Ռաֆայել Իսրայելյան
  • Գլխավոր
  • ONLINE թանգարան
  • Նորություններ
  • Կենսագրություն
    • Լուսանկարներ
  • Աշխատանքներ
    • Հասարակական
    • Արդյունաբերական
    • Բնակելի
    • Ճարտ փոքր ձևեր
    • Հրապարակումներ
    • Գրաֆիկական
  • Հոդվածներ
  • Հուշեր
  • Տեսանյութեր
  • Մենք
    • Կապ
  • en_USEnglish
  • hyArmenian
  • ru_RURussian
1968

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալրիը

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալրիը
1968

Իսրայելյանի ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրընվիրված 1918 թվականին Սարդարապատում տեղի ունեցած ճակատամարտում հայ ազգի հերոսական հաղթանակին թուրքական կանոնավոր բանակի նկատմամբ: Թե՛ իր չափերով, թե՛ իր նշանակությամբ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը իր արժանի տեղն է զբաղեցնում ինչպես Իսրայելյանական և ընդանրապես հայկական ճարտարապետության, այնպես էլ համաշխարհային ճարտարապետական դասագրքային կոթողների շարքում: Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը գտնվում է Արմավիրի մարզի (նախկին Հոկտեմբերյանի շրջանի) Սարդարապատ գյուղի մոտակայքում: Սրադարապատի հերոսամարտի հուշահամալիրի պատմությունը սկսվում է 1965 թվականին: Այն ժամանկվա Հոկտեմբերյանի (այժմ Արմավիր) կուսշրջկոմի քարտուղար Վլադիմիր Դարբինյանը քանդակագործ Սամվել Մանասյանին առաջարկել էր Սարդարապատի հերոսամարտի 50-ամյակին նվիրված մի հուշաքանդակ կանգնեցնել: Քանդակագործ Մանասյանը մտածում է քանդակել ավտոմատավոր զինվորի արձան պատվանդանի վրա: Այնուամենայնիվ քանդակագործը որոշում է խորհուրդ հարցնել ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանից: Իսրայելյանը գտնում է, որ մտահղացումը նոր չէ, կրկնվող է. այն ժամանակ շատ-շատ էին այդպիսի հուշարձանները ողջ Խորհրդային Միության տարածքով մեկզինվոր ավտոմատով, զինվորերեխան գրկին, վիրավոր, ծնկաչոք զինվոր… Իսրայելյանը որոշում է, որ Սարդարապատի հերոսամարտի համար այդպիսի հասարակ հուշարձան չի կարելի կանգնեցնել՝ պետք է ստեղծել հզոր գործ: Ռաֆայել Իսրայելյանն իր իսկ նախաձեռնությամբ իրականացնում է հոյակերտ հուշահամալիրի նախագիծը: Իսրայելյանի նախագծային տարբերակները բազում էին: Ռաֆայել Իսրայելյանի Սարդարապատի հուշարձանախմբի առաջարկած նախագծի առաջին տարբերակը ավելի պաթետիկ էր ստացվել. նա նախատեսել էր զանգաշտարակի տեղում 40 մետր բարձրությամբ վիթխարի, երկնասլաց թուր կանգնեցնել: Այս գաղափարը դուր չի գալիս Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին: Քոչինյանն ասել էր. «Ռաֆո’, էդ երբվանի՞ց ես մատիտի փոխարեն թրով ման գալիս»: Քոչինյանն ակնարկում էր, որ վրեժխնդրության ձգտում հիշեցնող որևէ բան չի կարող հաստատվել Կենտկոմում: Ռաֆայել Իսրայելյանը թրի փոխարեն նախագծում է զանգաշտարակը: Հետագայում ճարտարապետն ինքն էլ այս տարբերակն արդարացված համարեց, քանի որ Սարդարապատի ճակատամարտի մասնակիցները հավաքվել ու թուրքական բանակին դիմավորել էին եկեղեցու զանգերի ղողանջներով:
Հոկտեմբերյանցիները շատ էին ոգևորված հերոսամարտի հաղթանակին նվիրված հուշահամալիրի կառուցմամբ: Համալիրի կառուցման միջոցները հատկացրել էին Հոկտեմբերյանի սովխոզներն ու կոլխոզները:
Համալիրի կառուցումը ընդմիջվում է, երբ պարզ է դառնում, որ միջոցները չեն բավարարում թանգարանի շինության կառուցման համար: Իսրայելյանը բոլորովին հուսահատվում է, որ իր նախատեսած «Ազգային ազատագրական պայքարի թանգարանաը» անորոշ վիճակում է մնացել. նա «Իմ գործերի մասի» հոդվածում գրել է. «Իմ մյուս աշխատանքը, որը ինձ համար նույնպես կենսական է, Հոկտեմբերյանում կառուցվող թանգարանի շենքն է, որի վրա մինչև հիմա էլ աշխատում եմ և հետևում շինարարությանը:
Ցավոք, այս կառույցը շինարարական ծանր վիճակում է և պահանջում է հատուկ ուշադրություն և վերաբերմունք, քանի որ դա մեր երիտասարդ սերնդիդաստիարակության համար կկատարի շատ կարևոր դեր»:
Սակայն Հնագետ Լավրենտի Բարսեղյանը նրան առաջարկում է տեր կանգնել այդ թանգարանին և այն նվիրել Հայաստանի ազգագրությանը: Այդ միտքը շատ էր ոգևորել հեղինակին, որը, դժբախտաբար չտեսավ այն ավարտված վիճակում: Բարսեղյանի ջանքերով գլուխ է գալիս թանգարանի ավարտման գործը: Հենց նա էլ դառնում է առաջին, հիմնադիր տնօրենը և մեծ ջանքերով ստեղծում հիանալի ազգագրական թանգարան, որը բացվեց 1978 թվականին: Այժմ այն կոչվում է Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան: Փաստորեն, ի վերջո իրականացավ և’ Իսրայելյանի մտահղացումը ազատագրական պայքարի ցուցադրման առումով, և’ Բարսեղյանի գաղափարըորպես Հայոց ազգագրության թանգարան: Համալիրի ընկալումը հերթականորեն բացվող ճարտարապետաքանդակային բաղադրիչների հստակ մտածված հաջորդականությունն ու ինտերվալները, հեղինակի կողմից դրված է որպես ծավալատարածական հորինվածքի հիմնադրույթ: Համալիրին մոտենալիս ուշադրությունդ միանգամից գրավում է ուղղաձիգ աստիճանավոր բարձրությունը, որի վրա տեղադրված են երկու առասպելական թևավոր ցուլերի կերպարներըաջ և ձախ կողմերում, ասես մուտքը պահպանող պահապաններ: Մեջտեղում, ուղղահայաց առանցքով ձգվում է զանգաշտարակը չորս պիլոններից կազմված: Երեք ուղղահայաց շարքերով բարձրանում են բարակիրան կամարները, ստորին կամարները խիստ բարձր, վերջին երկու շարքը ավելի ցածր, մեկական և երեքական զանգերկախված կամարներից: Զանգաշտարակը տեղադրված է աստիճանավոր պատվանդանի վրա: Զանգաշտարակի խորհրդանշական իմաստը, ինչպես նշվեց, մարտի կանչելն է, ինչպես 1918 թվականին բոլոր եկեղեցիների զանգերն են ղողանջել, կանչելով սուրբ պայքարի հանուն Հայաստանի գոյատևման: Բայց զանգերը բազմիմաստ են: Այս զանգերը նաև անմահ փառքի, հաղթանակի օրհներգման և երջանիկ կյանքի խորհուրդ են ստացել: Նախկինում ևս զանգի ղողանջը կապվում էր ուրախության և Աստծո հետ: Կարելի է օրինակ բերել Տաթևի վանքի զանգի արձանագրությունը. «Լսելի արա ինձ. տէր, զձայն ցնծութեան եւ զուրախութեան: ՉԾԱ թվ»:
Զանգաշտարակի վեց զանգերը ձուլված են Ֆրանսիայում: Մեղեդին մշակել է անվանի երաժշտագետ Ռոբերտ Աթայանը:
Արտակարգ խոր տպավորություն է թողնում այս զանգաշտարակը: Սրա լավագույն վկայություններից է լիտվացի հայտնի բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսի «Սարդարապատի զանգերը» բանաստեղծությունը, որը թարգմանել է Վահագն Դավթյանը: Մեջբերում ենք երկու տուն.
Ողբերգության պես ու սուրբ հավատի
Զանգերն են հնչում Սարդարապատի:
Ասես մարդկային արցունքները ջինջ
Խտացել այստեղ, դարձել են պղինձ:

Խտացել այստեղ, փոխվել են երգի
Ժամանակի մեջ ու տիեզերքի:
Ողբերգության պես ու սուրբ հավատի
Զանգերն են հնչում Սարդարապատի…
Աստիճաններով բարձրանալով, հայտնվում ենք երկար և լայն կանաչապատ ճեմուղու վրա, որը տանում է դեպի կոր պատը: Ճեմուղու երկայնքով մեկ, աջ կողմից միմյանցից հավասար հեռավորության վրա տեղադրված են հինգ արծիվների խիստ և հզոր քանդակները: Իսրայելյանի մտահաղացմամբ արծիվները պետք է նայեին դեպի Թուրքիա, բայց ԽՍՀՄ տարիների կոմպլիմենտար քաղաքականությունը թույլ չտվեց իրագործել այս մտահաղացումը և արծիվները նայում են դեպի Հայաստան: Արծիվների թևերի վերին մասում կան վարդյակներ, որոնցից ոչ մեկը չի կրկնվում:
Ճեմուղին ավարտում է հուշապատը: Կիսաշրջանաձև, լեգենդար թեմաներով քանդակված հուշապատն ամբողջ ճարտարապետական անսամբլի գաղափարական ավարտակետն է: Մեջտեղում մեծ կամարաձև բացվածք կա, որից ճանապարհ է գնում դեպի ազգագրության թանգարան: Հուշապատի ողջ մակերեսը պատված է այլաբանական պատկերներովբարու և չարի պայքար արտահայտված հրեղեն ձիերի և նրանց ոտքերի տակ կոխվող վիշապներով: Հայտնի է, որ հայկական քրիստոնեական պատկերագրության մեջ Քրիստոսի և Աստվածամոր ոտքերի տակ են չարը մարմնավորող վիշապները պատկերվում և հատկապես մկրտության տեսարանում միշտ Հիսուսը կոխում է վիշապին: Այստեղ կյանքի հաղթանակի և հերոսների անմահության գաղափարներն են արտահայտված խորհրդանշական ձևով և արձանագրությամբ«Հավերժ փառք Սարդարապատյան ճակատամարտի հերոսներին»: Հուշահամալիրի բացման նախորդ օրը Իսրայելյանը ստուգում է արդյո՞ք ավարտված են բոլոր աշխատանքները և հայտնաբերում, որ վերը նշված գիրը արված չէ, խուճապի չի մատվում, կանչում է 4 քարտաշ վարպետի և կավճով, առանց նախնական չափումների, գծագրերի, քանոնների և այլ անհրաժեշտ գործիքների գրում է որմնագիրը: Վարպետները փորագրելով շարժվում են ճարտարապետի ետևից: Կարճ ժամանակում, ի զարմանս բոլորի, աշխատանքն ավարտվում է: Գեղեցիկ տառերը շարվում են իրար ետևից, նույն չափի, զարմանալի ճշգրիտ ինտերվալներով: Հուշապատի հակառակ երեսին քանդակված են մարտիկներին հաց ու ջուր հասցնող աղջիկները, զենքը ձեռքին պայքարի ելած կանայք ու ծերերը:
Հուշահամալիրի բացման մասին արժեքավոր են ճարտարապետ Վ. Հարությունյանի հուշերը, որը մասնակցել է բացման հանդիսավոր արարողությանը. «Վերջապես ավարտվեցին շինարարական աշխատանքները և 1968 թվականի մայիսին տեղի ունեցավ հուշարձանախմբի հանդիսավոր բացումը, որին մասնակցելու էին եկել Երևանից, հանրապետության տարբեր քաղաքներից, Հոկտեմբերյանի շրջանի շատ գյուղերից, ինչպես նաև Սփյուռքից ժամանած հայեր: Հիրավի, դա բացառիկ մի իրադարձություն էր, որ առհավետ պիտի մնա մասնակիցների հիշողության մեջ: Ռաֆոյի հետ միասին բարձունքում կանգնած դիտում էինք, թե ինչպես մարդկային հոծ բազմությունը շարժվում էր խճուղով: Ընկերս հուզված էր՝ համակված հպարտության ազնիվ զգացումով: Դա ստեղծագործական հաղթանակի վայելման զգացումն էր: Սարդարապատի անսամբլը դարձավ եղեռնի զոհերի հուշարձանի նման մի նոր սրբատեղի»:
Ճարտարապետը մի փոքր ավելի ուշ է նախագծել սեղանատունն ու թանգարանը:
«Վարդավառ» կոչվող սեղանատան շենքի ծավալատարածական լուծումը գրավում է իր արտահայտչականությամբ: Առհասարակ ողջ համալիրի քարըտուֆը արտակարդ գրավիչ է իր գույներով ու երանգներով, գեղագիտական շատ մեծ ազդեցություն է գործում: Այս մասին արժե մեջբերել իր Իսրայելյանի հոդվածից մի հատված. «Կառուցված է «Վարդավառ» անունով սեղանատուն: Այստեղ կարծես մրցում են հայոց քարն ու հայ վարպետը: Թերևս այդ մրցությունն էլ փորագրել է տվել. «Փա’ռք հայոց քարին, քարի վարպետին»: Սեղանատան կենտրոնական մուտքից մտնելիս ընկնում ենք ձմեռային այգիներով, սյունաշարով թեք ծածկով դահլիճ, որը տաք եղանակին, խնջույքների համար անկրկնելի վայր է, լեցուն ազգային տոնախմբության ու ուրախության ոգով: Սրան հաջորդում է ուղանկյունաձև դահլիճը, որից մուտք է բացվում դեպի գլխավոր դահլիճը: Գլխավոր դահլիճը լուծված է իբրև կենտրոնագմբեթ սրահ՝ հազարաշենի ծածկով: Դահլիճների դասավորությունը ըստ էության ամֆիլադային է՝ մեկից մյուսը ընդարձակ մուտքերով: Գլխավոր դահլիճին հաջորդում է ևս մի ուղղանկյուն, չափով ավելի փոքր դահլիճ, որից ելք կա դեպի պատշգամբ: «Վարդավառ» սեղանատան ձևավորման ու բարեզարդման բոլոր մանրամասներըդեկորատիվ և կիրառական արվեստի բոլոր նմուշները մեծ սիրով կատարել է ինքը Իսրայելյանը: Սա վերաբերում է նաև թանգարանի շենքին: Ըստ որում, մետաղե ջահերի (ցլերի գլուխներով, հովազի ոճավորված պատկերով, վահաններով և այլն), մետաղե դռների բազմապիսի, անկրկնելի նմուշներ է ստեծել, տարբեր կերպ ձևավորել պատերը, բուխարիներև և այլն: Սրանք բոլորը շատ արժեքավոր են և ուշագրավ:
Սարդարապատի հուշահամալիրի թանգարանի շենքն արդեն իսկ բավական էր Իսրայելյանի անունը ինչպես խարհրդային, այնպես էլ համաշխարհային ճարտարապետության մեջ հավերժացնելու համար:
Ազգագրության թանգարանի շենքով եզրափակվում է Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիրը: Շենքը մտահղացված է իբրև ամրոց. խուլ պատեր, շքամուտք և երկու նեղ պատուհանմեկն ուղղված դեպի Արարատ լեռը, մյուսը դեպի Արագածը: Մուտքի հանգույցը տեղադրված է ճակատի ճիշտ կենտրոնում, քառաշերտ կամարաշարով պսակված բացվածքի տեսքով: Բացվածքի վերևում տեղադրված է հարթաքանդակ՝ վահան արծվի կերպարը վրան պատկերված, ետևում երկու թրերի մեջտեղումջահ: Հատակագիծը պարզ է, մոտենում է քառակուսու՝ երկարությունը — 64,9 մ, լայնությունը — 62,8 մ, բարձրությունը — 10,5 մ: Ամբողջ շենքի ծավալը երկհարկանի է, պարագծով ցուցասրահներն են՝ լայնությունը — 9,1 մ, կամարաձև կամարասրահների տեսքով: Շենքի արտաքին պատերին (բացի մուտքի հանգույցը կրող պատից) առկա եռանիստ ընդանուր հարթությունից դուրս եկող ծավալները ներսի կողմից ցուցադրության համար հիանալի տարածություն են ստեղծում: Կենտրոնական մասում նախագծված են երեք մեծ, իրար հաջորդող դահլիճներ՝ յուրաքանչյուրը 13,0 x 13,0 մ, բարձրությունը8,2 մ, որոնք ունեն «հազարաշեն» ավանդական ծածկ ու լուսավորվում են վերևից: Ինչպես Հաղթանակի Մոնումենտի լուծման մեջ, այնպես էլ Ազգագրության թանգարանի շինությունում, Իսրայելյանը լրիվ անլուսաթափանց թվացող շինության մեջ ստացել է բնական հիանալի լուսավորություն: Դահլիճները տեղադրված են մեկ առանցքի վրա և ունեն ամֆիլադային լուծում: Այստեղ ստեղծված է մի միասնական տարածություն: Այս դահլիճները օգտագործվում են պարբերական ժամանակավոր ցուցահանդեսների համար: Կենտրոնական դահլիճներին հարում են փոքր, թվով չորս կանաչապատ ներքին բակեր՝ յուրաքանչյուրը 12,4 մ x 12,4 մ, որոնց միջոցով ապահովվում է կամարասրահների լուսավորությունը և որոնք կարծես հաճելի դադար են առաջարկում ցուցադրություը լարված դիտողին: Շինության մեջ աստիճանները տեղադրված են մուտքի հանգույցը պարունակող պատի աջ և ձախ անկյուններում «աշտարակների» մեջ: Աստիճանավանդակների կենտրոններով անցնում են կախված մետաղե ջահերը: Շենքը աչքի է ընկնում ծավալատարածական և գեղարվեստական լուծումների միասնությամբ: Հայկական տուֆի այլ երանգները հասու են նաև շենքի ներսում դահլիճներում: Ինտերիերի լուծման մեջ գերիշխում են արթիկի տուֆի սալերից շարված կամարները, որ նույն ռիթմով աղեղում են հատակագծի քառակուսու բոլոր կողմերը: Ներքին կամարները պատված են հարթաքանդակով:
Հարթությունների մշակումը և ինտերյերներում, և ճակատների վրա աչքի է ընկնում զարմանալի արտահայտիչ պլաստիկայով, համաչափությունների ներդաշնակությամբ: Մշտական փոփոխվող արևի լուսավորության տակ ճակատները ստանում են յուրահատուկ երանգավորում: Ճակատները առանձնացված չեն մեկը մյուսից, դրանք գեղարվեստորեն միասնական են: Պատերի հարթություններում նրբորեն ներգծված են խորշերըշեշտելով ճարտարապետության պլաստիկան: Համաձայնեցված են որմնախորշերի չափերը՝ խորությունը — 1,5 մ, լայնությունը — 3 մ, բարձրությունը — 8,5 մ պատերի լայնության և երկարության հետ, ինչպես նաև համամասնությունները շենքի ընդհանուր հորինվածքի մեջ: Գլխավոր մուտքի հանգույցը պարունակող ճակատը հարթ է, միայն եզրերում կան կամարաձև որմնախորշեր և եզրափակող աշտարակաձև հնգանիստ «աշտարակներ»: Շինությունը արտաքնապես միաձույլ է, մոնումենտալ, ամրոցային, ներսից՝ հանգստացնող, լուսավոր, մարդկային: Այս երկու, թվում է թե անհամադրելի երկհակադիր թբացող կերպարները իրար մեջ են միահյուսված բացառիկ ներդաշնակությամբ: Թանգարանի շենքն իշխում է շրջապատին, հանդիսանում հորինվածքային դոմինանտ: Ամբողջության մեջ ստացվել է մի հորինվածք, որ բացարձակապես ժամանակակից է և միաժամանակ կապված հայ ազգային ճարտարապետության հետ: Կառույցի մեջ չկա ոչ մի ավելորդություն, ամեն ինչ տրամաբանական է, պարզ և իմաստալի:
Ամփելով նշենք, որ 1978-ին, Իսրայելյանի մահվանից հինգ տարի հետո ավարտին հասավ Հայաստանի ազգագրության թանգարանի շենքի շինարարությունը: Շենքի գլխավոր առանցքի վրա զետեղված երեք սրահները ծածկված են երդիկների ու գլխատների համակարգերով, կողքերից համաչափ տեղադրված են չորս բացօթյա բակ-ցուցասրահները: Կառույցի հատակագիծը պարզ է ու հստակ: Թանգարանի ճակատները սակավախոս են, իրենց ասելիքը տեղ են հասցնում նաև պատի կարմրավուն տուֆի միջոցով:
Ամբողջության մեջ ստացվել է մի կոմպոզիցիա, որը և՛ ժամանակակից է, և՛ հայ ճարտարապետության դասական գործ է:

Previous articleՆյու-Յորքի Սբ. Վարդան եկեղեցիNext article Մոնտեվիդեոյի Հայոց եկեղեցու նախագիծը

Վերջին ավելացումներ

Ինքնություն․ Ինչու՞ էին նրան Ռաֆո ասում․ ո՞վ էր նա2025
Նոր ցուցադրություն Հայաստանի գինու պատմության թանգարանում. Գինին՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի արվեստում2022
“Заболеть” Арменией, выставка “Родники-памятники”2021

Կատեգորիաներ

  • արդյունաբերական
  • բնակելի
  • Գրաֆիկական
  • Գրքեր
  • հասարակական
  • հոդվածներ
  • հուշեր
  • հրապարակումներ
  • ՃՁՓ
  • Նորություններ
  • տեսանյութեր

Որոնման ուղորդիչներ

qarnujury իսրայելյանիերևան

© Բոլոր իրավունքները պաշտպանված են 2008-2020 թ:
Կայքից նյութերը հրապարակելու համար պարտադիր է հղումը կայքին:

Կայքի հեղինակ` Արամ Ղանալանյան

Մենք FB-ում

https://www.facebook.com/Rafael-Israelyan-377635880880/