Իմ պայծառ ժամանակակիցը
Մենք արվեստակից ընկերներ էինք, հոգեհարազատ եղբայրներ ու լավ դրկիցներ։ Իմ աչքի առաջ է անցել նրա ստեղծագործական արգասավոր ողջ կյանքը սկսած այն օրից, երբ ոտք դրեց Երևան։ Շատ տարիների ընթացքում ապրել ենք միմյանց հոգսերով, ոգևորվել միմյանց հաջողություններով ու վշտացել, երբ մեզանից որևէ մեկի «խոփը քարին է դեմ առել…»։
Բազմաքանքար այդ վարպետի, կամ ինչպես սիրում էինք ասել` ոսկեձեռիկ Ռաֆոյի մեջ ինձ հիացրել է անսահման նվիրվածությունն իր արվեստին և հարազատ ժողովրդին։ Այդ երկուսը նրա մեջ անբաժան էին։ Նրա շողշողուն տաղանդի տարերքը ճարտարապետությունն էր, որին նա ծառայեց ազնվորեն, սիրահարվածի պես…
Ռաֆոյին բնորոշ էր ակտիվ միջամտությունը ճարտարապետության բոլոր բնագավառներին։ Նա ամեն տեղ էր։ Որտեղ էլ հանդիպեինք նրան` տանն աշխատելիս, թե’ Հայարդնախագիծ ինստիտուտի իր արվեստանոցում, Հուշարձանների պահպանության կոմիտեում, թե’ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ամբիոնում, գիտությունների ակադեմիայի արվեստի, թե’ հնագիտության ու ազգագրության ինստիտուտում, Ճարտարապետների միությունում, թե’ Շինարարության պետական կոմիտեում,- մեր Ռաֆոյի նկարագիրը նույնն էր` սկզբունքային ու անզիջում, նախանձախնդիր` կատարյալի, մերժող` գորշի ու անկատարի։
Մեր ստեղծագործող ճարտարապետներից ոչ ոք այնպես քաջատեղյակ չէր հայ ճարտարապետությանը, որքան Ռաֆոն։ Սիրահարված էր մեր շինարար ժողովրդի անթիվ ու բազմապիսի հուշարձաններին։ Առիթը բաց չէր թողնում մեկ անգամ ևս այցի գնալու, խորամուխ լինելու նրանց հմայքի գաղտնիքներին։ Նա կարող էր դառնալ խորաթափանց հետազոտող, հմտորեն մեկնաբանել հայ ճարտարապետության կոթողների լեզուն և, պետք է ասել, անհաջող չէին նրա փորձերն այդ ուղղությամբ, բայց նա նախընտրեց այդ անել ստեղծագործողի դիրքերից` նոր շունչ ու ոգի տալով ազգային ավանդույթներին։ Պետք է հատկապես նշել, որ այստեղ նա պարզ փոխառության ճանապարհով չէր ընթանում։ Նրա ստեղծագործությանը խորթ էր սպառողական վերաբերմունքը ազգային ավանդույթների հանդեպ, նա վճռականապես մերժում էր նոր ճարտարապետության ստեղծման տրորված և հեշտ ուղին։
Իր ստեղծագործական ըմբռնումների բարդ ներաշխարհում, ենթագիտակցության մեջ ամբարած ողջ հարստությունը նա զարմանալի հունարով կարողանում էր մատուցել նորովի, չկրկնելով ոչինչ և ոչոքի։ Զարմանք էր պատճառում նրա երևակայականության հարստությանը։ Միևնույն ճարտարապետական լուծումը` լիներ դա գյուղական ակումբ, թե’ մենատուն, աղբյուր-հուշարձան, թե’ հերոսամարտի կոթող, գինեգործարան, թե’ թանգարան, ջրի սափոր, թե’ գրքի շապիկ, նա կարողանում էր մեկնաբանել բազմաթիվ և մեկը մյուսից հետաքրքիր տարբերակներով։
Ռաֆայել Իսրայելյանը ճարտարապետությունը դիտում էր որպես մշտանորոգ, անընդհատ զարգացող արվեստը և իր աշխատանքներում հիանալիորեն դրսևորում էր այդ բարդ ու դժվարին պրոցեսը։ Նա հիանալի գիտեր տարբերակել իսկական ճարտարապետությունը մոդայականից, մնայունը` անցողիկից։ Սովետահայ ճարտարապետության զարգացման ճշմարիտ ուղղության համար նա կրքոտ պայքարեց գրավոր ու բանավոր խոսքով, բայց առավել` սեփական ստեղծագործությամբ։
***
Ռաֆոյի մասին շատ ասելիք ունեմ։ Եվ ասելն իմ հոգու պարտքն եմ համարում նրա պայծառ հիշատակի հանդեպ։ Սովետահայ ճարտարապետության մեջ ներմուծված նրա ուղին կարիք ունի հատուկ վերլուծության, իսկ արգասավոր կենսագրությունը` հանգամանալից շարադրման։ Այստեղ ես կուզենայի միայն մի շարք դրվագներ ներկայացնել նրա կյանքից` մասամբ զավեշտական, քանի որ հումորը ամբողջ կյանքում ուղեկցում էր իմ մեծատաղանդ ընկերոջը։
Նա հայտնվեց Երևանում 1936 թվականին` վրացական քուդին ( թաղիքե գլխարկ, որից նա անբաժան մնաց երկար տարիներ) գխին ու իր անսովոր տեսքով։ Բացառիկ մարդամոտ` նա միանգամից իր վրա բևեռեց բոլորիս ուշադրությունը։ Մեր առաջին ծանոթությունը տեղի ունեցավ «Գիպրոգոր» կոչված նախագծային ինստիտուտում (որը գտնվում էր Աբովյան և Սվերդլով փողոցների անկյունում)։ Ինստիտուտի դիրեկտոր Գ.Քոչարի հետ նա մշակում էր «Արարատի» գինեգործարանի առաջին հերթի նախագիծը։ Դա Ռաֆոյի ճարտարապետական «մկրտությունն» էր Երևան փոխադրվելուց հետո։ Նրան բաժին էր ընկել գործարանի ճակատի ճարտարապետական մշակումը, որը միանգամայն համապատասխանում էր իր նախասիրություններից։ Մեզ դիմավորեց հին ծանոթի պես, սեղանին դասավորեց խավաքարտի վրա գունագեղ, մեծ մասշտաբով արված ճակատի մի հատվածի տարբերակները։
Ինձ թված, թե նա աշխատել է յուղաներկով։ Մեծ եղավ իմ զարմանքը, երբ նա անվրդով ասաց, թե աշխատել է… դերասանական գրիմով։ Ու դեռ հավատացրեց, թե դրանով լավ է ստացվում և’ գույնը, և’ ֆակտուրան։
Ճիշտն ասած, մենք, որ սովոր էինք ճարտարապետական գրաֆիկայի դասական նյութերին` տուշ ու ջրաներկ, տարօրինակ գտանք այդ ներմուծությունը։ Հետո կամաց-կամաց ընտելացաք Ռաֆոյի ուրիշ տարօրինակություններին ևս։
***
1937 թվականի գարնանն էր։ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի դիպլոմային նախագծման աշխատասենյակում արտակարգ եռուզեռ էր։ Շուտով պետք է սկսվեին պաշտպանությունները և ճարտարապետական բաժնի դիպլոմատները զբաղված էին իրենց նախագծերի «կոսմետիկական» մշակմամբ։ Տուշում ու ներկում էին, մակագրություններ անում գծագրերի վրա։ Այդ օրերին մեզ այցի եկավ Ռաֆոն, քուդին գլխին, հագին բարակ սև բլուզ, օձիքը բաց, մարմինը պիրկ, կուծքը դուրս գցած։ Անցնում էր աշխատասենյակով, մոտենում մերթ մեկին, մերթ մյուսին։
Կարծես գոհ էր մեր նախագծերից (գուցե և մտքում համեմատում էր Լենինգրադի դպրոցի դիպլոմային նախագծերի հետ)։ Անկախ թեմայից` բոլորը հայաշունչ էին, մի բան, որ համապատասխանում էր այն տարիների սովետահայ ճարտարապետական դպրոցի ուղղությանը, որի հիմնադիրն էր Ալեքսանդր Թամանյանը և որին հետևում էինք նաև մենք։
Կանգնեց կողքիս, դիտեց, ինչպես եմ ջրաներկով աշխատում նախագծիս ընդհանուր հեռանկարի վրա։ Շատ ուրախացավ, երբ տեսավ մշուշապատ ֆոնով նկարված Արարատը, ոգևորվեց, վրձինը վերցրեց ձեռքիցս ու մի քանի քսոցով «խմբագրեց» աշխատանքս։ Հետո խնդրեց ցույց տալ մնացած գծագրերը։ Առանձնապես նրան դուր եկավ թեման` Հայկական ՍՍՀ Պատմության թանգարան։
-Էս լավ ես արել,որ բակերը օգտագործել ես ցուցադրումների համար։ Արևի լույսի տակ քանդակազարդ բեկորներն ու խաչքարերն ավելի լավ կհնչեն։
***
Արդեն ամուսնացած էր Սոֆիկի հետ։ Ապրում էին վարձու բնակարանում Սպանդարյան փողոցի հին երևանյան պատշգամբավոր շենքերից մեկում ու սպասում էին իրենց երկրորդ զավակին։ Երևանում սեփական տուն – օջախ ստեղծելը ու ինչպես վայել է հայ ընտանիքին շատ զավակներ ունենալը (իր պատկերացմամբ` վեցից ոչ պակաս), նրա գերագույն նպատակն էր։ Ուստի, ոգևորված ճարտարապետ Գր. Սիրունյանի և նկարիչ Տաճատ Խաչվանքյանի օրինակով (որոնց հարևանությամբ հողամաս ստացավ), 1937 թվականից ձեռնարկեց իր մենատան տանջալից, բազում զրկանքներ պահանջող և շատ տարիներ տևող շինարարությունը։
Ես հաճախ էի այցելում Ռաֆոյին, նրա հետ ուրախանում մենատան շինարարության ընթացքով։ Դանդաղ, բայց համառ կերպով, ինչպես ասում են` քարը քարին դնելով, աշնան կողմը մենատան մեծ սենյակի պատերը հասան առաջին հարկի նիշին։ Բայց մեր համատեղ անդրանիկ «կոնծաբանությունը» շատ ավելի կարևոր առիթ ուներ։ Աշխարհ էր եկել նրա առաջին արու զավակը` Վահագնը։ Ռաֆոյի ուրախությունը չափ չկար։
Մենատունը, ավելի շատ նրա գոնե մի սենյակն ավարտելու պահանջը դարձել էր հրամայական։ Առաջնեկը` Հասմիկը, Թիֆլիսում էր տատի մոտ, իսկ Սոֆիկը Վահագնի հետ շուտով դուրս էր գրվելու ծննդատնից։ Անասելի դժվարություններ հաղթահարելով, Ռաֆոն կարողացավ մի կերպ կապել սենյակի տանիքը, ստեղծել էր իր երազած օջախը, դառնալով Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի ու Արա Սարգսյանի առաջին հարևանը։
***
Հողամաս ստանալով Ռաֆոյի հարևանությամբ, 1933 թվականի գարնանից ես ևս նախաձեռնեցի մենատուն կառուցելու գործը։ Հիմքը դրեցինք երեքով` Ես, Ռաֆոն և Հաբեթ Դովլաթյանը` հիմքի տակ, շշի մեջ դնելով աղավաղված գրաբարով հետևյալ գրությունը. «Հիմնարկեցաւ տունը զայս…» և այլն։ Այդ օրվանից իմ ընտանիքը ևս ենթարկվեց նույն տառապանքներին ու զրկանքներին (ով տուն է կառուցել` նա’ կիմնա)։ Մեր ճակատագրերը ավելի մոտեցան, ընկերներ էինք, դարձանք սրտամոտ հարևաններ։ Մեր թերակառույց տներում ապրեցինք կողք-կողքի, շատ տարիներ մեծ ջանքեր գործադրենք, որպեսզի ինչ-որ չափով կարողանանք տունը «կոնդիցիայի» հասցնել ու դրա վրա շռայլորեն ծախսեցինք մեր երիտասարդության լավագույն տարիները…
Երկուսս էլ սկսնակ ճարտարապետներ էինք` սիրահարված մեր մասնագիտությանը, բայց տարբեր էր մեր բռնած ուղին։ Իրեն հատուկ բուռն հրապուրանքով Ռաֆոն նախագծում էր, ստեղծագործում, իսկ ես սկսել էի դասավանդել պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ամբիոնում, պատրաստվում էի դառնալ հայ ճարտարապետության հետազոտող։
Ընդունվել էի Արմֆանի պատմության ու հնագիտության ինստիտուտի ասպիրանտուրան, որպես ճարտարապետ մասնակցում էի Դվինի պեղումներին։
Աշնան ամիսներին կատարվող պեղումներից ամեն շաբաթ օր տուն էի վերադառնում։ Ռաֆոն հետաքրքրվում էր պեղումների արդյունքներով և, ինչու չէ, նաև Արտաշատի կարմիր գինով, որ սովորություն ունի մեկ – մեկ հետս բերել միասին վայելելու համար։ Շատ էր սիրում լսել «Դուդուլ» կատակերգը, որ սովորել էի գյուղում, ուսուցչությանս տարիներին։
Դուդուլն ընկավ դռները,
Հարբած` ընկան կոները…
Ինքը երգել չգիտեր, բայց շատ էր սիրում երգն ու երաժշտությունը, մանավանդ ժողովրդականը (հրապուրված էր երգի ու պարի անսամբլի ելույթներով) և Կոմիտասի հայաշունչ ու հոգեպարար ստեղծագործությունը։
Թեև արդեն երեխայատեր, ձմռան ամիսներին մանկան պես հրճվում էինք ձնագնդի խաղալով ու սահնակ քշելով…
***
Հայրենական մեծ պատերազմի տարիներին, երբ շատ ճարտարապետներ զորակոչվեցին բանակ, թիկունքում մնացած ճարտարապետների համար մասնագիտական աշխատանքի հնարավորությունները խիստ սահմանափակվեցին, որովհետև Երևանում կրճատվեցին կամ առժամանակ փակվեցին նախագծային կազմակերպություններն ու խմբերը։
1942 թվականի մայիսին զորացրվելով, ես վերստին աշխատանքի անցա Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Ռաֆոն տեղավորովեց Հուշարձանների պահպանության կոմիտեում, որի նախագահն էր ակադեմիկոս Հովսեփ Օրբելին, տեղակալը` Նիկոլայ Տոկարսկին։ Կոմիտեի ապարատը հարմարվել էր Լենինգրադից Երևան գաղթած մասնագետներով (Բ. Պիոտրովսկի, Ն. Պաշչենկո, Տ. Իզմայիլովա, Ա. Սիկով և ուրիշներ)։ Հասկանալի պատճառներով զուրկ լինելով հուշարձանների վերականգնման միջոցներից, կոմիտեն ժամանակավորապես զբաղված էր գիտահետազոտական բնույթի աշխատանքներով։ Կազմակերպվեց մի քանի գիտական արշավախումբ, չափագրվեցին ու լուսանկարվեցին առանձին հուշարձաններ, որոշ չափով կարգի բերվեց հուշարձանների գիտական հաշվառման գործը, պեղումներ կատարվեցին Արամուսում։ Կոմիտեում երբեմն կայանում էին հետաքրքիր գիտաժողովներ, որոնց ժամանակ փայլուն հաղորդումներով հանդես էին գալիս Հովսեփ Օրբելին (հիշում եմ, մեկը նվիրված էր Աղթամարի տաճարին), Քամիլլա Տրևերը, Նիկոլայ Տոկարսկին և ուրիշներ։
Շատ օգտակար ու նպաստավոր եղավ Ռաֆայել Իսրայելյանի համար այդ գիտական մթնոլորտը` հայ ճարտարապետությանը մոտիկից ծանոթանալու մի կատարյալ դպրոց։ Նա ուշադիր ուսուոմնասիրեց կոմիտեում եղած հարուստ նյութերը` չափագրությունները, լուսանկարները, նեգատիվները, գրականությունը, գիտական հաշվետվությունները, մասնակցեց գիտական արշավախմբին, չափագրելով ու նկարելով շատ հուշարձաններ։ Այդ տարիների հետ են կապված նաև նրա հետազոտական փորձերը` նվիրված հայկական գավիթներին ու խաչքարերին։
***
Պատերազմը դեռ չէր վերջացել, բայց մոտ էր հաղթական ավարտը։ Սովետական ժողովրդի հերոսական սխրանքը, պատերազմում զոհված հայ մարտիկների հիշատակը հավերժացնելու, ճարտարապետական միջոցներով հաղթանակը պանծացնելու գաղափարը մեծապես հրապուրեց Ռաֆոյին։ Նա նորից մտավ ստեղծագործական ասպարեզ, մասնակցեց հաղթակամարի, մենատների և այլ շենքերի նախագծման համար հայտարարված մրցույթներին ու մրցանակ շահեց։ Ձեռնարկեց նաև աղբյուր – հուշարձանների նախագծման ու կառուցման գործը, որը համաժողովրդական ծավալ էր ստանում սկզբում Արարատյան դաշտավայրի, ապա և հանրապետության շատ գյուղերում։ Ռաֆոյի համար բացվեց իր փայլուն ստեղծագործական ունակությունները դրսևորելու լայն ասպարեզ։ Ստանալով նորանոր պատվերներ, նա աշխատում էր օրնիբուն, մեծ եռանդով, ստեղծում էր մեկը մյուսից տարբեր, մեկը մյուսից հետաքրքիր նախագծեր։ Միևնույն թեման ճարտարապետական բազմապիսի հորինվածքներով մարմնավորելու զարմանահրաշ կարողությամբ իմ արվեստակից ընկերը հիրավի հիշեցնում էր հայ միջնադարի մեծահմուտ վարպետներին։ Ես, որ վկան եմ եղել այդ նախագծերից շատերի երկունքին, որովհետև, աշխատելով տանը, հաճախ էր ինձ հրավիրում դրանք դիտելու և կարծիքներ փոխանակելու, մշտապես հիանում էի ու քաջալրում նրան։
Նախապատերազմյան տարիների սակավաթիվ գործերին (որոնցից «Արարատի» գինու մառանները նախագծել էր Գ.Քոչարի, իսկ Լեռնային տեխնիկումի բնակելի տունը և Կոմերտմիության անվան զբոսայգին` Լ. Բաբայանի հեղինակակցությամբ) ավելացան զգալի թվով նոր գործեր։ Ահա ինչու միտք հղացանք Ճարտարապետների տան նեղվածք դահլիճում (որն այն ժամանակ տեղավորված էր Շահումյանի անվան հրապարակի և Էնգելսի փողոցի անկյունում գտնվող գյուղբանկի շենքի նախասրահում) կազմակերպել Ռաֆոյի գործերի ցուցահանդեսն ու քննարկումը։ Դա կարևոր իրադարձություն էր ոչ միայն նրա, այլև իմ կյանքում։ Եթե նա այդպիսի ընդգրկումով ցուցադրվում էր առաջին անգամ, ապա ես առաջին փորձն էի անում վերլուծելու մի ճարտարապետի ստեղծագործությունը։
Դահլիճը լեփ – լեցուն էր։ Ներկա էին նաև իր հարազատները։ Մեծ հետաքրքրությամբ ցուցահանդեսը դիտելուց հետո ունկնդրեցին իմ ամփոփ զեկուցումը, ուր ես առանձնապես վեր էի հանում Ռաֆոյին որպես ճարտարապետական փոքր ձևերի տաղանդավոր վարպետ։
Զեկուցումս լավ ընդունելություն գտավ։ Ելույթ ունեցողները նշեցին Ռաֆոյի ստեղծագործության նույն հատկանիշները։ Փոքր – ինչ դժգոհ մնաց Ռաֆոյի հայրը` Սերգո պապիկը (ինչպես անվանում էինք նրան երեխաների լեզվով)։
-Ա’յ տղա, Վարազդատ, էդ փոքր ձևերը որտեղի՞ց մեջ բերեցիր։ Ուրեմն Ռաֆոն մեծ բաներ ստեղծելու ընդունակ չի՞։
***
Իմ և ընկերներիս հիշողության մեջ վառ է մնացել Եղվարդի Զորավոր եկեղեցին կատարած մեր ուղևորությունը, որը կազմակերպել էր Ճարտարապետների միությունը։ Ովքեր մասնակցել են նման ուղևորությունների, լավ գիտեն, թե ճարտարապետները որքան լավ են զուգակցում օգտակարն ու հաճելին: Տեղում զեկուցում կարդալու պարտականությունը դրված էր ինձ վրա։ Գծել էի տարբեր սխեմաները, որոնցով ձգտում էի ապացուցել բազմախորան եկեղեցիների տիպի առաջացումը հիմնական տիպից` կենտրոնագմբեթ խաչաձև եկեղեցիներից։
Եղվարդ գյուղից դեպի հուշարձան գնում էինք ոտքով ու ստիպված էինք մեզ հետ քարշ տալ մեր ուտելիքն ու խմելիքը։ Գինով լի տակառիկը տանելու հոգսը սիրահոժար հանձն էր առել Ռաֆոն։ Տակառիկի բռնակից մի փայտ հագցրած, նա տղաների (եթե հիշողությունս չի դավաճանու` Գևորգ Թամանյանի և Ռազմիկ Ալավերդյանի) հետ տանում էր այդ ծանր, բայց հաճելի բեռը։ Չհամբերելով մինչև տեղ հասցնելը, հնարամիտ Ռաֆոն և իր ընկերները բավականաչափ թեթևացրել էին իրենց բեռը։
-Գինին չի պակասել,- արդեն գինովցած արդարանում էր նա,- մի տեղից մի այլ տեղ է լցվել…
Ռաֆոն սիրում էր խմել, սկզբունքորեն` միայն գինի, հազվագյուտ դեպքում նաև կոնյակ։ Խմելու արարողությունը նրա համար գերագույն վայելք էր, տոն, հանդիսություն։ Ես, որ նրա հետ շատ այդպիսի տոների եմ մասնակցել, չեմ հիշում մի դեպք, որ անհամանար կամ տգեղանար սեղանի շուրջ։ Ընդհակառակը, խմելով գեղեցկանում էր ու հաճելի դառնում, լեզուն բացվում էր, ինչպես տրամադրությունը։
***
Հարգվում էր պարզ ու հասարակ, նույն ձևով ու ոճով։ Փողկապ չէր սիրում կապել, ինչ առիթ էլ լիներ։
-Խեղդվո’ւմ եմ, չե’մ կարող,- արդարանում էր նա։
Նրան ամեն մեկի տեղ կարող էին դնել, բացի մտավորականից, և դա նրան չափազանց դուր էր գալիս։
Հիշում եմ, 1954 թվականին , երբ Ռաֆոն նոր էր արժանացել Պետական մրցանակի, Մոսկվայից Երևան էր եկել «Советский Союз» ամսագրի ֆոտոթղթակիցը, առաջադրանք ունենալով ամսագրի համար նկարազարդ հաղորդում պատրաստել Սովետական Հայաստանի ճարտարապետության և նրա վարպետներից մեկի մասին։ Ինձ հանձնարարված էր այդ գործում աջակցել նրան։ Թղթակցին հրավիրեցի Ճարտարապետի տուն, որի սրահներում ցուցահանդես էր բացվել և ես ու Ռաֆոն էլ գնացինք այնտեղ։
Թղթակիցը հրապուրված դիտում էր ցուցահանդեսը։ Ապա սկսեց լուսանկարել։ Ես ու Ռաֆոն (որին մոռացել էի ներկայացնել լուսանկարչին) դանդաղ ուղեկցում էինք հյուրին։ Չիմանալով Ռաֆոյի ով լինելը, թղթակիցը խնդրեց նրան օգնել իրեն։ Ուզում էի միջամտել, բայց Ռաֆոն չթողեց։ Ուսից կախած նրա լուսանկարչական պայուսակը, Ռաֆոն հլու – հնազանդ թղթակցի ետևից դահլիճից դահլիճն էր անցնում։ Հազիվ զսպելով ծիծաղս, Ռաֆոյին խնդրեցի մի վայրկյան իմ կողմը նայել ու իմ ապարատով «անմահացրի» նրան այդ դերում։
-Իսկ երբ է գալու ձեր Իսրայելյանը,- հարցրեց թղթակիցն իր գործն ավարտելուց հետո։
Իմ պատասխանը շփոթության մատնեց լուսանկարչին։
-Ինչպես թե,- զարմացավ նա` մի քանի անգամ ներողություն խնդրելով Ռաֆոյից։
***
Ռաֆոյի հետ առիթով թե անառիթ հաճախ էինք լինում մեր մեծ հարևաններ Մարտիրոս Սարյանի և Հակոբ Կոջոյանի տներում։ Առանձնապես մերձեցանք Հակոբ Կոջոյանին։ Երկուսս էլ բարձր էինք գնահատում ժողովրդական ակունքներից սերված, խոր ազգային նրա արվեստը։ Ոչ միայն գրաֆիկան, որի անմրցակից վարպետն էր նա , այլև գեղանկարչությունը։ Ինքը` Կոջոյանը, խիստ նեղանում էր, երբ իրեն գրաֆիկ էին կոչում, և իրավացի էր։ Ըստ երևույթին, այդ կարծիքի հեղինակները ինչպես հարկն է ծանոթ չէին վարպետի գեղանկարչական գործերին։
Ճիշտն ասած, մեզ վշտացնում էր, որ Հակոբ Կոջոյանը` այդքան ինքնատիպ, իր ցայտուն դիմագիծն ուղեկցող մի նկարիչ, Մարտիրոս Սարյանի չափ ճանաչում չուներ, մանավանդ, Հայաստանից դուրս։ Եվ դա իրեն ևս սրտնեղություն էր պատճառում, առաջ էր բերում խանդի զգացում։
Ես ու Ռաֆոն երբեմն էլ աջակցում էինք նկարչին, երբ, մանավանդ, նրա մտահաղացման մեջ տեղ էր գտնում ճարտարապետությունը։ Այդպիսի կտավներից են «Դվինի գրավումը» և «Դավթի ծնունդը», Ղ. Աղայանի, եթե չեմ սխալվում, «Անահիտ» հեքիաթի էկրանացման էսքիզները։ Ռաֆոն էսքիզներ էր անում ճարտարապետական միջավայրով, վարպետը խմբագրում էր դրանք ըստ իր հայեցողության և փոխադրում կտավի կամ թղթի վրա, իսկ ես մեկ-մեկ միջամտում էի ու ճշգրտում հեռանկարները` ղեկավարվելով դրանց կառուցման երկրաչափական օրենքներով (որոնց հետ Ռաֆոն գլուխ չուներ, թեև հիանալի նկարում, զգում էր հեռանկարը)։
***
Ռաֆոն գիտեր որոնել ու գտնել սրտամոտ թեմաներ և ապա հուշել ու թելադրել դրանք համապատասխան պատվիրատուների։ Այդպես սկիզբ առավ նաև Սարդարապատի հուշարձանի կառուցման պատմությունը։ Ռաֆոյի, Հոկտեմբերյանի կուսշրջկոմի քարտուղար Վ. Դարբինյանի, քանդակագործ Ս. Մանասյանի նախաձեռնությամբ և շրջանի աշխատավորության նյութական աջակցությամբ ակաված այդ գործը 60-ական թվականների կեսերին նրան կլանեց ամբողջապես։ Պետք էր տեսնել, թե Ռաֆոն ինչպիսի~ ոգևորությամբ էր երկնում համալիրի ընդհանուր հորինվածքը, առանձին հատվածների բազմաթիվ էսքիզները։ Կիսաշրջանաձև քանդակազարդ հուշապատի մտահաղացման մասին ասացի Ռաֆոյին, թե դա հիշեցնում է եղեռնի զոհերի հուշարձանի իր մրցույթային նախագիծը։ Համաձայնվեց, ավելացնելով.
-Հուշապատն այստեղ այլ իմաստ ու բովանդակություն է ստանալու, սա ամբողջ անսամբլի գաղափարական ավարտակետն է։ Առասպելական թեմաներով արված քանդակները (խոսքը ներսի կողմի մասին է) մեծապես նպաստելու են դրան։
Այս կապակցությամբ հարկ եմ համարում մի շեղում կատարել ու պատմել այն մասին, թե Ռաֆոն ինչպես էր համագործակցում քանդակագործների հետ։ Նա այն ճարտարապետերից չէր, որոնք բավարարվում են նախագծի վրա քանդակի տեղը նշելով։ Նա նախագծում էր ոչ միայն ճարտարապետական օբյեկտը, այլև քանդակը, իսկ համագործակցող քանդակագործին մնում էր մարմնացում տալ նրա էսքիզներին։ Այդպես են ստացվել Զվարթնոցի ճամփաբաժնի արծիվը (քանդ. Ե. Քոչար), Գեղարդավանքի ճանապարհի հովազը (քանդ. Ա. Հարությունյան), Արարատի գինեգործարանի մուտքի վերնամասի, Երևանի հյուսիսային և արևմտյան դարպասների, Քանաքեռում կանգնեցված «Բարեկամություն» հուշակոթողի (բոլորն էլ Ա. Հարությունյանի հետ) և ուրիշ շատ քանդակներ։ Այս այն նույն սկզբունքով են ստեղծված նաև Սարդարապատի քանդակային հորինվածքները` զույգ ցուլերը, պահապան արծիվները, կիսաշրջան հուշապատի ներսի կողմի քանդակները։ Համեմատենք նրա արխիվում պահպանված էսքիզները տեղում իրականացված քանդակների հետ` և տարակուսանքները կփարատվեն։
Ահա ստեղծագործական այդ մեթոդին ենք պարտական, որ մեր մեծատաղանդ ժամանակակցի գործերում ճարտարապետական ու քանդակային հորինվածքները միաձույլ են, ներդաշնակ, մեկը մյուսին լրացնող։Դրանց մեջ քանդակը, ինչպես ընդունված էր ճարտարապետության մեջ դեռևս Հին Եգիպտոսում և Հունաստանում, ենթակա է ճարտարապետությանը։
Ռաֆոն նախագծումն ու կառուցումը տանում էր միմյանց զուգահեռ, մի բան, որ հազվագյուտ է հանդիպում պրակտիկայում և ընդհանրապես չի խրախուսվում։ Մշտապես պրպտող, կատարյալին ձգտող նրա բնավորությունը դժվարությամբ էր կանգ առնում մի բանի վրա։ Նույնիսկ կառուցման ընթացքում նա սովորություն ուներ վերանայել նախագծերը, փոփոխություններ անել։
Սարդարապատի հուշակոթողի կառուցման ժամանակ Ռաֆոյի մի ոտը Երևանում էր, մյուսը` այնտեղ։ Այդպես լարված ու ինքնամոռաց, ստեղծագործական արտասովոր եռանդով առլեցուն ես նրան հիշում եմ մեկ էլ «Հաղթանակ» մոնումենտը նախագծելու և կառուցելու տարիներին։ Կազմակերպչական շատ հարցեր ու ծագած խոչընդոտներ ստիպում էին հաճախակի լինել շինարարության վայրում։ Սիրում էր երբեմն էլ ընկերներին հետը տանել։ Հավանում էր ընտրած քարատեսակը` Հոկտեմբերյանի վառ կարմիր տուֆը, ցավում էր, որ զանգաշտարակի պատվանդանի համար չհաջողվեց ճարել իր ուզած բազալտը, գովում էր քարաշատ վարպետների բարձրորակ աշխատանքը։
-Կարծում էի այլևս չեն գտնվի այնպիսի վարպետներ, որ կարողանան լավորոկ շարվածք անել, քանդակազարդել,- ասաց նա, երբ մի առիթով միասին Սարդարապատ էինք գնացել։- Ուրախ եմ, որ սխալվեցի, ուրախ եմ, որ հայերի մեջ քարագործության բարձր ավանդները դեռ ապրում են։
Վերջապես ավարտվեցին շիանարական աշխատանքները և 1968 թվականի մայիսին տեղի ունեցավ հուշարձանախմբի հանդիսավոր բացումը, որին մասնակցելու էին եկել Երևանից, հանրապետության տարբեր քաղաքներից, Հոկտեմբերյանի շրջանի շատ գյուղերից, ինչպես նաև Սփյուռքից ժամանած հայեր։ Հիրավի, դա բացառիկ մի իրադարձություն էր, որ առհավետ պիտի մնա մասնակիցների հիշողության մեջ։ Ռաֆոյի հետ միասին բարձրունքում կանգնած դիտում էինք, թե ինչպիս մարդկային հոծ բազմությունը շարժվում էր խճուղով։ Ընկերս հուզված էր` համակված հպարտության ազնիվ զգացումով։ Դա ստեղծագործական հաղթանակի վայելման զեկուցումն էր։ Սարդարապատի անսամբլը դարձավ եղեռնի զոհերի հուշարձանի նման մի նոր սրբատեղի։
Հայ ժողովրդի համր բախտորոշ Սարդարապատի հերոսամարտի հիսնամյակը համընկավ դրան նվիրված հոյակապ հուշարձանախմբի գլխավոր հեղինակ` Ռաֆայել Իսրայելյանի ծննդյան վաթսունամյակին։ Հենց նրա սեղանատանն էլ հրավիրվեց հոբելյանակն բազմամարդ խնջույք։
***
Ռաֆոյի հետ կապված զավեշտական շատ դեպքեր են տպավորվել իր ընկերների հիշողության մեջ։
1970 թվականին Մոսկվայում կայացավ ճարտարապետների 5-րդ համագումարը։ Մենք նրա թեքնածությունն առաջադրել էինք ՍՍՀՄ ժողովրդական ճարտարապետի պատվավոր կոչման համար ու հայտնի էր, որ, ի թիվս երկրի տասը ճարտարապետների, այդ կոչումը շնորհվելու է նաև Ռաֆայել Իսրայելյանին։
Այս առիթով կնոջը` Սոֆիկին էլ հետը տարավ Մոսկվա, որպեսզի իր կյանքի նշանավոր այդ իրադարձությանը մասնակից դարձնի նաև նրան։
Խռնվել ենք «Ռոսիա» հյուրանոցի նախասրահում և անհամբեր սպասում ենք գրանցման մեր հերթին։
-Ընկեր,- դիմեց հերթապահ ադմինիստրատորը Ռաֆոյին, որ ամենից առաջ էր կանգնած,- մենք նախ ձևակերպում ենք ճարտարապետների համագումարի պատգամավորներին, դուք դեռ սպասեք։
Կռահելով, որ դարձյալ իր խաբուսիկ տեսքն է պատճառը, Ռաֆոն մեկնեց պատգամավորի իր փաստաթուղթը։ Բայց բանը դրանով չավարտվեց։ Երբ նա մեկնեց իր և Սոֆիկի անձնագրերը, հերթապահը նայեց, ստուգեց ու Սոֆիկինը ետ վերադարձրեց։
-Չե’նք կարող մի համարում գրանցել,- առարկեց նա։
-Ինչու զարմացավ Ռաֆոն,- նա իմ կինն է, իմ հինգ զավակների մայրը և բոլորին հայտնի է դա։
-Ինչքան ջանք եք թափել հինգ զավակ ունենալու համար, նույնքան էլ պիտի թափեք ձեր ամուսնությունը պաշոնապես գրանցելու համար,- սրտմտեց հերթապահը։- Ո’չ ձեր, ո’չ էլ ձեր կնոջ անձնագրում այդ մասին նշում չկա։ Մնում է զարմանալ, թե ինչպես ն գրանցել ձեր զավակներին։
Որպես Հայաստանի Ճարտարապետության միության վարչության և պատվիրակության ղեկավար` ես փորձեցի միջամտել, բայց անօգուտ։ Հաջորդ օրը մի պաշտոնական գրություն էլ բերեցինք ՍՍՀՄ ճարտարապետների միության վարչությունից, դարձյալ չօգնեց։
Այդպես էլ Ռաֆոն տեղավորվեց մի, կինը` մեկ այլ համարում։
Համագումարի բացման նախօրյակ երեկոյան ինձ հյուրանոց զանգահարեց ՍՍՀՄ ճարտարապետների միության վարչության առաջին քարտուղար Գեորգի Օռլովը։
-Վաղը համագումարի նախագահությունում տեղ պիտի գրավեն պատվավոր կոչմանն արժանացող մեր տաս ճարտարապետները ևս,- ասաց նա։- Հրամանագիրը լույս կտեսնի վաղվա թերթերում։ Կներեք, որ տարօրինակ թվացող մի հանձնարարություն պիտի անեմ ձեզ։ Նկատի ունենալով, որ Ռաֆայել Սերգեևիչն այնքան էլ ուշադիր չէ իր արտաքինի նկատմամբ, խնդրում եմ բարետես վիճակում նրան բերելու հոգսը վերցրեք ձեզ վրա։
Խոստացա և հաջորդ օրը առավոտյան վաղ գնացի նրա համարը։ Արդեն հագնված էր և` սովորականի պես։ Խնդրեցի, համոզեցի, որ նա փոխի սովորույթը և անպայման փողկապ կապի։ Մեծ դժվարությամբ համաձայնեց։ Արագ նախաճաշելով շտապեցինք Կրեմլի մեծ դահլիճը։ Համագումարի բացման սկզբում նախագահության անդամները հրավիրեցին գրավելու իրենց տեղերը։ Որոնում եմ ու չեմ գտնում Ռաֆոյին, որին ուզում էի նստեցնել կողքիս։ Վերջապես գտա. առոք – փառոք բազմել էր… կուսակցության և կառավարության ղեկավարներին հատկացված տեղի վերին շարքում։ Նայում եմ նրա կողմը, ուզում եմ աչքով ունքով հասկացնել, որ այդտեղից փոխադրվի, բայց չի հաջողվում որսալ նրա հայացքը։
Առաջին իսկ ընդմիջմանը մոտեցա նրան. առանց փողկապի էր։ Տեսնելով իմ հարցական հայացքը, ձեռքը տարավ գրպանը և դուրս քաշեց փողկապի ծայրը։
-Կներես, չեմ դիմանում, խեղդվում եմ։
Հետո պատմեց, թե ինչպես է փոխել իր տեղը։
-Հարգելի ընկեր, գուցե մի այլ տեղ նստենք,- դիմել է նրան մեկը։
-Ինչու, ես այստեղ էլ ինձ վատ չեմ զգում,- պատասխանել է Ռաֆոն։
-Այդուհանդերձ, կխնդրեի փոխադրվել,- պնդել է նույն անձնավորությունը։
Ռաֆոն մնացել է տեղում։ Նա միայն այն ժամանակ է հասկացել իրեն արված առաջարկի իմաստը, երբ կուսակցության և կառավարության ղեկավարները տեղ են գրավել նախագահությունում։
Առաջին նիստից հետո, պատգամավորներով խռնված ճեմասրահում ես ու Ռաֆոն քայլում էինք կողք – կողքի։ Վկա եմ, թե ինչպես էին ծանոթ ու անծանոթ մոտենում ընկերոջս ու սրտանց շնորհավորում պատվավոր կոչման արժանանալու առթիվ։
-Իմ կարծիքով, բոլորիս մեջ ամենից արժանին դու ես, Ռաֆայել Սերգեևիչ,- գրկախառնվելով, ասաց նրան իր բախտակիցներից մեկը` լենինգրադցի հայտնի ճարտարապետ Իգոր Ֆորմինը։
***
Ընթերցասեր էր իմ ընկերը, բավականաչափ տեղյակ հայկական, ռուսական և համաշխարհային գրականությանը։ Լայն էր նրա գրական հետաքրքրությունների շրջանակը, բայց չեմ կարող ասել, թե կարդում էր որոշակի ծրագրով։ Ամեն տեսակի գիրք կարելի էր տեսնել նրա ձեռքին` վեպ, պատմվածք, ճամփորդական ակնարկ, արկածային գրքեր, նշանավոր մարդկանց կենսագրություններ, աշխարհագրական ատլասներ, նույնիսկ վիճակագրական տեղեկագրեր։
Առանձնապես հրապուրված էր ֆոլկլորային գրականությամբ, շատ էր կարդում հեքիաթներ, առասպելներ, առարկաներ։ Նրա գրադարանում կուտակվել էր աշխարհի շատ ժողովուրդների այդ կարգի գրականություն։ Բարձր էր գնահատում Ղազարոս Աղայանին, Հովհաննես Թումանյանին, Ավետիք Իսահակյանին և ուրիշ հայ գրողների` ժողովրդական հեքիաթների գեղարվեստական մշակման համար։ Բազմիցս կարդացել էր Վարդան Այգեկցու «Աղվեսագիրքը», փորձել էր նկարազարդել առանձին առարկաներ, որ անգիր գիտեր և սիրում էր հարմար առիթով դիմել նրանց օգնությանը։ Հիշում եմ, մի անգամ, նորելուկներից մեկը փորձում էր Ռաֆոյին խրատներ տալ։ Եվ Ռաֆոն դիմեց Այգեկցու այն առակին, որի մեջ որդին հորը բացատրում է ամուսնության խորհուրդը, իսկ հայրը նրան ասում է. «Ա~յ որդի, այդ խորհրդով ենք քեզ աշխարհն բրել»։
Ամենից գնահատելին այն է, որ առասպելների ու առարկաների կերպարները նա մարմնավորում էր իր կառույցներում։ Դրա արդյունքն է Երևանի Հյուսիսային դարպասի քանդակային հորինվածքը, որ պատկերում է Վահագն Վիշապաքաղին։ «Արարատ» տրեստի գինու մառանների (Իսակովի փողոցում) կամարակապ մուտքի վերին մասում ամփոփված քանդակը պատկերում է Վարդան Այգեկցու հանրահայտ առակն այն մասին, որ գինին չպետք է խմել այնքան, որ խոզի պես թավալվես, այլ այնքան, որ առյուծի երախը պատռես։ Առակային բովանդակությամբ այլ քանդակներ էլ կարելի է հանդիպել նույն ճակատի վրա պատռես։ Առակային բովանդակությամբ այլ քանդակներ էլ կարելի է հանդիպել նույն ճակատի վրա (օրինակ, «Աղվեսը խաղողին չհասավ` ասավ թու է»)։
Իր կարդացած բազմաթիվ գրքերից թերևս ամենից վառ նրա մեջ տպավորվել էին Հաշեկի «Քաջ զինվոր Շվեյկի արկածները», Շառլ դը Կոստերի «Թիլ Ուլենշպիգելը» և Կլոդ Տիլյեի «Իմ քեռի Բենջամենը»։ Վերջինիս ուղղակի սիրահարված էր, դա իր սեղանի գիրքն էր դարձել, ապրում էր դրա հերոսով (երևի ինչ – որ ընդհանրություն գտնելով իր հետ)։ Կարդում էր և վերստին կարդում, հանձնարարում կարդալ ուրիշների, այդ թվում նաև ինձ։ Ափսոս, նրան չվիճակվեց տեսնել վրացական միջավայր փոխադրված այդ գործի հիանալի էկրանավորումը` «Մի վշտանա» վենագրով։
-Եկավ քեռի Բենջամենը,- ասում էինք տնեցիները և ես, երբ Ռաֆոն լավ տրամադրությամբ վերադառնում էր տուն։