Նա ճարտարապետական իր աշխարհն ուներ…
1935-ի գարնանը միանգամայն անսպասելի ինձ հայտնեցին, թե պիտի գնամ Լենինգրադ, ճարտարապետության հարցերին նվիրված ստեղծագործական կոնֆերանսի։ Հետո իմացա, որ իմ թեքնածությունը տվել էր Ալեքսանդ Թամանյանը։ Մայիսի իննին Միքայել Մազմանյանի հետ Լենինգրադում էի։ Մեզ գրկաբաց ընդունեցին և տեղ տվին լավագույն հյուրանոցում` «Աստորիայում»։
Այն ժամանակ Լենինգրադը ճարտարապետական երևելի ուժերի մի կենտրոն էր։ Այստեղ էին աշխատում Ի.Ֆորմինը, Վ.Շչուկոն, Վ.Գելֆրեյխը, Լ.Ռուդնևը և ուրիշներ, որոնք շուտով իրենց օգնականների հետ տեղափոխվեցին Մոսկվա։ Կոնֆերանսը կազմակերպել էր ՍՍՀՄ ճարտարապետների միությունը` Կարո Հալաբյանի գլխավորությամբ։
Նիստերը տեղի էին ունենում ճարտարապետների տանը, որ ժամանակին ազնվականի ապարանք էր եղել։ Փառահեղ դահլիճներում ցուցադրված էին Լենինգրադի նկարիչ-ճարտարապետների աշխատանքները` կառույցների նախագծեր, ջրաներկ էսքիզներ…
Այդ դահլիճներից մեկում լենինգրադցի հայ ճարտարապետ Արմեն Բարուտչևը Մազմանյանին և ինձ ծանոթացրեց Գեղարվեստի ակադեմիյի ճարտարապետության գծով վարպետության բարձրացման դասընթացների ուսանող Ռաֆայել Իսրայելյանի հետ։ Ընդգծված կովկասյան արտաքին ուներ Իսրայելյանը, չնայած ցրտին` սատինե սև վերնաշապիկով էր, սևարծաթ ճարմանդներով ու զարդերով հայկական գոտի կապած։ Գլուխը մաքուր սափրված էր։ Խելացի աչքեր, խոշոր, սակայն կանոնավոր քիթ, ձիգ շրթունքներ, բեղիկներ, ամեն ինչ մատնում էր իսկական հային։ Ջահել էր մեր հայրենակիցը, հազիվ 26-27 տարեկան։ Սկսեցինք զրուցել։ Պահվածքը համեստ էր։ Ցուցադրված նախագծերի մասին դատում էր բանիմացորեն և համոզված։
Լենինգրադում բովանդակալի ու հետաքրքիր ժամանակ անցկացրիք։ Էլի երկու անգամ հանդիպեցի Իսրայելյանին նույն տեղում` Ճարտարապետների տանը, և արդեն իբրև հայրենակցի, որի հետ խոսում էինք մայրենի լեզվով։
Իսկ մի տարի անց նրան տեսա Երևանում։ Եկել էր այստեղ հաստատվելու և աշխատելու։ Երիտասարդ ճարտարապետին իսկույն ընդունեցին Կոմունալ տնտեսության ժողկոմատին առընթեր ճարտարապետական երկրորդ արվեստանոց, որի ղեկավարը Գ.Քոչարն էր։ Այստեղ էին աշխատում Ս.Սաֆարյանը, Ռ.Սամարցյանը, Լ.Բաբայանը և ուիշ ճարտարապետներ, այդ թվում նաև ես։ Գ.Քոչարն ըստ արժանվույն գնահատեց Ռաֆոյի ունակությունները և շատ չանցած նրան մասնակից դարձրեց «Արարատ» տրեստի գինու մառանների նախագծման աշխատանքններին։
Երկրորդ արվեստանոցի ճարտարապետնները, առանց բացառության, ջահել, եռանդուն տղաներ էին։ Աշխատում էինք նաև երեկոները։ Իրարից «գաղտնիք» չունեինք, խորհրդակցում էինք հաճախ, և Ռաֆոն էլ իր գործն էր ցույց տալիս` մեր կարծիքը հարցնելով։Երեկոյան աշխատանքներից հետո երբեմն գնում էինք ընթերցելու ռեստորանում։ Համեղ ընթրիքը չէր խանգարում, որ շարունակեինք մտածել մեր գործի մասին, խոսել-խորհրդակցել։ Եվ, կտեսնեիր` Ռաֆոն առջևը քաշեց մի պատահած թուղթ, անձեռոցիկ կամ ծխախոտի տուփ, և սկսեց վրան ինչ-որ բան գծել` մտքերի մեջ ընկած։
1937-ի գարնանը ինձ նշանակեցին Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի տեղակալ, և ես հեռացա արվեստանոցից։ Բայց մեր կապերը չխզվեցին։ Հանդիպում էինք Պոլիտեխնիկական ինստիտուտում, ճարտարապետների միության ժողովներին, Երքաղսովետում։ Այդ տարիներին Իսրայելյանը սեփական տուն էր կառուցում։ Կառուցում էր` առանց նյութական անհրաժեշտ միջոցներ ունենալու, սեփական ձեռքերով ու քրտինքով։ Ըստ նախագծի, տունը երկհարկ պիտի լիներ, յուրաքանչյուր հարկում, կարծեմ, երեքական սենյակ։ Այն ժամանակ մեծ ջանքերով նրան հաջողվեց կառուցել ընդհամենը երկու սենյակ, ուր տեղավորվեց ընտանիքը։ Մինրդեռ վերջինս աճում էր։ Բնակելի տարածության պակասը փոխհատուցվում էր տան դիմացի այգիով, որ Ռաֆոն մշակում ու աճեցնում էր սիրով ու խնամքով։ Երբ լինում էի նրանց տանը, տեսնում էի, թե ինչ դժվարությամբ էր պահում 6-7 մարդուց բաղկացած իր ընտանիքը։ Բայց չէր տրտնջում, լավատեսությամբ էր նայում ապագային, և այստեղ ամուսնու հետ միաբան էր կինը` մինչև վերջ նրան նվիրված Սոֆիկը։
Ռաֆոն շինարարական տարբեր հարցերով դիմում էր ինձ (այդ ժամանակ արդեն քաղաքի գլխավոր ճարտարապետն էի)։ Տասը տարի տևեց նրա տան շինարարությունը, բայց և այնպես շենքի ճակատամասում նախագծով կանխատեսված որոշ տարրեր մնացին անավարտ։
Ինքնատիպ ճարտարապետ էր Ռաֆայել Իսրայելյանը։ Նա երբեք չէր կրկնում, չէր ընդօրինակում որևէ մեկին, քանի որ անսպառ էին իր անհատական հղացումները։ Նա ճարտարապետական իր աշխարհը, տարածական իր պատկերացումներն ուներ։ Նրա կոմպոզիցիաները սովորաբար ելնում էին ազգային հիմքից` ասես միանգամայն բնականորեն։ Եվ, որ կարևոր է ասել, հայկական ճարտարապետությունը Իսրայելյանի ստեղծագործության մեջ բեկվում էր յուրովի, ճարտարապետական ձևերի նրա ըմբոստացումների միջով, այդ ձևերի նրա մեկնաբանման միջով։ Հենց սա էլ հատկանշեց Ռաֆայել Իսրայելյանին իբրև իր ստեղծագոչծական ցայտուն դեմքը, իր ոճն ունեցող ճարտարապետի։ Ասվածը հաստատող բազմաթիվ օրինականերից բերեմ միայն մեկը։ Հիշենք «Արարատ» տրեստի գինու մառանների շենքի ճակատը և, մասնավորապես, նրա խուլ կամարաշարի տարրերը։ Այստեղ օգտագործված է հռոմեկան օրդերը, սակայն հեղինակը վերջինիս մոտեցել է շատ ազատ` շեղվելով մոդուլային համակարգի կանոններից։ Այսպես, քիվն արված է անսովոր ձևով, առանց դասական քիվին բնորոշ մոդուլյոնների և ատամիկների։ Եվ անսպասելի` ատամիկներ ենք տեսնում արխիտրավի տակ։ Ինձ հայտնի և ոչ մի շինության արխիտրավի տակ ատամիկներ չեն եղել։ Եվ ճարտարապետական օրդենների դասական համակարգի գոյության ընթացքում քչերն են այդքան ազատ վարվել այդ ավանդական ձևերի հետ։
Սակայն, չնայած «օտար աղբյուրների» դիմելու պարագային, Իսրայելյանը հասել է զարմանալի արդյունքի. Ամեն ինչ այստեղ, ամբողջության մեջ, ասես արված է միայն և միայն հայկական ճարտարապետության ոգով, այն աստիճան, որ գրեթե չեն զգացվում սյունաշարում կիրառված ձևերի բուն ակունքները։ Այդպես էին անում նաև Հայաստանի հին ճարտարապետները։ Հիշենք, օրինակ Պտղնիի որմնասյուները` հոնիական տիպի խոյակներով, որոնք աչքի են ընկնում պարզ ու անմիջական արտահայտությամբ, սակայն փոխ են առնված դասական նմուշներից։
Ընդհանրապես Ռաֆայել Իսրայելյանի մեջ խիստ զարգացած էր ազգային ճարտարապետության, ազգային արվեստի բնական զգացողությունը։ Իր կոմպոզիցիաներում նա հարկ չէր համարում դիմելու ձևերի ուղղակի փոխառնման։ Նրա աշխատանքներն ինքնին օժտվում էին ազգային հատկանիշներով։ Այս միտքը հասկանալու համար բերեմ մեկ օրինակ։ Հիշենք Երևանի քիմկոմբինատի պրոֆիլակտորիումը` Դալար գետի կիրճում, Արզական գյուղի մոտ։ Այս շինության տարրերից ոչ մեկը չի գալիս հայ միջնադարյան ճարտարապետությունից։ Ընդհակառակն, այստեղ ժամանակակից ճարտարապետական լեզուն է գերիշխողը։ Սակայն կիրճի բնապատկերին ներդաշնակ ճակատները, սանդղաձև հարկերը (որ հետո կրկնեցին ուրիշ հեղինակներ) և այլ առանձնահատկություններ, կառույցին զուտ տեղական բնույթ են հաղորդում։ Այստեղ ամեն ինչ կապված է շրջապատող բնության հետ։ Այդ կառույցը կարող է լինել միայն և միայն Հայաստանում, Դալար գետի կիրճում։ Ահա այս հատկանիշների համար էր, որ Ռաֆայել Իսրայելյանի ստեղծագործությունն այնքան բարձր էր գնահատում Մարտիրոս Սարյանը։ Ռաֆոյի ստեղծագործության մեջ արմատավորված ազգային շատ միտումներ մոտ ու հասկանալի էին մեծ նկարչին։ Եվ նրանք մոտ էին նաև անձնապես, կապված էին բարիդրացիական հարաբերություններով` հարևաններ էին։ Ռաֆոն շատ էր հարգում Սարյանին իբրև ուսուցչի և համախոհ արվեստագետի։
Ռաֆայել Իսրայելյանի ինքնատիպությունն ի հայտ էր գալիս ոչ միայն ստեղծագործության մեջ։ Նա արտաքինով, հագուստ-կապուստով անգամ խիստ տարբեր էր իր շրջապատի մարդկանցից։ Սովորաբար հագնվում էր պարզ ու հասարակ` մուգ գույնի վերնաշապիկ, դարջնագույն պիջակ, առանց փողկապի, և այդ տեսքով ավելի շատ հիշեցնում էր արհեստավորի, քան արվեստագետի։ Սովորաբար գլխաբաց էր, բայց միշտ` գլուխը մաքուր սափրած, իսկ ցուրտ ամիսներին «Նոյի տարվա» բավական ճմրթված մուգ գորշավուն կեպի էր դնում։ Չճանաչողին մի սովորական, աննշան մարդ կարող էր թվալ։ Պահվածքն էլ պարզ ու համեստ էր, և բնական էր այդ ամենը. համեստ մարդ էր Ռաֆոն, աշխատում էր «աչք չմտնել»։ Վարչական ամենափոքրիկ աշխատանքն անգամ ճնշում էր նրան։ Նա իրեն լավ էր զգում միայն ստեղծագործական միջավայրում, աշխատանքի մեջ, որ իր տարերքն էր։
Այս կապակցությամբ հիշեմ մի դեպք։
Վաթսունականների սկիզբն էր։ Ռաֆայել Իսրայելյանը ճարտարապետական արվեստանոցի ղեկավարն էր, Ռազմիկ Ալավերդյանը` նրա տեղակալը։ Մտերիմ ընկերներ էին։ Եվ ահա մի օր եկան ինձ մետ մի տարօրինակ խնդրանքով…
Պարզվեց, որ Ռաֆոն հաճախ է կտրվում իր վարչական պարտականություններից` լիովին տարված ստեղծագործական աշխատանքով։ Այս բանը բացասաբար էր անդրադառնում արվեստանոցի գործունեության վրա և տեղակալի սրտովը չէր, քանի որ վճռական ու գործունյա մարդ էր Ռազմիկը։ Նա բարձր էր գնահատում Ռաֆոյի տաղանդը և սիրում էր նրան, բայց ահա ճարահատ դիմում է ընկերոջը. «Որ ուզում ես արվեստանոցի գործերը կարգի ընկնեն` արի քո փոխարեն ղեկավարը դառնամ ես, իսկ դու արվեստանոցի գլխավոր ճարտարապետը դարձիր»։ Շատերի համար նման առաջարկը կարող էր արտառոց և նույնիսկ վիրավորական թվալ։ Բայց ոչ Ռաֆոյի նման մարդու համար. Նա ընդունում է ընկերոջ առաջարկը, որ նրան ազատելու էր արվեստանոցի հետ կապված մի շարք հոգսերից` իրեն տալով նախագծերի վրա աշխատելու հնարավորություն։ Եվ ահա նրանք եկել էին, որ ես, իբրև դիրեկտոր, հաստատեմ ու ձևակերպեմ պաշտոնների փոխատեղումը։ Սկզբում պարզ է, առարկեցի, սկսեցի համոզել Ռաֆոյին, որ դա անթույլատրելի, անկարելի բան է, բայց ապարդյուն. երկուսն էլ հաստատ մնացին իրենց որոշման մեջ, հատկապես` Ռաֆոն։ Ինձ ուրիշ բան չէր մնում անել, քան կատարել նրանց խնդրանքը։ Այդպես էլ Ռաֆայել Իսրայելյանը դարձավ արվեստանոցի (հետագայում` ճարտարապետական-շինարարական երկրորդ բաժին) գլխավոր ճարտարապետը և այդ պաշտոնում մնաց մինչև կյանքի վերջը։ Թվում էր դիրքերի փոփոխությունից Ռաֆայել Սերգեևիչի հեղինակությունը կնվազի արվեստանոցում, բայց այդպիսի բան չեղավ. Ընդհակառակն, աճեց։ Եվ արվեստանոցի ստեղծագործական ղեկավարը մնաց Իսրայելյանը, որը նոր պայմաններում հնարավորություն ուներ ավելի մեծ ուշադրություն դարձնելու աշխատակիցների վրա, օգնելու նրանց խորհուրդներով ու ցուցումներով։ Երբեմն նստում էր աշխատակիցներից մեկի գծատախտակի մոտ և սկսում նկարել նրա փոխարեն։ Այս ամենի շնորհիվ նրան նրան խորպես հարգում ու սիրում էին արվեստանոցում։ Իսկ աշխատակիցներից ոմանք այնպես էին կապված նրա հետ, որ գրեթե միշտ միասին էին անցկացնում ազատ ժամանակը` քաղաքից դուրս, ճարտարապետական որևէ հուշարձանի մոտ կամ սրճարանում` մի-մի բաժակ գինի առջևներ դրած զրուցելով ճարտարապետության մասին, մտորելով տեսական հարցերի շուրջ… Ռաֆոն խոսում էր մատչելի, պատկերավոր ու արտահայտիչ, և նրան միշտ լսում էին լարված ուշադրությամբ։
Նրա նկատմամբ խոր հարգանքն էին տածում նաև նախագծային մյուս ինստիտուտների ճարտարապետները։ Սրանցից շատերը ձգտում էին հանդիպել նրան` խորհուրդներ ստանալու համար, և Ռաֆոն միշտ էլ սիրով ընդառաջում էր։ Դժվարին պահերին օգնության հասնելու նրա պատրաստակամությունը հայտնի էր բոլորին, ուստի նրան աշխատում էին մասնակից դարձնել այս կամ այն կառույցի ճարտարապետության կարևորագույն հարցերի լուծմանը, և կառույցը վերջնական ձևավորում էր ստանում նրա վճռական մասնակցությունից հետո միայն։
Այնպես է եղել, որ ես, մեծ մասամբ պաշտոնի բերումով, այս կամ այն կերպ առնչվել եմ Ռաֆոյի լավագույն գործերից շատերի ստեղծմանը։
Քառասնական թվականներին, երբ Երևանի գլխավոր ճարտարապետն էի, հաստատման համար ինձ ներկայացրին Հրազդան գետի վրա կառուցվելիք ջրացույց-կամուրջի (աքվեդուկ) նախագիծը, ըստ որի դա պետք է լիներ հեծանային կառուցվածք ունեցող երկաթբետոնե մի անշուք ջրացույց` առանց ճարտարապետական լուծման։ Ես չէի կարող հավանություն տալ նման նախագծին, քանի որ անկարելի էր պատկերացնել այդպիսի անշուք մի կառույց Հրազդանի գեղատեսիլ կիրճում։ Իմ մերժումն անսպասելի էր Հայկական ջրային տնտեսության ներկայացուցչի համար։ Ես պարզեցի իմ միտքը, ասելով, որ ջրացույց-կամուրջի նախագիծը կազմելու աշխատանքի մեջ պետք է ներգրավել ճարտարապետի։ Երբ ներկայացուցիչը տեսավ, որ իմ պահանջը կտրական է, հարցրեց, թե Երևանի ո’ր ճարտարապետին կառաջարկեի։ Մի պահ մտածելուց հետո տվի Ռաֆայել Իսրայելյանի թեքնածությունը։ Եվ չսխալվեցի։ Հնգաթռիչք կամարակապ աքվեդուկը Հրազդան գետի վրա (նախագիծն արվեց ինժեներ Գ.Եղյանի համագործակցությամբ) դարձավ Իսրայելյանի հետաքրքիր աշխատանքներից մեկը։ Կառույցն այնպես է մերվել տեղանքի բնապատկերին, որ ասես նրա մի մասն է։ Երևանյան բազալտով երեսպատված ջրացույց-կամուրջը հիանալի ներդաշնակում է Հրազդանի բազալտե ափերին։ Այժմ այդ կառույցը Երևանի ճարտարապետական ուշագրավ հուշարձաններից է և պետք է պահպանվի պատշաճ ձևով։
1944-ին, երբ մեր զորքերը հաղթականորեն մտան ֆաշիստական Գերմանիայի տերիտորիան, որոշում ընդունվեց ի նշանավորումն այդ իրադարձության Երևանում հաղթակամար կառուցել։ Քաղսովետը լավագույն նախագծի մրցույթ հայտարարեց։ Մրցույթի կազմակերպման գործը հանձնարարվեց ինձ` իբրև քաղաքի գլխավոր ճարտարապետի։ Ներկայացվեցին մի շարք հետաքրքիր նախագծեր, որոնց թվում Գ.Աղաբաբյանի, Գ.Թամանյանի և ուրիշների աշխատանքները։ Սակայն վերջնական նախագիծը հանձնարարվեց Իսրայելյանին։
Արդեն սկսվել էր նախագծի մշակումը, երբ հրահանգ եղավ` դադարեցնել աշխատանքը։ Ինձ կանչեցին Հայաստանի կոմկուսի Կենտկոմ և հանձնարարեցին տեղ հատկացնել հաղթանակի մոտումենտի համար, այնպիսի տեղ, որ երևա քաղաքի բոլոր ծայրերից։ Գտանք այդպիսի տեղ, ուր Հայաստանի կոմկուսի Կենտկոմի քարտուղար Գ.Հարությունյանի ցուցումով, մի երկար ձող կանգնեցրինք։ Տեղը պարտադրում էր և որոշակի բարձրություն. այն ժամանակ ենթադրում էինք, որ մոնումենտը 45-50 մետրի պիտի հասնի։ Անհրաժեշտ էր լուծել ընդհանուր կոմպոզիցիան։ Այդ գործը հանձնարարեցինք Ռաֆայել Իսրայելյանին, քանի որ վերոհիշյալ մրցույթում առաջին տեղը նա էր գրավել։ Մենք հավատացած էինք, որ Ռաֆոն այդ խնդիրը պատվով կկատարի։
Խիստ բարդ ու լարված աշխատանք սկսվեց քաղաքի ղեկավարության, գլխավոր ճարտարապետի և նախագծի հեղինակի համար։ Բայց անհրաժեշտ էր գտնել նաև մոնումենտը պսակող ֆիգուրի քանդակային լուծումը։ Սկսեցինք բանակցել Մոսկվայում ապրող քանդակագործ Սերգեյ Մերկուրովի հետ, որը համաձայնեց 18-20 մետրանոց ֆիգուր անել կոփածո պղնձից, և դրանից հետո պարզ դարձավ, որ մոնումենտը կիրականացվի։ Մերկուրովը վիթխարի քանդակներ ստեղծելու փորձ ուներ։ Նա դեռ պատերազմից առաջ Մոսկվա-Վոլգա ջրանցքի երկու ափին 18 մետրանոց ֆիգուրներ էր դրել։ Եգիպտական չափերի ֆիգուրների մասին պատկերացում տալու համար Սերգեյ Դիմիտրևիչն ինձ իր մեքենայով տարավ դրանք ցույց տալու։ Կառուցվելիք մոնումենտի հետ կապված մի շարք հարցեր լուծելուց հետո, այդ ամենի մասին զեկուցեցի հանրապետոիթյան ղեկավարությունը, և իմ առաջարկներն ընդունվեցին։
Հաջորդ անգամ Մոսկվա` Մերկուրովի մոտ գնացի արդեն Ռաֆայել Իսրայելյանի հետ։ Մինչ այդ նա մոնումենտի գծանկարը արել-պատրաստել էր, բայց ֆիգուրը դեռ նկարված չէր։ «Հարմա՞ր բան է, որ Մոսկվա տանենք մոնումենտի գծագրերը` առանց ֆիգուրը պատկերելու»,- հարցրի Ռաֆոյին։ Անսպասելիորեն նա պատասխանեց, թե արձանն ինքը չի կարող պատկերել։ Զարմացա. ախր շատ լավ գիտեի, որ նա հիանալի է նկարում։ Սկսեցի նորից ու նորից համոզել, բայց Ռաֆոն վճռականորեն հրաժարվեց։ Ի վերջո համաձայնության եկանք, որ նա կանի միայն ֆիգուրի ուրվապատկերը։
Մոսկվա հասնելով, մենք բոլոր գծագրերն առած իսկույն գնացինք Մերկուրովի մոտ։ Հռչակավոր քանդակագործի հետ ծանոթանալուց հետո Ռաֆոն նրան ցույց տվեց նախագիծը։ Մերկուրովը լիովին համաձայնեց մոնումենտի կոմպոզիցիոն բոլոր լոիծումներին և ընդունեց գրեթե առանց փոփոխության, այդ թվում նաև պատվանդանի խոշոր ծավալը Հայրենական մեծ պատերազմին նվիրված թանգարան դարձնելու առաջարկը։
Հետաքրքիր էր հետևել այդ երկու ինքնատիպ մարդկանց գործնական զրույցին։ Նրանք հեշտությամբ ընդհանուր լեզու գտան Հաղթանակի մոնումենտի բոլոր հարցերում, և դա մեծ գոհունակություն պատճառեց ինձ. Երկեւսն էլ իրենց ստեղծագործության մեջ խիստ սկզբունքային մարդիկ էին, զիջում ասված բանը չգիտեին, ուստի ծանր կլիներ իմ վիճակը, եթե սկզբունքային տարաձայնություններ ծագեին։ Բայց, իմ բախտից, ամեն ինչ հաջող անցավ։ Կարճ ժամանակից մոնումենտի հեղինակները մտերմացան, ասես հարյուր տարվա բարեկամներ լինեին։ Դրան շատ նպաստեց Սերգեյ Դիմիտրիևիչի մարդամոտ բնավորությունը, անկեղծ սերն ու կապվածությունը հայրենակիցների հետ։ Իսկ դա ամեն ինչ էր Ռաֆոյի համար, ուստի չէր կարող անմիջական չլինել նրա վերաբերմունքն այդ հմայիչ մարդու և գործընկերոջ նկատմամբ։
Վերադարձանք Երևան և եռանդով ձեռնամուխ եղանք մոնումենտի շինարարությանը։ Ռաֆոն իր աշխատանքային օրվա մեծ մասն անց էր կացնում կառույցի վայրում` սկսած մոնումենտի հիմնադրումից մինչև ավարտը։ Նախագծի շատ հարցեր, օրինակ` կառույցը դետալների և շաբլոնների գծագրերով ապահովելու խնդիրը, նա լուծում էր ուղղակի շինարարական հրապարակում։ Չափազանցում չի լինի, եթե ասեմ, որ շինարարության ընթացքը, կառույցի աճը նրան առավելապես ոգեշնչեցին` մղելով լավագույն լուծումների, և այդ միջոցին նա գտավ դետալների, զարդաքանդակների և այլ տարրերի լավագույն ձևերը։ Կառուցելու ընթացքում ստեղծագործելու նրա հակումը փոխանցվեց նաև շինարարներին։ Սկզբում նրանք պահանջում էին նախապես արված գծագրեր, սակայն շատ շուտով հասկացան հեղինակին, և նրանց համագործակցությունը դարձավ արդյունավետ։
Ես պաշտոնի բերումով լինում էի կառույցի վայրում և տեսնում էի ճարտարապետի ու շինարարների ստեղծագործական այդ փոխըմբռնումը, որ շինարարության բարձր որակ էր ապահովում։ Ասեմ նաև, որ մոնումենտի ճարտարապատին ստեղծագործելու լիակատար ազատություն էր տրված` անում էր այն, ինչ համարում էր ճիշտ ու անհրաժեշտ։ Միայն երբեմն կարիք էր զգում խորհրդակցելու, նման դեպքում մոտենում էր ինձ կամ ուրիշների։ Հաճախ խորհրդակցում ու ստեղծագործում էր շինարարների հետ։ Եթե ուշադիր դիտենք հուշարձանը, կտեսնենք, թե ինչ խնամքով են հղկված ու շարված քարերը, ինչ բացառիկ վարպետությմբ են արված բարձրարվեստ, արտահայտիչ զարդաքանդակները։ Ահա թե ինչպիսի արդյունքի կարող են հասցնել շինարարության բոլոր մասնակիցների իսկական համագործակցությունն ու կառուցման մեջ ճարտարապետի դերի ճիշտ ըմբռնումը։
Երբ երկրորդ անգամ որոշվեց Հաղթանակի մոնումենտի ֆիգուրը դնել կնոջ կերպարով, Սերգեյ Մերկուրովն այլևս ողջ չէր։ 1955-ին այդ գործը հանձնարարվեց քանդակագործ Արա Հարությունյանին։ Չեմ հիշում, թե ինչպես ընթացավ Իսրայելյանի և նրա նոր գործընկերոջ համատեղ աշխատանքը, թե ինչ սկզբունքով մոտեցան գոյություն ունեցող պատվանդանի և նոր քանդակի զուգորդման լուրջ հարցին։ Բայց կարծում եմ, հեղինակները մինչև վերջ չգտան ստեղծագործական այն փոխըմբռնումը, որ լիակատար հաջողության գրավականն է։ Ես, իհարկե, գիտեի նրանց համատեղ աշխատանքի մասին. Ռաֆոն ինձ հետ նույն ինստիտուտում էր աշխատում. հանդիպում էինք, խորհրդակցում, մասնավորապես նոր ֆիգուրը պատվանդանին հարմարեցնելու շուրջը։ Բայց թե ինչ էր անում քանդակագործը` հայտնի չէր ինձ, եթե չհաշվեինք այն, որ մակետի վրա տեսել էի ֆիգուր հիշեցնող փոքրիկ քանդակը։
Ռաֆայել Իսրայելյանը շատ աշխատեց Հայրենական մեծ պատերազմին նվիրված թանգարանի շինության վրա։ Երկար ժամանակ ինտերյերների գծագրերն էր անում, սրահները ձևավորում։ Ինքն էլ գործուն մասնակցություն ունեցավ թանգարանի էքսպոզիցիայի ստեղծմանը։ Հիշում եմ, նամակներով անվերջ «գնդակոծում» էր ինձ` պահանջելով ինտերյերների ձևավորման, բարեկարգման նախահաշիվներ կազմել…
Ռաֆայել Իսրայելյանի հռչակավոր գործերից է նաև Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշակոթողը, որ նա ստեղծել է քանդակագործներ Ա.Հարությունյանի, Ս.Մանասյանի և Ա.Շահինյանի հետ մեկտեղ։ Խիստ տպավորիչ անսամբլ է սա` ծավալված կանաչ զբոսայգու ընդարձակ տարածքում։
Բայց ես այստեղ ուզում եմ հիշել ինձ հայտնի այն դժվարությունները, որոնց հանդիպեցին ինչպես հեղինակը, այնպես էլ ինստիտուտը` հուշարձանը կառուցելիս։ Երբ Իսրայելյանն սկսեց աշխատել այդ նախագծի վրա ինստիտուտը դեռ պատվեր չէր ստացել։ Մոտավորապես 60-ական թվականների երկրորդ կեսի սկիզբն էր։ Միայն որոշ ժամանակ անց, երբ նախագիծը լուծված էր հիմնականում, պատվերը հարկ եղած ձևակերպումն ստացավ։ Ռաֆոյի զրույցներից իմացա, որ Հոկտեմբերյանի շրջանում հայրենասիրական մեծ միտք է հղացել` ստեղծել Սարդարապատի պատմական ճակատամարտին նվիրված հուշարձան։Թե ինչպես էր Ռաֆոն ներգրավվել այդ գործի մեջ` չհարցրի ու չիմացա, բայց դա ճիշտ ընտրություն էր։ Նա մեծ եռանդով էր ձեռնամուխ եղել այդ աշխատանքին և երկար ժամանակ տարված էր նրանով։ Երբեմն պատմում էր ինձ շինարարության ընթացքի մասին, տաշվածքի ու որմածագի բարձր որակի մասին, այն մասին, թե ինչպես էր իրեն աջակցում շրջանի ղեկավարությունը։ Գույնով արված առանձին նախագծեր` մի քանի տարբերակով, նա տարավ Պետշին ու ցույց տվեց Գ.Աղաբաբյանին, որի հետ համաձայնեցնում էր գրեթե ամեն ինչ։ Այդպես գործը հարթ գնաց մինչև այն ժամանակ, երբ թանգարանի շենքը կառուցելիս պարզվեց, որ Հոկտեմբերյանի շրջանի միջկոլտնտեսային միավորման միջոցները սպառվել են։ Օբյեկտը մնաց առանց տեր ու տիրական։ Եվ իսկույն էլ սկսվեցին ստուգումները` որտե՞ղ է հաստատվել նախագիծը, ո՞վ է միջոցներ հատկացնել… Դրանից հետո պահանջեցին նվազեցնել նախահաշվային արժեքները, հրաժարվել մարմարե երեսպատումից և այլն։ Իհարկե, այս ամենը խիստ անախորժ էր բոլորի և ամենից առաջ, հեղինակի համար։ Հետո, ճիշտ է, ժամանակի ընթացքում գործը կարգավորվեց, թանգարանը սկսեցին կառուցել, բայց հեղինակը չտեսավ իր ջանքերի պտուղը։
Մի քանի խոսք էլ ճարտարապետական փոքր ձևերի նախգծերի մասին, որ Ռաֆյել Իսրայելյանն անում էր հաճախ և մեծ բանակով։ Ճարտարապետական այդ փոքր կառույցների պատկերները ծնվում էին ոչ միայն արվեստանոցում, այլև նիստերի ժամանակ և նույնիսկ ռեստորանում։ Թվում էր` նրա ձեռքը չէր հանգստանա, մինչև չնկարեր։ Նկարում էր աղբյուր-հուշարձաններ, ճանապարհներ ձևավորվելու նպատակով` ուղենիշ-կոթողներ` արծվի կամ առյուծի քանդակով, հաճախ էլ մեծ սիրով ցայտաղբյուրների գողտրիկ ձևեր էր հորինում։ Ու նաև հախճապակե ամանների, ոսկերչական առարկաների էսքիզներ էր անում, զբաղվում գրքի գրաֆիկայով…
Ըստ իս, Ռաֆայել Իսրյելյանի ստեղծագործության այս բնագավառը հարկավոր է հատուկ ուսումնասիրել և, նյութերը պատրաստելուց հետո, առանձին ալբոմ հրատարակել։
Առանց չափազանցության կարելի է ասել, որ, իբրև փոքր ձևերի վարպետ, նա անգերազանցելի էր ամբողջ Միությունում։ Այս ասպարեզում նրա բազմաթիվ աշխատանքները կարող են օրինակ ծառայել փոքր ձևերի ճարտարապետության զարգացման համար, ձևեր, որոնք օժտված են ազգային հիասքանչ մոտիվներով, ազգային շնչով։ Իսկ դրանք որքան անհրաժեշտ են հասարակական վայրերը ձևավորելու համար, և մենք ինչքան ենք զգում դրանց կարիքը…
Ամփոփելով իմ այս հակիրճ հուշերը` ասեմ, որ Ռաֆայել Իսրայելյանը վայելում էր Հայարդնախագծի ամբողջ կոլեկտիվի սերն ու հարգանքը, և ինքն էլ նույն կերպ էր պատասխանում աշխատակիցներին։ Նա իրեն մեր ինստուտուտում զգում էր այնպես, ինչպես հարազատ օջախում։ Երբեմն ասում էր. «Ես էստեղից ուրիշ ոչ մի տեղ չեմ գնա` փայտով էլ քշեք»։
Ճարտարապետական-շինարարական բաժնի այն սենյակում, ուր Իսրայելյանի գծասեղանն էր, աշխատակիցներն ամեն ինչ պահպանել են այնպես, ինչպես իրենց ղեկավար-ընկերոջ կենդանության օրոք։ Այստեղ են նրա էսքիզները, գծագրերը, մի բան է միայն ավելացել, սեղանից վեր, պատին փակցված է մի մեծ լուսանկար։ Եվ ամեն անգամ, երբ այդ սենյակն ենք մտնում, փոքրիկ հուշանկյունից մեզ է նայում մեր ընկերը։