիվը համեմատելի է Զվարթնոցի տաճարի խոյակների արծիվներին, որոնց համահունչ է իր գաղափարա-կերպարային իմաստով»[[4]]: Այժմ նստարանը, դժբախտաբար, քանդված է և հուշարձանի ամբողջությունը, փաստորեն, խաթարված` կարոտ վերանորոգման:

1960 թվականին կառուցվեց Երևան քաղաքի հարավային մուտքը` «Արծիվ շինարար» կոչվող կոթողը: Օդանավակայանից դեպի քաղաք եկողների առջև բացվում է այս յուրահատուկ հորինվածքով հուշարձանը: Երեք մեծ, զուգահեռ դասավորված, հատված գագաթներով (Ա. Ղ.) եռանկյուն ուրվագծերով և կամարներով մույթերը միացած են արծվի բրոնզե պատկերաքանդակով: Արծիվն այստեղ մարմնավորում է հայերի շինարար ոգին[[5]]: Թևատարած արծիվը բռնել է որմնադիրի մուրճ և ուղղալար: Իզուր չէ, որ Երևանի ճարտարապոտության և շինարարության համալսարանի զինանշանին ևս պատկերված է արծիվ:

1965 թ., երբ ամբողջ աշխարհում նշվում էր Մեծ եղեռնի 50-ամյակը, 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու նպատակով կառուցվեց Նահատակաց հուշարձանը Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի բակում: Սա բազալտե ասիմետրիկ դասավորությամբ խաչքարերից կազմված հորինվածք ունի և, ինչպես ընդունված է եղել հնում, խաչքարերն ուղղված են դեպի արևմուտք: Խաչքարերով հուշարձանը եզրափակվում է ահեղ արծվի կերպարով` կոչված  խորհրդանշելու ազգային խոր վշտից վեր հառնող ազգային ոգու անպարտելիությունը: Հուշարձանի հարավային պատին փորագրված է. «Խաչքար աղօթքի եւ ուխտի, ի յիշատակ 1915 թուի ապրիլեան Եղեռնի հայ նահատակների, կառուցված 1965 թուին» արձանագրությունը, իսկ հյուսիսային ճակատին` «Վան, Մուսա Լեռ, Զեյթուն, Եդեսիա, Հաճըն, Մարաշ, Շապին Գարահիսար, Սարդարապատ, Սասուն» մակագրությունը` նուիրուած վերոյիշեալ վայրերում տեղի ունեցած հերոսամարտերի յիշատակին[[6]]:

Հավերժությունը խորհրդանշող վարդակով զարդարված հպարտ կեցվածքով արծվի քանդակ ունի Երևան քաղաքի Նուբարաշենի և Գաջագործների 1-ին փողոցների հատման կետում կառուցված աղբյուր-հուշարձանը` նույնպես նվիրված 1915 թվականի Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

1968 թ. լրացավ Հայ ժողովրդի Հայրենական պատերազմի 50-ամյակը: Սարդարապատի հերոսական ճակատամարտը հավերժացնելու նպատակով կառուցվեց հուշահամալիր: Վճռական ճակատամարտի տարածքում կառուցվեց հերոսամարտին նվիրված ճարտարապետական համալիրը` կազմված տարբեր հուշակոթողներից (ցուլեր, զանգակատուն, կոր պատ) և շինություններից (սեղանատուն, թանգարան): Համալրի հորինվածքում կարևորագույն դեր է զբաղեցնում Արծիվների ռիթմիկ դասավորված քանդակներով ճանապարհը: Նրա աջ կոմում, ինչպես նշում է ինքը` հեղինակը, հաղթանակի տենդը, հզորությունը մարմնավորելու նպատակով կանգնեցրել է արծիվներ, որոնք հաղթանակը բերող ռազմիկներն են, նրանց ոգիները` դարձած դեպի ժողովուրդը, ցույց տալով, որ իրենք կան, ժողովրդի մեջ են և ժողովրդի հետ[[7]]: Սարդարապատի հուշահամալիրի մուտքի էսքիզներում ցուլերի փոխարեն կան արծիվներով տարբերակներ, որտեղ ի դեպ, զանգակատան փոխարեն հորինվածքի հիմնական առանցքն էր կազմում հսկայական թուրը` ազգի պաշտպանության խորհրդանիշը: Կենդանիների կրկնվող քանդակների գաղափարը մեզ հանդիպում է դեռևս հին Եգիպտոսում, բայց ի տարբերություն եգիպտական անալոգին, Սարդարապատի «Արծիվների ծառուղին» իր ռիթմիկ համաչափություններով ստեղծում է վստահության և հզորության զգացողություն: Իսկ եգիպտական հուշարձաններում նպատակն է ազդել մարդու վրա իր ահռելի, ճնշող ծավալներով: «Արծիվների շարքն ավարտվում է մեծ հրապարակով: Ապա կանգնած է կիսակոր 7 մետր բարձրություն ունեցող, 55 երկարությամբ պարսպաձև պատ, որի վրա քանդակված են հաղթանակը արտահայտող ձիեր» և այլ պատկերներ, իսկ պատի կենտրոնում` կամարի վերնամասում արծվի բարձրաքանդակն է` մեջքին արև: Արծիվ է քանդակված Ազգագրության թանգարանի կենտրոնական սրահի կամարի մեջտեղում (1978 թ.), ինչպես նաև գլխավոր մուտքի վերնամասում, որը կարծես զինանշան լինի` կենտրոնում ջահով և երկու կողմերից` թրերով:

1920թ. Կիլիկիայի Հաճն քաղաքի հերոսական ինքնապաշտպանությանը նվիրված տուֆակերտ հուշարձանը` կառուցված 1974 թվականին Կոտայքի մարզի Նոր Հաճըն ավանում, ունի բարդ ծավալատարածական և զարդաքանդակային լուծում: Այստեղ համադրված են բազմաթիվ սիմվոլներ` ակնհայտ է հորինվածքում բերդապարիսպի մոտիվը որը խորհրդանշում է Կիլիկիայի բերդաքաղաք Հաճընը, հորինվածքում առկա են նաև խաղող, արևի սիմվոլը կրող զարդաքանդակ, վեր հառնած խաղողի ոստ, որը պատսպարվում է արծվի թևի տակ: Այս ամենը ինչպես և գրված է հուշարձանի վրա կրում է «Հաճընի հերոսական ինքնապաշտպանության և Նոր Հաճընի Մայր Հողի վրա վերածննդի» հայրենասիրական իմաստը:

1915 թվականին Մուսա լեռում տեղի ունեցած հերոսամարտին նվիրված հուշարձանը-թանգարանի կառուցումն ավարտվել է 1976 թվականին: Այս հուշարձանի ողջ հորինվածքն ամբողջապես հսկայածավալ տուֆակերտ արծիվ: Արտակարգ ներդաշնակ և բնական է կառույցի տեղադրումը բարձունքի վրա, որը ժայռին բազմած արծվի տպավորություն է թողնում մի կողմից նայելով Արարատին, մյուս կողմից` Արագած լեռանը:

Հայ ժողովրդի պատմության կարևորագույն դրվագներից երեքին` 1915 թ., 1918 թ., 1945թ. նվիրված հուշարձանը բաղկացած երեք հիմնական մասից ունի մի քանի խորհրդանշական դեկորատիվ տարրեր, որոնցից կենտրոնականը` նվիրված Բաշ-Ապարանի 1918 թվականի հերոսամարտին ունի արծվի բարձրաքանդակ, որը կրկին խորհրդանշում է հայ ժողովրդի կամքն ու ոգու ուժը: Հուշարձանը կառուցվել է հեղինակի մահվանից հետո` 1979 թվականին: Այն իրականացրել է Վարպետի որդին` ճարտարապետ Արեգ Իսրայելյանը:

Արծվի զարդամոտիվի տարբեր ոճավորումներով Իսրայելյանն իմաստավորել է ճարտարապետական մոնումենտալ շինությունների և հուշակոթողների բուն էությունը:

[1] 1 Мифы народов мира, Моссква, 1982г, с. 258

[2] Ս. Հարությունյան, Հայ առասպելաբանություն, Բեյրթութ, 2001, էջ 180-181

[3] Վ. Յարութիւնեան, Եկայք շինեսցուք, Էջմիածին, էջ 27

[4] Л. М. Бабаян, Ю. С. Яралов, Рафаел Исраелян, Москва, 1986, с. 125

[5] Լ. Դոլուխանյան, Ռաֆայել Իսրայելյան, Երևան, 2008, էջ 105

[6] Վ. Յարութիւնեան, Նշվ. աշխ., էջ 37

[7] Ռաֆայել Իսրայելյան, հոդվածներ, ուսումնասիրություններ, ակնարկներ, Երևան, 1982, էջ 171

Նախորդ նյութՀԱՐԹԱՔԱՆԴԱԿԸ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄՀաջորդ նյութ Узнавая Исраеляна

Վերջին ավելացումներ

Նոր ցուցադրություն Հայաստանի գինու պատմության թանգարանում. Գինին՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի արվեստում2022
«Заболеть» Арменией, выставка «Родники-памятники»2021
Մայր տաճարի Ավագ սեղանի էսքիզները2021

Կատեգորիաներ

  • արդյունաբերական
  • բնակելի
  • Գրաֆիկական
  • Գրքեր
  • հասարակական
  • հոդվածներ
  • հուշեր
  • հրապարակումներ
  • ՃՁՓ
  • Նորություններ
  • տեսանյութեր

Որոնման ուղորդիչներ

qarnujury իսրայելյանիերևան

© Բոլոր իրավունքները պաշտպանված են 2008-2020 թ:
Կայքից նյութերը հրապարակելու համար պարտադիր է հղումը կայքին:

Կայքի հեղինակ` Արամ Ղանալանյան

Մենք FB-ում

https://www.facebook.com/Rafael-Israelyan-377635880880/