Հաշմանդամների տանը (կառուցված 1939թ.) հատկացված հողամասը գտնվում է Ավանի արևելյան հատվածում: Տարածքի զգալի մասը նախատեսվում էր օգտագործել կանաչ պուրակներ և զբոսուղիներ կազմակերպելու համար: Իսկ հաշմանդամների տունն ըստ նախագծի, ներկայացնում էր մի համալիր, որի կազմում մտնում էին մի քանի մասնաշենքեր, երկու հիմնական բնակելի տներ, ակումբ, խոհանոց, լվացքատուն և հրշեջ կայարան:
Բնակելի տան հատակագիծն ուղղանկյուն է: Ներքնահարկում նախատեսված են գազապաստարաններիրենց անհրաժեշտ կից շենքերով: Այստեղ կարելի է իջնել ոչ միայն շենքի հիմնական աստիճանավանդակով, այլև բակի կողմի աստիճաններով: Գլխավոր մուտքը նախատեսված է ծածկված սրահից, ուր տանում են կենտրոնի գլախավոր և եզրերի ավելի նեղ աստիճանները: Հիմնական աստիճանավանդակը տեղադրված է մուտքասրահի առջև: Այս հատվածը հարկը բաժանում է երկու թևերի: Դեպի ձախմիջանցքի երկու կողմերում դասավորված են 4 և 5 մարդու համար նախատեսված սենյակներ, նաև բաղնիք և սանհանգույցներ: Մուտքասրահից աջ տեղադրված են 5 մարդու համար մեկ սենյակ, ճաշարանը և այսպես կոչված «կարմիր անկյունը»: Ճաշարանից ելք էր նախատեսված դեպի կամարակապ, սյունազարդ, հարմարավետ քառակուսի պատշգամբ: Երկրորդ հարկ էին տանում ոչ միայն ներքին, այլև կողային ճակատներից նախատեսված բաց աստիճանները, որոնց հետաքրքիր ծավալները բավական նպաստել են կառույցի ընդհանուր ծավալատարածական հորինվածքին: Այս հարկում ևս նույն սկզբունքովմիջանցքի երկու կողմերում տեղ են գտել 4 և 5 մարդու համար տասը սենյակ, նաև ճաշարան, բաղնիք և սանհանգույցներ: Ճաշարանի առջում կրկին նախատեսված է նույն ուրվագիծն ունեցող, այս դեպքումբաց պատշգամբ: Պետք է նշել ճակատների մշակման Ռաֆայել Իսրայելյանի ստեղծագործական ոճին բնորոշ, բարձր գեղարվեստական արժանիքները: Այն դրսևորվել է և’ մասշտաբայնության, և’ մասնահատումների համաչափության, և’ բացվածքների նկարվածքի մեջ: Հատկապես կողային ճակատների, կիրառված տարբեր սյուների, մանրամասների մշակման մեջ դրսևորվում է ազգային ճարտարապետության ոգին:
Խոհանոցային մասնաշենքը ներքնահարկով, միահարկ կառույց է: Հատակագիծը ուղղանկյուն է: Նախատեսված են երեք տարբեր մուտքեր: Գլխավոր մուտքը զույգ կամարակապ բացվածքներով է կազմակերպված: Կողային ճակատում կիրառված են ավելի համեստ մշակման զույգ կամարաձև բացվածքներ: Նմանատիպ բացվածքները բնորոշ են մեր ճարտարապետական հուշարձանների շքամուտքերին:
Հրշեջ կայանի մասնաշենքի նախագծում ևս արտահայտվել է հեղինակի վերաբերմունքը ազգային ճարտարապետության նկատմամբ: Կառույցն ընդգրկում է հերթապահի սենյակը, ճաշարանը, ննջասենյակը, պահեստը և ծածկված պատշգամբը: Վերջինս կրում է հայկական ժողովրդական բնակելի տան ճարտարապետության երանգները:
Հաշմանդամների տան համալիրը իրականացվել է մասամբ և որոշակի փոփոխություններով: Բնակելի մասնաշենքերից կառուցվել է միայն մեկը: Գլխավոր ճակատի կողմից երկրորդ հարկում շենքի ողջ երկարությամբ ավելացվել է բաց պատշգամբ: Ավելի պարզեցվել են կողային ճակատները և այլն: Կառույցն այժմ քանդվել է: