Ռաֆայել Իսրայելյան
  • Գլխավոր
  • ONLINE թանգարան
  • Նորություններ
  • Կենսագրություն
    • Լուսանկարներ
  • Աշխատանքներ
    • Հասարակական
    • Արդյունաբերական
    • Բնակելի
    • Ճարտ փոքր ձևեր
    • Հրապարակումներ
    • Գրաֆիկական
  • Հոդվածներ
  • Հուշեր
  • Տեսանյութեր
  • Մենք
    • Կապ
  • en_USEnglish
  • hyArmenian
  • ru_RURussian
1976

Մուսա լեռան հերոսամարտի հուշարձան

Մուսա լեռան հերոսամարտի հուշարձան
1976

Ապարանի, Հաճընի և Մուսա Լեռան հուշարձանները կարծես հերոսական եռապատում լինեն, որոնք ամբողջացնում են Ռաֆայել Իսրայելյանի վերջին շրջանի ճարտարապետական խոսքը:
Համանուն վայրերում առանձին կանգնած այս կոթողները շատ տարբեր են միմյանցից, բայց ունեն նաև խիստ որոշակի ընդհանրություններ: Երեքին էլ բնորոշ է քանդակայնությամբ ու պատմողականությամբ հագեցած հորինվածքը, որտեղ կարևորվում և կառույցի անբաժան, օրգանական մաս են կազմում ճարտարապետագեղարվեստական մանրամասները: Մոդեռնիստական հղկվածությունը, որն Իսրայելյանի մոտ, ինչպես միշտ, զերծ է օտարամուտ տարրերից, և ներկայանում է մաքուր, հայկական ոճավորմամբ, սրանցում առավել ցայտուն է արտահայտված վաղ շրջանի գործերի համեմատ: Հուշարձանների հերոսական բնույթի ընկալմանն է նպաստում քարի սև կամ կարմիր գույնի ընտրությունը:
Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանը կառուցվել է 1976 թվականին, բացումը կատարվել է նույն թվականի սեպտեմբերի 16-ին: Հուշարձանը գտնվում է Արմավիր մարզի Մուսալեռ գյուղի բարձունքի վրա: Ընդգրկված է Մուսալեռի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Կառուցվել է Հայաստանի և սփյուռքի մուսալեռցիների նյութական միջոցներով և անմիջական մասնակցությամբ: Հարկ է նշել, որ Մուսա լեռան հերոսամարտի հետ կապված առաջին հուշարձանը չէ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանում Տամլաճըք տեղանվան տակ կարդում ենք. «Տամլաճըքը բարձրունք է Կիլիկիայում, Ադանայի նահանգում, մուսա լեռան մոտ: Այստեղ հայերը Մուսա լեռ բարձրանալուց հետո հիմնել են ռազմա-պաշտպանողական ճամբար, որտեղ և հետագայում հուշակոթող կառուցվեցազատագրական պայքարում զոհված 18 հայերի հիշատակը հավերժացնելու համար»: Առաջին հուշարձանը, սակայն չի պահպանվել, թուրքերը չէին կարող այն հանդուրժել և, իհարկե, պայթեցրել են: Լուսանկարը հրատարակված է Թեքյանի գրքում: Այն ունի միջավայրի մեջ իշխող դոմինանտ դեր, վեր է խոյանում բարձունքի վրա, առավել շեշտելով դաշտավայրի նկատմամբ իր բարձրությունը: Գունային լուծմամբ ևս հուշարձաը կտրուկ կոնտրաստի մեջ է մտնում շրջակա բնության և երկնքի կապույտի հետ: Դեպի հուշարձանի բարձունքը տանում են բազալտե աստիճանները, որոնք ունեն, բարձունքի վրա տեղադրված շինության դերը, նշանակությունը, կարևորությունը շեշտելու և համապատասխան տրամադրություն ստեղծելու գործառույթ: Անվիճելի են կառույցի համար կարծես բնական լրացումներ հանդիսացող Արարատ և Արագած լեռները, որոնք տեղանքն ընտրելիս կարևորագույն հանգամանքն է համարել հեղինակը:
Սրբատաշ շարվածքով հսկա պատերը վերնամասում ամեն կողմից շեշտված վերջավորություններ ունեննույնացվող բերդապարսպի աշտարակի հետ: Սակայն մայրուղուն նայող եռատամ վերջավորության վրա պատկերված արծվի ուրվանկարն ամբողջ հորինվածքը դարձնում է կանգնած արծվի մի քանդակ: Պատահական չէ այս դեպքում՝ կամարի փռված լինելն ու սեղանաձև ծավալի հիմքի մասում լայնանալը: Որևէ ուրիշ տիպի բացվածք չէր կարող արտահայտել արծվի հաղթական կեցվածքը: Դասական, սլացիկ կամարի դեպքում, օրինակ, արծիվը երկչոտ կանգնվածք կունենար: Կոնստրուկտիվ աշխատանքի տեսանկյունից, եթե դիտարկենք, կամարի տարահրման ուժը մեծանում է նրա փռվածքին համարժեք չափով: Այս դեպքում տվյալ բացվածքը երկու կողմից էլ ունի պատերի բավարար երկարություն՝ լարմանը դիմակայելու և կամարից եկող տարահրման ուժը մարելու համար: Պատերի այդ երկարությունները վիզուալ առումով ընկալվում են որպես «արծվի» ոտքերի հաստություններ: Կարելի է ասել, որ լարվածության ու ամրության հաշվարկը մեկնաբանված է գեղագիտորեն, և «արծվի հզորր ոտքերը հաստատակամորեն հենված են հողի վրա»: Ճարտարապետությունը քանդակի մեջ տեսնելու իսրայելյանական մոտեցումը ամենավառ կերպով իրականացվել էր Սարդարապատում՝ ցուլերի ու պահապան արծիվների տեսքով: Բայց այնտեղ քանդակ են՝ առանձին կանգնած պատերն ու ստելաները: Մուսա Լեռան կոթողը քանդակ է ամբողջ կառույցի: Կատարողական առումով սկզբունքային մի հետարքրքիր տարբերություն կա այս երկու հուշահամալիրներում: Սարդարապատը՝ քանդակային ճարտարապետություն է, Մուսա Լեռը՝ ճարտարապետական քանդակ: Նրանում քանդակն արտահայտված է մաքուր ճարտարապետական լուծումներով: Միայն դեկորատիվ փորագրությունն է սրամտորեն հուշում, որ ամբողջ ծավալը միաժամանակ համատեղվում է առասպելական թռչնի կերպարի հետ: Արծվի տեքով անառիկ այս ամրոցը սիմետրիայի և ասիմետրիայի համադրման զուսպ ու հետարքրքիր լուծումներ ունի: Խիստ սիմետրիկ նկարվածքներով երկու հիմնական ճակատը տարբեր են իրարից, կողային ճակատները նույնն են, բայց ասիմետրիկ են: Արդյունքում սիմետրիային բնորոշ հստակությամբ ու ծանրությամբ հագեցած հուշարձանը, չկրկնվող դիտակետեր և անկյունային կողմերից ավելի ազատ նկարվածք ունի: Ցայտուն է արտահայտված ժողովրդական ճարտարապետության ոգին հատկապես հյուսիսային ճակատի վրա: Նորից ամրոցային ոճավորմամբ մշակված, բայց ավելի ջերմ ու հյուրընկալ տեսարան է բացվում այս կողմից: Պատային հարթությունների՝ իրար հաջորդող հերթագայության շնորհիվ, ամբողջովին ընթեռնելի է դառնում կառույցի ծավալատարածական հորինվածքը՝ հարստանալով լույս ու ստվերային անցումներով: Արտահայտիչ է երկու կողմից բարձրացող քարե աստիճանների բազրիքը, որը կամարաձև բացվածքի վրա գեղեցիկ հայկական շքամուտք է ձևավորում: Կենտրոնական, առանցքային մասում տեղակայված թանգարանի մուտքի դուռը կոմպոզիցիոն առումով դիտվում է, որպես տվյալ ճակատի սիմետրիան շեշտող և ներքևի շքամուտքային մասն աշտարակաձև վերնամասի հետ կապող, հավաքող մի հանգույց: Ներսի տարածությունն ամբողջովին քարապատ է, և իրենից ներկայացնում է խուլ պատերի մեջ ընկած, ձգված, ուղղանկյուն մի ծավալ, որտեղ միակ լույսի աղբյուրը բարձր առաստաղի տակ գտնվող 4 քառակուսի լուսամուտներն են: Այս 4 լույսերը կարելի է խորհրդանշական դիտել: Մուսա Լեռան ինքնապաշտպանության 40 օրվա ընթացքում 4 թեժ հարձակում է տեղի ունեցել թուրքերի կողմից, որոնք ավարտվել են հայերի ջախջախիչ հաղթանակով: Դրսից նայելիս՝ ուշագրավ են լուսամուտների կողքերից վեր խոյացող ատամնավոր ելուստերը, որոնք թեպետ՝ առավելապես ընկալվում են, որպես ամրոցային էլեմենտներ, բայց իրենց մասշտաբայնությամբ և ընգդծված պարզ քիվային ավարտով խաչքարի համաչափություններ են հիշեցնում: Նման ատամնաշարեր ունեին Կիլիկյան Հայաստանի ամրոցները: Էսքիզային աշխատանքներում կան սրանց նախշազարդ տարբերակները: Կառույցի ծանր կերպարն ամենից շատ աշխուժացնում և դրան մոնումենտալություն են հաղորդում «արծվի» թևերը, որոնք համընկնում են կողային ճակատներին և ունեն ամբողջ բարձրությամբ ձգված երեքական հզոր նիստ: Որպես կոշտության կողեր՝ դրանք բարձրանում են կրող պատի վրա, որը դուրս է գալիս ընդհանուր ծավալից որոշակի թեքությամբ: Մի տեսակ պատի այդ թեքությունը հիշեցնում է Կիլիկյան հայաստանում առաջինը կառուցված, նույն հերոսամարտին նվիրված հուշարձանի մի հատվածը, որը ֆրանսիական փրկարար նավի պատկերն էր ներկայացնում: Այդ հուշարձանն ավերվել է, կա միայն նրա լուսանկարը, որի զարդաքանդակը թանգարանի մուտքի ճակատային մասում է: Արարատի դիմաց կանգնած կոթողը ինչ որ նմանություն ունի նաև Կիլիկյան Հայաստանում մնացած Մուսա լեռան հետ: Ծովափին կանգնած լեռը նորից սեղանաձև ուրվագիծ և թեթևակի նշմարվող եռագագաթ ավարտ ունի: Մուսալեռան հուշարձանի կառուցումը Իսրայելյանի մահվանից հետո իրականացրել է Արեգ Իսրայելյանը սկզբից մինչև վերջ: Եվ կարևոր է նշել, որ ճակատային մասի քանդակը ոչ մի կապ չունի Ռ. Իարայելյանի մտահղացման հետ, այն շատ ավելի ուշ է իրագործվել այնպես, ինչպես և հակառակ կողմի ճակատի քանդակը: Հուշարձանի դիմային ճակատին տեղադրված հարթաքանդակի հեղինակն է Արա Հարությունյանը: Դա է պատճառը, որ հուշարձանի գլխավոր ճակատի հարթաքանդակը ամբողջապես համահունչ չէ Իսրայելյանական ոճի և գեղարվեստական լուծման հետ:
Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հուշարձանն արտահայտում է ոչ միայն ազատագրական պայքարի ոգին, այլև յուրաքանչյուր մուսալեռցու էության վեհությունը«Հարգանքը ամենեն բարձր բանն է աշխարհում: Պատիվը ամենեն բարձր բանն է աշխարհում: Մենք մուսալեռցիքս, կսիրենք հարգանքով ու պատիվով ապրիլ մեր կյանքը»:
Հուշակոթողի կողքին, բլրի ստորոտում, հանգրվանում են նաև արցախյան ազատամարտում զոհված մուսալեռցիների շիրիմները:
Մուսալեռ գյուղը հիմնելուց հետո ամեն տարի՝ սեպտեմբերի երրորդ կիրակին յուրաքանչյուր ընտանիք հարիսա էր եփում՝ այդպիսով նշելով հաղթական ինքնապաշտպանությունը:
Իսկ ինչո՞ւ հարիսա: Որովհետև Մուսա լեռան վրա ինքնապաշտպանության ժամանակ ցորենից ու գառան մսից բացի ուրիշ ոչինչ չկար ուտելու: Ցորենն ու ի փրկություն մատաղ արված գառան միսը ջրով խառնում են իրար, հարում, այստեղից էլ ուտեստը ստացավ իր անունը՝ «հարի՛ր սա» կամ «հարիսա», ու թող կորչի այն թուրքական ազգային ճաշատեսակ ճանաչած ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Հարիսան, առհասարակ, արևմտահայերի լայնորեն տարածված զոհաբերությունն էայս դեպքում հանրային մատաղը: Հերոսամարտին նվիրված հուշարձանի բացումից հետո հարիսա եփելու արարողությունը դարձավ զանգվածային: Ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում այն ուղեկցվում է մեծ տոնակատարությամբ երգ ու պարով: 1971թ. Ռաֆայել Իսրայելյանի նածագծով կառուցվեց նաև Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանության կազմակերպիչներիրց ու ղեկավարներից մեկի` Եսայի Յաղուբյանի (1878 Յողունօլուք-1957 Երևան) հիշատակին նվիրված հուշարձանը Երևանի Շահումյանի շրջանի գերեզմանատանը:

Previous articleՌաֆայել Իսրայելյանի ցուցահանդեսի բացումը 1974թNext article Պանսիոնատ Սոչի քաղաքում

Վերջին ավելացումներ

Ինքնություն․ Ինչու՞ էին նրան Ռաֆո ասում․ ո՞վ էր նա2025
Նոր ցուցադրություն Հայաստանի գինու պատմության թանգարանում. Գինին՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի արվեստում2022
“Заболеть” Арменией, выставка “Родники-памятники”2021

Կատեգորիաներ

  • արդյունաբերական
  • բնակելի
  • Գրաֆիկական
  • Գրքեր
  • հասարակական
  • հոդվածներ
  • հուշեր
  • հրապարակումներ
  • ՃՁՓ
  • Նորություններ
  • տեսանյութեր

Որոնման ուղորդիչներ

qarnujury իսրայելյանիերևան

© Բոլոր իրավունքները պաշտպանված են 2008-2020 թ:
Կայքից նյութերը հրապարակելու համար պարտադիր է հղումը կայքին:

Կայքի հեղինակ` Արամ Ղանալանյան

Մենք FB-ում

https://www.facebook.com/Rafael-Israelyan-377635880880/