Հայրիկիս հետ
Գրել հիշողություն հարազատ հոր մասին, որի հետ նախ տարերայնորեն ու բնազդով, հետո նաև գիտակցաբար ու բոլոր նյարդներով կապված ես եղել մինչև վերջ ու անմնացորդ, որի կորուստը չես ընդունում ու պատկերացնում անգամ տարիներ հետո, հայր, որ իր հետ տարավ անսպառ մտքեր ու գաղափարներ, որը մինչև կյանքի վերջին օրը մատիտները բարձի տակ էր պահում և աշխատում էր իր մեջ մի փոքր ուժ գտնելուն պես, հայր, որ հիվանդության ծանր պահին անգամ հարազատ որդուն քաշվելով էր դիմում որևէ բան գծելու կամ նկարելու համար` իմանալով, որ նա պատրաստ է ամեն ինչի,- շա’տ է դժվար…
Հայրս իմ մեջ տպավորվել է իր սիրած արծիվների պես` հզոր կրծքով, հեռուները նայող հայացքով, կենսունակ ու կենսուրախ, ուժեղ մարմնով ու հոգով։
Հայրիկիս զգացել ու ընկալել եմ շատ փոքր հասակից։ Գուցե և բնազդաբար, բայց վաղ հասակից զգացել եմ նրա արվեստի ուժը։ Եվ դա մտել է իմ գիտակցության մեջ, ներծծվել արյանս մեջ։ Ինձ համար նա միշտ եղել է իմ գիտակցության մեջ, ներծծվել արյանս մեջ։ Ինձ համար նա միշտ եղել է առաջին հերթին մեծ արվեստագետ ու քաղաքացի, ուսուցիչ, հետո միայն հայր։
Առաջին հայացքից կարելի էր կարծել, թե նա մեր դաստիարակությամբ չի զբաղվել։ Եթե մի քիչ չափազանցնեմ` չի իմացել մեր դպրոցի տեղն անգամ։ Չի իմացել, թե ինչպես ենք ընդունվել ու ավարտել բարձրագույն ուսումնական հաստատությունները։ Սակայն դա ոչ թե անտարբերություն էր, այլ ինքնուրույնության, ինքնորոշման սովորեցնելու միջոց։ Նա մեզ դաստիարակել է իր իսկ օրինակով, սովորեցրել, թե ինչպես պետք է աշխատել, լինել ազնիվ, հարգել մարդկանց, սիրել ազգը, հայրենիքը, լինել ինտերնացիոնալիստ։
Մանկուց շատ էի սիրում հորս և առանց նրա կյանքս անիմաստ էր թվում։
Փոքր էի, ինը-տաս տարեկան, բայց մինչև օրս էլ հիշողություններիցս չի ջնջվել այն, ինչ հիմա պիտի պատմեմ։
…Նստել էինք ճաշի, սեղանին գինի էլ էր դրված։ Հայրիկը կատակով, շեշտված կրքոտությամբ ձեռքն առավ գինու շիշը։ Ես առանց լավ մտածելու (հետո ինքը ստիպեց ասածիս վրա մտածել) ասացի.
-Ոնց որ Հեկլբերի Ֆիննի հայրը լինես…
Հայրիկը խիստ վիրավորվեց։ Խիստն այն խոսքը չի։ Երեք օր վրաս չէր նայում։ Ես ինձ համար տեղ չէի գտնում։ Երրորդ օրը չդիմացա, հեկեկալով մոտեցա, ներողություն խնդրեցի, խոստովանելով, որ անհաջող համեմատություն եմ արել։
Երբ գինու մառանների առաջին հերթն էին կառուցում, երեքս էլ` քույրս, եղբայրս ու ես, մանկապարտեզ էինք գնում։ Հայրիկն աշխատում էր, իսկ մենք բարձրանում էինք նրա ուսերին, գլխին, գլխից սահում, ընկնում գծագրի վրա։ Երբեք վրաներս չէր բարկանում. հակառակը, բռնում էր, մի քիչ տրորում, հունցում մեզ ու քշում ճանճերի պես։
Մի անգամ մեզ տարավ շինարարոթյան։
Ներքևում Հրազդանն էր աղմուկով հոսում, իսկ վերևում ջրանցքն էր, վրան տախտակամած` որպես կամուրջ։ Տախտակների ճեխքերից երևում էր կատաղի արագությամբ հոսող ջուրը, որ թվում էր սարսափելի։ Հետո մեզ հերթով կանգնեցրեց կառուցվող դեկորատիվ կարասների կողքին, որոնք հիմա զարդարում են Հաղթանակի կամուրջին նայող ճակատը, ու ասաց.
-Տեսեք ի~նչ մեծ կարասներ են։
Կարասներն այն ժամանակ, իրոք, հսկայական էին թվում` մեզնից շատ մեծ էին։
Հաղթանակի մոնումենտի շինարարության ժամանակ արդեն դպրոցական էինք և ամառային արձակուրդները պարզապես անց էինք կացնում Հաղթանակի այգում, «հսկելով» շինարարությունը։
Ահա այս ամենը մեզ համար եղել է «տարերային» դաստիրակություն, առանց ցուցումների ու դիտողությունների։
Ինչպե՞ս էր հայրիկը վերաբերվում ընտանիքին։ Իբրև մի սրբություն, ուր մայրը աստվածուհի է և պաշտելի ընտանիքի բոլոր անդամների կողմից։ *** Նա իր հումորը չկորցրեց մինչև կյանքի վերջը։
Հիվանդության ծանր օրերին ամենափոքր հնարավորության դեպքում իսկ գնում էր աշխատանքի։ Նախագծային ինստուտի դիրեկտոր Մարկ Գրիգորյանը դռնապահին կարգադրել էր ներս թողնել բոլորին, ովքեր գործ ունեին Իսրայելյանի հետ (օրվա առաջին կեսին մուտքը ինստիտուտ չէր թույլատրվում)։
Պահակը նոր մարդ էր և հայրիկին չէր ճանաչում։
Ահա հայրիկը գալիս է ինստիտուտ, պահակը հարցնում է, թե ում մոտ է գնում։ Հայրիկը պատասխանում է.
— Իսրայելյա’նի,- ու անարգել բարձրանում վերև։
***
Երբ ես երեխա էի, մեր տունը մեկ հարկանի էր, ուներ հարթ, հողե կտուր, որը սարսափելի կաթում էր անձրևի ժամանակ։ Նման դեպքերում մեր տան բոլոր կաթսաները դրանում էին հատակին` կաթիլքի տակ։
Այդպիսի մի օր, իր սովորության համաձայն առանց մորս զգուշացնելու, հայրիկը տուն եկավ մի խումբ ընկերների հետ։ Անսպասելի հյուրերը տեսան տան վիճակը, շարված ամանները ու անհարմար էին զգում, որ եկել են։ Հայրիկը, պարզ է, նկատեց այդ և հանգիստ ասաց.
-Ոչի’նչ, տղաներ, զոքանչս ժամանակ առ ժամանակ գույքի հաշվառում է կատարում։
***
Մի օր հայրիկը աշխատանքից տուն եկավ շատ անտրամադիր։ Դա այն ժամանակ էր, երբ աշխատում էր Սարդարապատի հուշարձանի նախագծի վրա։
Վատ տրամադրության պատճառն այն էր, որ առաջարկել էին «թուրը հանել»։ (Նախագծի նախնական տարբերակում զանգաշտարակի փոխարեն նախատեսել էր ոճավորված թուր` հուշարձան)։
Հաջորդ оրը որոշեց գնալ վերադաս ընկերներից մեկի մոտ` խորհրդի։ Նրան առաջարկել էին թուրը փոխարինել ճարտարապետական կերպարով, խորհուրդ տալով ստեղծել մի այլ վերասլաց կոմպոզիցիա, ելնելով հայ ճարտարապետության ձևաստեղծման սկզբունքներից։ Զրույցի ընթացքում խոսք էր եղել հայկական զանգաշտարակների, Աղուդիի և Օձունի 6-7 դդ. հուշակոթողների շուրջը։
Այդպեսն ծնունդ առավ կերպարն այն զանգաշտարակի, որ հիմա դեպի իրեն է ձգում հազարավոր մարդկանց։
***
Ամբողջ կյանքումս երազեցի հայրիկիս հետ աշխատել անվախ ու անկաշկանդ, բայց չարժանացա այդ բախտին։ Այնուամենայնիվ, ինչ-որ չափով ինձ վիճակվեց երկու անգամ գոնե օգնել նրան։
Նա աշխատում էր Լենինի կենտրոնական թանգարանի մրցույթային նախագծի վրա։ Ժամկետը կարճ էր, և ես ու իմ երկու ընկերները երեկոներն օգնում էինք հորս։ Գնում էինք «Հայարդնախագիծ» ինստիտուտ, կարծես գնում էինք ինչ-որ հանդեսի։ Իրոք դա ինձ համար (երևի ոչ միայն ինձ համար) իսկական հանդես էր, տոն։ Չէ՞ որ պիտի օգտակար լինեի մի մարդու, որի համար պատրաստ էի ամեն ինչից հրաժարվել, միայն թե ինչ-որ չափով պիտանի լինի իրեն։ Ահա թե ինչպիսի հաճույք էր ինձ համար նրա հետ շփվելը, զրուցելը, նրա իմաստուն ու սրամիտ խոսքը լսելը։ (Ես նույնիսկ գրի էի առնում դրանք)։
Աշխատում էինք անկաշկանդ, տոնական տրամադրությւամբ, արագ ու թեթև։ Այդ նախագծի նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր առհասարակ ու մեզ հաճախ այցելում էին ամենատարբեր մարդիկ, հետաքրքրվում նախագծի ընթացքով։ Այցելությունները, բնականաբար, ինչ-որ չափով խանգարում էին աշխատելուն, բայց հայրիկը երբեք չէր սրտնեղում։ Բացատրում էր, ցույց տալիս արածը։
Զարմանալի արագությամբ նկարում էր կառույցի բազմաթիվ հատվածներ, և աշխատանքի վերջում բոլորս բերաններս բաց նայում էինք, թե երբ հասցրեց այդքան շատ ու այդքան լավ նկարներ ու գծագրեր անել։
Միայն ես չէի, որ այդպիսի զգացմունքներ էի ունենում հայրիկի հետ աշխատելիս։
Հիշում եմ, Ստեփանը, որ իմ շատ սիրելի ընկերն է ու հեղինակը մեր սիրած գինետան (ի դեպ հայրիկը եղել է Նալբանդյան փողոցի գինետան առաջին այցելուն ու գնահատողը, ինչպես և պետք էր սպասել), թանգարանի հեռանկարն էր նախագծում։ Ավարտելուց հետո պարզվեց, որ դիտման կետը այնքան էլ հաջող չի ընտրված։ Հայրիկը կարծես մի քիչ էլ նույնիսկ անհարմար զգալով, Ստեփանեին խնդրեց մի հեռանկար էլ նախագծել։ Ստեփանը նախագծեց մի քանիսը` տարբեր կետերից ու տարբեր կրճատումներով, մինչ որ ստացվեց այն, ինչ պետք էր։
Ստեփանը, որ պաշտում էր հայրիկին, վերջապես գոհ էր ինքն իրենից ու երեխայի պես հրճվում էր (աչքերն էին մատնում), որ կարողացել է գոհացնել վարպետին։
***
Կյանքի վերջին օրերին հանկարծ որոշեց տունը վերանորոգել։ Շատ էր նյարդային դարձել։ Երբ մեր հարևանը հարցրեց, թե ի՞նչ վերանորոգման ժամանակ է, երբ իրեն հանգիստ է պետք, հայրիկը պատասխանեց.
-Սոֆիկիս համար եմ անում։
Հիվանդության ծանր օրերին չէր ընկճվում, կատակ էր անում իրեն այցելողների հետ։
Իմ հիշողության մեջ հայրս տպավորվել է որպես չափազանց շռայլ մի անհատականություն, որ պատրաստ էր ամեն ինչ տալու մերձավորին, ընկերներին, իր արվեստին ու արվեստակիցներին, իր հայրենիքին ու ժողովրդին։