Համատեղ այցելություն Հաղթանակի հուշարձանին
1949-ի գարնան մի օր, առավոտյան աշխատանքի գնալիս, օպերայի շենքից մի փոքր ներքև գտնվող տրամվայի կանգառում հանդիպեցի Իսրայելյանին։ Ասաց, որ ինքը միշտ առավոտները տանից գալիս է այս կանգառը` տրամվայով բարձրանում մինչև Աբովյանի պուրակը, իսկ այնտեղից ոտքով գնում Հաղթանակի հուշարձանի շինարարության վայրը։
Խնդրեցի ընկերոջս, որ նա մի օր ինձ տանի հուշարձանի վայրը և մոտիկից ծանոթացնի իր գործի հետ։ Պայմանավորվեցինք, հաջորդ իսկ օրը նույն ժամին լինել նույն տեղում, որպեսզի միասին գնանք «վերև»։ Երբ մյուսը օրը հասանք հուշարձանի տեղը, Իսրայելյանը, շինարարներին ու բանվորներին ջերմ «բարի աջողո’ւմ» ասելուց հետո, սկսեց հարց ու փորձ անել նրանց աշխատանքի ընթացքի մասին և ցուցումներ տալ օրվա անելիքնեի վերաբերյալ։
Գործն ավարտելով, Իսրայելյանը ցույց տվեց Հաղթանակի հուշարձանի պատվանդանի ներսն ու դուրսը` հանգամանորեն բացատրելով իր նախագծի էությունն ու մանրամասները։ Ասաց, որ հուշարձանի պատվանդանն ընդգրկում է մեծ տարածություն, ուր տեղավորված են Հայրենական պատերազմին նվիրված ապագա թանգարանի դահլիճները։ Հատուկ ընդգծեց, որ ինքն իր գործը ստեղծել է մեր ազգային ճարտարապետության լավագույն հուշարձանները` կենտրոնավոր կառույցները հիմք ընդունելով։ Միաժամանակ շտապեց ավելացնել, որ այդ նախագիծն ունի ինքնուրույն նկարագիր։ Ներքին խանդավառությամբ առլեցուն, պատմելու ընթացքում Իսրայելյանը հերթով մոտենում էր հաղթանակի հուշարձանի պատվանդանի դահլիճների պատերին և գրավոր մուտքի դռանը փորագրված զարդաքանդակներին, ձեռքի ափով նրբորեն շոյում իր երևակայության ուժով ծաղկած անշունչ քարերը, ինչպես ծնողը կշոյեր սիրասուն զավակների գանգուրները…
Անակնկալ այցելություն
1954-ի մայիս ամիսն էր։ Նոր էինք նստել ճաշելու, երբ հնչեց մեր դռան զանգը։ Դուքն բաց արի։ Դեմս ելան Ռաֆայել Իսրայելյանը և Վարազդատ Հարությունյանը, երկուսն էլ լավ տրամադրությամբ, զվարթ դեմքեվ։ «Հյուր չե՞ք ընդունի,- հարցրին նրանք համարյա միասին։ «Հյուրն աստծունն է»,- ասացի` ներս հրավիրելով անակնկալ հյուրերիս։ Իրար հրելով, աղմկելով նրանք ներս «խուժեցին» և բազմեցին սեղանի շուրջը։ «Լավ ժամանակին էլ եկել ենք»,- նկատեց Վարազդատը։ «Ճիշտ ես ասում,- իսկույն նրան օգնության եկավ Ռաֆոն և ավելացրեց,- բայց ո՞վ է տեսել հայի սեղանն առանց խմիչքի»։ Կինս` Այծեմնիկը, իրեն հատուկ միամտությամբ ուզեց արդարանալ, թե` «մեր տանը խմող չկա»։ «Լավ, լավ, դուք դեռ կարգին տեղավորվեք, թերությունը կվերացվի»,- ասացի ես և աչքով արի կնոջս։ Քիչ հետո սեղանին հայտնվեցին կոնյակի և գինու շշերը։ «Ա’յ տղա, էսպես միկրո ընտանիք կլինի՞,- ասաց Ռաֆոն, տանտերերի կենացը խմելիս,- եղած-չեղածը երեք հոգի եք. ա’յ ինչ եմ ասել Ռաֆոյին. Մեկ – մեկ քիչ է մնում մոռանամ երեխեքիս հաշիվը։ Անցնում էինք ձեր դռան մոտով, քեֆներս տեղն էր, Վարազդատին ասի` մտնենք, տեսնենք ինչ հալի է մեր Արամը»։
… Այսպես, խոսք ու զրույցով, կատակ – ծիծաղով, կեր ու խումով շարունակվեց մեր այդ օրվա հանդիպումը։ Մեկ էլ, դիմելով Վարազդատին, Ռաֆոն ասաց. «Հերիք գլուխ պահես, հիմի էլ երգելու ժամանակն է, Արամենց տանը կարծեմ, առիթ չի եղել հունարդ ցույց տալու…»։ Վարազդատը սկզբում մի փոքր չեմուչում արեց, ապա ասաց, թե շատ խմելուց ձայնը խզվել է։ Հետո, զիջելով սերնդակիցների և հատկապես իմ համառ խնդրանքներին, «մաքրեց կոկորդը» և ակնոցների վերևից շեղորեն նայելով իր սեղանակիցներին, միանգամից բարձր ու հնչեղ ծոր ձայնով տվեց իր հռչակավոր «Դլեյամանը»։ Ես մինչ այդ շատ էի լսել Վարազդատի այդ երգի համբավը, բայց առիթ չէի ունեցել ունկնդրելու։ Նրա կատարումը աչքի էր ընկնում ոչ միայն իր ձայնական անուրանալի տվյալների շնորհիվ։ Լինելով ծագումով Վասպուրականից, նա շատ հարազատորեն վերադատում էր հայրենի բարբառի հնչերանգը։ Մենք, ինչպես ասում են, «հայիլ-մայիլ» լսում էինք Վարազդատի ախորժալուր երգը, իսկ Ռաֆոն, քթի տակին թեթևակի դնդնալով, ձայնակցում էր ընկերոջը։
Երբ մեր ոգևորության ալիքը «իջավ», Ռաֆոն հանկարծ գրելու թուղթ խնդրեց և սկսեց վարժ շարժումներով ինչ – որ բան նկարել, առանց ընդհատելու իր գործուն մասնակցությունը մեր ընդհանուր խոսք ու զրույցին։ Շուտով նկարն արդեն պատրաստ էր և ընկերս այն մեկնեց ինձ` վրան գրված` «Մեզ բոլորիս սիրելի Արամին, 27 մյս, 54, Ռաֆո Իսրայելյան»։ Դա սովորական մեքենագրական թղթի կրկնակի ծավալ ունեցող մի էջ էր, որի վրա սև հաստ մատիտով նկարված էր հին ու նոր Հայաստանը խորհրդանշող մի պատկեր։ Առաջին գծի վրա վեր էր խոյանում Տաթևի գավազանը հիշեցնող մի սյուն, բավական լայն պատվանդանով և բազմանիստ գագաթով։ Սյան թե’ պատվանդանը և թե’ գագաթնամասը զարդարված էին հայկական ոճավոր նախշերով։ Նկարի երկրորդ գծում բարձրանում էր մի բազմահարկ տուֆակերտ շենքի առջևի պատը` պատուհանների խորշերի թեթևակի նշված ուրվագծերով մեծ մասը քառակուսի, իսկ մի քանիսն էլ կամարաձև վերնամասով։ Շենքի տանիքին, իրարից որոշ հեռավորության վրա նկարված էին երեք նախշավոր գմբեթանման բուրգեր։
Հասարակ թղթի վրա, սովորական մատիտով, գինով վիճակում կատարված այդ ճեպանկարը ես խնամքով պահում եմ ինձ համար թանկ հուշանվերների շարքում։
Իսրայելյանի հուշարձանը
Վերջերս տրամվայում հանդիպեցի Իսրայելյանի և իմ դպրոցական ընկերներից մեկին, որը վաղուց ապրում ու աշխատում է Երևանում։ Ինձ տեսնելով, նա ասաց. «Անցյալ օրը գերեզմանոց էի գնացել, պարտքս համարեցի այցելել Ռաֆոյի շիրիմին. շատ զարմացա ու տխրեցի»։«Ինչի՞ համար»,- հարցրի։ «Էսպես էլ բան կլինի. զանազան արժեմ – չարժեմների գերեզմաններին մեկը մյուսից շքեղ հուշարձաններ են կանգնեցված, իսկ այն մարդու շիրիմին, որի գործերով զարդարված է մեր հանրապետության ողջ տարածքը, մի կարգին հուշարձան չկա»։ «Սիրելիս,- ասացի ես,- միթե չգիտես, որ մեր թանկագին ընկերը, ինչպես կյանքում, այնպես էլ ստեղծագործության մեջ, շքեղության երդվյալ հակառակորդ էր։ Նրա գեղագիտական դավանանքը «պարզության գեղեցկությունն» էր։ Դրա համար էլ նրա շիրիմին դրված է մեզանում դարեր շարունակ ընդուված ավանդական պարզ տապանաքարը։ Այդպիսի զուսպ տապանաքարեր են դրված անցյալի մեր բոլոր մեծերի շիրիմներին… Կարևորն այն է, որ Իսրայելյանը, իր կենդանության իսկ օրոք, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի ուրիշ վայրերում, իր համար ստեղծել է ո’չ թե մեկ, այլ բազմաթիվ աննման հուշարձաններ։ Մի՞թե Սարդարապատի հուշակառույցը, Չարենցի կամարը Գառնիի ճանապարհին, Էջմիածնի տաճարի բակում կանգնեցված Ապրիլյան եղեռնի կոթողը, «Արարատ» գործարանի հռչակավոր մառանները, նրա աղբյուր – հուշարձանները և էլի շատ ուրիշ կոթողներ ու կառույցներ, այն ձեռագործ հուշարձանները չեն, որ դարերի մեջ, մեր ժողովրդի հոգու խորքում անմահ են պահելու իրենց ստեղծողի հիշատակը…