ԻՄ ԸՆԿԵՐՈՋ ՄԱՍԻՆ
«Հաճախ եմ մտաբերում մեր շատ թանկագին, ինձ համար երկար սպասված հանդիպումը, այն մի քանի օրը, որ ես անցկացրի ձեզ հետ» (Ռաֆայել Իսրայելյանի նամակից)։
Նա ինձ շարունակ հրավիրում էր Երևան, իսկ ես շարունակ ժամանակ չէի գտնում։ Տարօրինակ է, չէ՞ որ ուրիշ երկրներում շրջելու ժամանակ գտնում էի՝ Եգիպտոս, Սի¬րիա, Լիբանան։
Հալեպում և Բեյրութում ես հանդիպեցի բազմաթիվ հայերի, որոնց սև օրերին ճակատագիրը ցրիվ էր տվել աշխարհով մեկ։ Երբ լսում էին, որ ես թբիլիսցի եմ, գոչում էին՝ «0՜, Թբիլիսին ու Երևանն իրար կողքի են»։
Կարո՞ղ էին կռահել, որ Երևանը տեսնելու իմ երա¬զանքն իրականություն կդառնա մի տարի հետո միայն։
Առիթն աննշան էր. 1963 թվականին ես ավարտեցի Վրաստանի կուրորտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի շինարարությունը, և ինձ խորհուրդ տվեցին էլեկտրաարմատուրան պատվիրել Երևանում։
Երեկոյան գնացք նստեցի և առավոտյան դեմ իջա Երևանում։
Ի՜նչ հեշտ բան էր եղածը։
***
Քանի որ իմ ընկեր Ռաֆոյին ես չէի հայտնել իմ մտադրության մասին, աոաջին միտքը, որ գլուխս եկավ, այցելելն էր Գրիգոր Աղաբաբյանին, որի հետ ընկերություն էի անում ջահել տարիներից։
Կես ժամվա ընթացքում նա գլուխ բերեց մեր հանդիպումն Ռաֆոյի հետ։ Երբ նա իմացավ, որ միայն մի օրով եմ եկել, շատ տխրեց, բայց ես հանգստացրի նրան՝ խոստանալով ամսվա վերջին գալ մի քանի օրով (հետագայում ես իմ խոստումը կատարեցի բազմիցս)։
Վճռեցինք գործնական նպատակն ավարտել հենց առավոտյան, որ հետո շատ բան տեսնենք, սրտներս բացենք միմյանց առաջ։ Այդպես էլ արեցինք։
Առավոտը մշուշապատ էր, Արարատը դեռ չէր երևում. Ռաֆոն շատ էր հուզվում այդ պատճառով։ Շտապ նախաճաշեցինք սրճարանում, իսկ հետո շատ, շատ և շատ շրջեցինք քաղաքում։ Առաջին հերթին նայեցինք Ռաֆոյի կառույցները և դրանց հետ՝ նաև իր արվեստակիցներինը։ Ռաֆոն մեկ հիացական կարծիք էր հայտնում, մեկ ափսոսանք հայտնում ճարտարապետական սխալների առիթով։
Հաղթանակի կամուրջի մոտ մենք դիտեցինք «Արարատի» գինու մառանները, կարասներով զարդարուն այդ կառույցի ճակատները, որ նայում են Հրազդանի կիրճին և Իսակովի փողոցին։ Ճակատներից մեկի վրա ես նկատեցի ճարտարապետության ժամանակակից պրակտիկայում սակավ հանդիպող մի մակագրության.
«Հայրենաշեն աշխատավոր, այս շինությունը, որ բարձրացրել ենք մենք, ամբարում է յուր մեջ գինին քո մայր հոդի։ Երբ վայելես այն ուրախությանդ ժամին ու գովերգես սովետական երկրիդ խաղաղ, կյանքդ ստեղծագործ՝ հիշիր շինարարներիս»։
Ռաֆոն ասաց. «Գիտե՞ս ինչ, այս մառանների գինեդարանում պահպանվում են միայն հայկական գինիներ, բայց մի շիշ վրացական «Ցինանդալի» կա։ Ես եմ խնդրել, որ դնեն՝ ի նշան մեր ժողովուրդների բարեկամության»։
Քանի որ խոսք բացեցի մեր հանդեպ Ռաֆոյի ունեցած սրտագին վերաբերմունքի մասին, չեմ կարող չհիշել վրաց ժամանակակից ճարտարապետների մասին նրա հրապարակած հոդվածը, որ գրված է մեծագույն սիրով՝ Վրաստանում սովետական կարգերի հաստատման առիթով, ապա և նրա առաջարկը մեր երեք հարևան հան րապետությունների սահմանում բարեկամության հուշարձան կանգնեցնելու մասին։ Հետագայում նա մինչև իսկ ներկայացրեց հուշարձանի էսքիզը։ Մնում է միայն ափսոսալ, որ այդ էսքիզը մնաս թղթի վրա։
Օրվա կեսին երկինքը պարզվեց, մենք ելանք այն բարձունքը. որի վրա խոյանում է ամբողջ քաղաքի վրա գերիշխող վեհաշուք Հաղթանակի մոնումենտը՝ Ռաֆոյի ստեղծագործությունը։ Այստեղից բացվում է Երևանի և Արարատյան դաշտի դյութական համայնապատկերը։
Հետո իջանք քաղաք, շրջեցինք փողոցներում, անցանք Մարտիրոս Սարյանի տան մոտով, բայց ներս չմտանք։
— Ծերունին անառողջ է,— ասաց Ռաֆոն։
Մտանք Ռաֆոյի տուն, ծանոթացա տիկին Սոֆիկի ու երեխաների հետ, ճաշեցինք միասին և ապա բարձրացանք Ռաֆոյի արվեստանոցն իր նախագծերն ու գծանկարները նայելու։ Զրույցի ընթացքում չնկատվեց ինչպես է սահում ժամանակը, արդեն պետք էր շտապել կայարան։ Ռաֆոն ինձ ուղեկցեց և մնաց կառամատույցում մինչև գնացքի շարժվելը։
Հետագայում ես Երևան եկա մի քանի անգամ, երևում է ղժվարն առաջինն էր։
Ռաֆոյի կենդանության օրոք ես Երևան եկա հայ ճարտարապետների համագումարին՝ իբրև վրաց ճարտարապետների պատվիրակության ղեկավար։ Ահա այդ Ժամակ է, որ մենք, Գրիգոր Աղաբաբյանի, Վարազդատ Հարությունյանի, Մարկ Գրիգորյանի, էդվարդ Պապյանի և մյուսների աջակցությամբ տեսանք ամբողջ Հայաստանը, նրա ճարտարապետական սքանչելի կոթողները։
Մեզ վրա անջնջելի տպավորություն թողեց Սարդարապատի հուշարձան-զբոսայգին՝ ժամանակակից հայ, և ոչ միայն հայ, ճարտարապետության ամենատաղանդավոր գործերից մեկը։ Այս անսամբլում գլխավորապես պետք է նշել զանգաշտարակը, թանգարանը և սեղանատունը։
Անսամբլի ճարտարապետությունը դիտողին զարմացնում է իր վեհությամբ, կոմպոզիցիոն ամբողջականությամբ․ թեև առանձին օբյեկտները տեղադրված են ընդարձակ տարա¬ծության մեջ՝ դրանք ի մի են գալիս ծառուղու եզրերին շարված խորախորհուրդ ֆիգուրներով և բարձրաքանդակված հուշապատով։ Չեմ սխալվի, եթե ասեմ՝ գուցե ինչ-որ չափով պետք է ձեռնպահ մնալ երկաթբետոնե և ապակե կմախքների տարածումից ժամանակակից ճարտարապե-տության մեջ, ձեռնպահ մնալ գոնե ունիկալ կառույցների դեպքում, և այդքան անսպասելիորեն չհրաժարվել քարից ու փայտից, որոնք, ինչպես ասում էր Ռաֆոն, Սարդարապատի հուշակոթողի թանգարանը նայելիս, երբեք չեն դավաճանել ճարտարապետին։ Թանգարանը դեռևս կառուցման ընթացքի մեջ էր, դեռևս դժվար էր ամբողջարար ընկալել, բայց դա չխանգարեց, որ նկատվեն անկյունային սրահների բացվածքները, որոնց միջով, ասես ջրաներկ պատկերում, երևում էին Արարատն ու Արագածը։
Դա միայն Իսրայելյանը կարող էր անել։
Մենք նստել էինք սեղանատանը։ Չորս հոգի էինք ընդամենը, հինգերորդը Ռաֆոյի կրտսեր ընկերն էր, որ զբաղված էր սեղանի պատրաստությամբ։
Մատուցեցին տապակած համեղ միս, հաց, պանիր, կանաչի։ Այդ սքանչելի ինտերյերում մեր սեղանը նման էր հրաշագեղ նատյուրմորտի։ Պորտվեյն գինին Ռաֆոյին դուր չեկավ, և նա խնդրեց կրտսեր ընկերոջը, որ գյուղ գնա և տնական գինի բերի։ Մինչ այդ զրուցում էինք և խմում կոնյակ (իհարկե՝ հայկական)։
Մեր սեղանի մոտով իտալացի հյուրեր էին անցնում, նրանցից մեկր մատնացույց արեց Ռաֆոյին, և բոլորը միասին մոտեցան իրենց երախտագիտությունը հայտնելու այդ իրոք որ սքանչելի ու անմոռաց անսամբլի հեղինակին։
Մի ժամ չանցած մեր սեղանին հայտնվեց մի կուժ տնական գինի։ Համտես անելով՝ Ռաֆոն ճառագեց.
— Այ սա արիշ բան է, թեև ես կարմիր գինի ավելի եմ սիրում։
***
Ես և Ռաֆոն պայման կապեցինք, նախ ինքն է բերում իր աշխատանքները Թբիլիսիում ցուցադրելու համար, իսկ հետո, ի պատասխան, ես պետք է. իմ ցուցահանդեսը բա¬ցեի Երևանում։
Թբիլիսի գալով, ես խոսեցի Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորի հետ, Իսրայելյանին ներկայացրի իբրև ակադեմիայի նախկին ուսանողի և համաձայնություն առա նրա գործերին մեծ ցուցասրահը տրամադրելու համար։
Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան Իսրայելյանի համար հաճելի հիշողություն էր. այստեղ էր անցկացրել ուսանողական մի քանի տարիները, երբ ակադեմիայում ավանդում էին մանկավարժական լավագույն ուժերը, նկարիչներ և ճարտարապետներ Գիգո Գաբաշվիլին, Եվգենի Լանսերեն, Դավիթ Կակաբաձեն, Լադո Գուդիաշվիլին, Եղիշե Թաղևոսյանը, Իոսիֆ Շարլեմանը, Հենրիխ Գրինևսկին, Յակով Նիկոլաձեն, Անատոլի Կալգինը, Նիկոլայ Սևերովը և ուրիշներ։
Եվ ահա 1968-ի մայիսին Իսրայելյանը Թբիլիսիում ի ցույց դրեց իր ճարտարապետական և գրաֆիկական աշխատանքները։ Դատելով այդ ցուցահանդեսից, Իսրայելյանի ստեղծագործության մեջ հուշարձանային ճարտարապետության թեման հատուկ տեղ է գրավում, բայց դա չի նշանակում, թե նա քիչ ուշադրություն է դարձրել հասարակական և այլ բնույթի կառույցներին ու դրանց գեղարվեստական ձևերին։ Բավական է նշել «Արարատի» գինու մառանները, Հրագղան գետի հնգաթռիչք ջրատար կամուրջը։ Հայաստանում աղբյուրն առհասարակ դիտվում է իբրև կյանքի հավերժության խորհրդանիշ, և դա Իսրայելյանի ստեղծագործության մեջ մտավ փոքր ճարտարապետության բազմազան ձևերով։ Ցուցահանդեսում հատկապես նշվեց նրա ամենախոշոր ստեղծագործությունը՝ «Սարդարապատի հերոսամարտը» հուշարձան-զբոսայգին։
Իմ ընկերոջ ցուցահանդեսը Թբիլիւփամ մնաց ավելի քան քսան օր։ Նրա գործերը մեծ հետաքրքրությամբ էիս դիտում Թբիլիսիի նկարիչները, ճարտարապետները, գեղարվեստի մտավորականությունը։
Մայիսի 23-ին ակադեմիայի դահլիճում կայացավ Ռաֆայել Իսրայելյանին նվիրված երեկույթ։ Ներկա գտնվողներն ու ելույթ ունեցողները բարձրագույնս գնահատեցին նրա տաղանդավոր գործերը։ Երեկույթն ավարտվեց իմ արվեստանոցում, որ Ռաֆոյի վրացի ընկեր-ճարտարապետները շարունակում էին մեծարել նրան։ Այդ օրը Ռաֆոն ամենից ուրախն ու երջանիկն էր իր ընկերների մեջ։
Սիրելի իմ ընկեր, Թբիլիսիում, Բարնովի վողոցի 73-րդ տան յոթերորդ հարկում գտնվող իմ արվեստանոցում ես բուխարիկ եմ շինել, ամեն անգամ, երբ ես նայում եմ այդ ամրոցակերպ բուխարիկին, որ շարված է քո հեղինակած հուշարձանի շինարարությունից նվիրածդ կարմիր տուֆից, ես մտաբերում եմ քեզ նույնպիսի, ջերմությամբ ու քնքշանքով, ինչպես մենք էինք վերաբերվում միմյանց քո կենդանության օրոք։