Ռաֆայել Իսրայելյան
  • Գլխավոր
  • ONLINE թանգարան
  • Նորություններ
  • Կենսագրություն
    • Լուսանկարներ
  • Աշխատանքներ
    • Հասարակական
    • Արդյունաբերական
    • Բնակելի
    • Ճարտ փոքր ձևեր
    • Հրապարակումներ
    • Գրաֆիկական
  • Հոդվածներ
  • Հուշեր
  • Տեսանյութեր
  • Մենք
    • Կապ
  • en_USEnglish
  • hyArmenian
  • ru_RURussian
1950

Մոնումենտի հուշահամալրիը

Մոնումենտի հուշահամալրիը
1950

1944 թվականին, երբ զորքերը հաղթականորեն մտնում են ֆաշիստական Գերմանիայի տերիտորիան, խորհրդային իշխանությունները որոշում են կայացնում ի նշանավորումն այդ իրադարձության Երևան քաղաքում կառուցել հաղթակամար: Հայտարարվում է բաց մրցույթ, որին մասնակցում են բազում մեծանուն ճարտարապետներ, ի թիվս այլոց՝ Գ. Աղաբաբյանը, Գ. Թամանյանը: Մրցույթում առաջին մրցանակին է արժանանում Ռաֆայել Իսրայելյանը «Մարտիկին» հաղթակամարով, բարձր տեղեր են գրավում՝ «Փառք» հաղթակամարը, հեղինակներ՝ Արա Սարգսյան, Էդմոնդ Տիգրանյան և Գրիգոր Աղաբաբյան, «Գրանիտ» հաղթակամարը, հեղինակներ՝ Գևորգ Թամանյան և Սուրեն Ստեփանյան, «Հայաստան» հաղթակամարը, հեղինակ՝ Սոս Մանուկյան: Հաջորդիվ որոշվում է հաղթակամարի փոխարեն հաղթանակի մոնումենտ կառուցել, որի ծավալում պետք է հաղթանակի թանգարանի շինություն տեղավորվեր և առավել ուշադրություն է դարձվում շինության Երևան քաղաքի բոլոր ծայրերից երևալուն: ՀՍՀ Կենտկոմի քարտուղար Գ. Հարությունյանի հանձնարարությամբ ընտրված տեղում բարձր սյուն է կանգնեցվում ստուգելու համար ընտրված վայրի տեսանելիությունը քաղաքի տարբեր հատվածներից:
Որպես հաղթակամարի մրցույթի հաղթողիՀաղթանակի մոնումենտի ստեղծման խնդիրը դրվաում է Իսրայելյանի վրա, նմանօրինակ շինությունը չուներ իր նախատիպը և պահանջում էր նորովի մոտեցում, նոր ձևի որոնում. Արձանը պետք է հնչեր նորովի, պատվանդանի մասնակցությունը պետք է լիներ ակտիվ, ունենար նոր մեկնաբանություն: Այդ ամենը բխում էր նաև պատվանդանի չափերից, որ պետք է նշանակալիորեն մեծ թանգարանի ծավալն ու գործառույթը պարունակելու համար: Բազմաթիվ քանդակային մոնումենտները, որոնք ունեին շատ դարերի ընթացքում որոշակի ձևերով մշակված կերպար, չէին կարող նախատիպ ծառայել խնդրի լուծման համար: Եթե հուշարձանի ծավալատարածական հորինվածքը լուծվեր եղած նմանօրինակ շինությունների կերպարով, ապա կստացվեր արհեստականորեն մեծացված, մասշտաբազուրկ ստեղծագործություն: Խնդիրը պետք է լուծվեր մի այնպիսի ծավալի ստացմամբ, որի ձևերի մեջ զգացվեր զանգվածի ոչ թե միաձույլ լինելը, այլ ներքին տարածությունը, և միաժամանակ այդ ծավալը չկորցներ իր հիմնական դերըայն, որ նա պատվանդան է արձանի համար: Ուստի և պետք էր գտնել նոր արտահայտությունը՝ սովորական պատվանդանի և ծավալային կառույցի միջինը, որի մեջ զգացվեր իր իսկական չափն ու ամփոփ ներքին ծավալը: Պետք էր ստեղծել այնպիսի կառույց, որի դերը գլխավորապես արտահայտվեր ոչ միայն արձանը կրկնելու մեջ, այլապես դուրս կգար թանգարանային սովորական մի շինություն, որ կլիներ միանգամայն անընդունելի: Ամբողջական կառույցի զգացողություն առաջացնող պատվանդան ստանալու համար հիմնական ծավալը բաժանվում է և՛ ուղղաձիգ, և՛ հորիզոնական ուղղություններով: Դրա շնորհիվ պատվանդանը ձեռք է բերում ներքին մասնատում ունեցող կառույցի ձևեր: Իսրայելյանը ծավալները մասնատել է այնպես, որ դրանք իրենց համաչափություններով արտացոլում են հարկերի չափերը: Մասշտաբ ստեղծելու լրացուցիչ, օժամդակ էլեմենտներ են հանդիսանում քիվերը, աստիճանները և մուտքային հանգույցները: Իսրայելյանի արխիվում տասնյակներով տարբերակներ կան ինչպես հենց մոնումենտի, այնպես էլ դրան նախորդած հաղթակամարի տարբերակներ, որոնք խիստ տարբերվում են միմյանցից, անգամ իրարամերժ մոտեցումներով և ճարտարապետահատակագծային լուծումներով: Ի դեպ, այս մոտեցումը հատուկ է Իսրայելյանի ցանկացած կառույցի նախագծման գործընթացին: Մոնումենտի էսքիզային տարբերակներում առկա են լուծումներ, որոնցում հենց նույնայժմյան ծավալի վրա մարդու արձանի փոխարեն արծվի արձան է տեղադրված թրով և վահանով, մի այլ տարբերակում անմար կրակն է արձանի փոխարեն բազում փողերից վառվող … շատ այլ տարբերակներ, յուրօրինակ և միանգամայն մոնումենտի սիմվոլիկան կրող:
Նյութի և գույնի ընտրության խնդիրը ևս կարևոր էր, քանզի տվյալ շինությունը տեսանելի էր լինելու քաղաքամայրի կենտրոնի բազում կետերից: Իսրայելյանը ընտրում է մուգ դարչնագույն երևանյան տուֆը, որը ստեղծում է օրգանական կապ շրջակա բնության՝ այն է բարձունքի հետ, որի վրա վեր է խոյանում կառույցը, ասես լեռան մի մասը, շարունակությունը լինի: Մոնումենտի կոպոզիցիոն գլխավոր կողմնորոշունը ընտրվում է այժմյան Մաշտոցի պողոտայի առանցքը:
Մոնումենտի ընդհանուր ձևը դեպի վեր հարաճող, ձգվող ծավալներ են: Արձանի և պատվանդանի հարաբերությունը մեկը երեքին է՝ 51 և արձանը 17 մետր: Այս համաչափությունը կոչված է կարևորելու բուն շինության դերը և այն չստորադասելու արձանից: Կառույցի ստորին ծավալը գրեթե քառակուսի հատակագծով պոդիում է, որի կողերի երկարությունը գրեթե 37 մետր է, պոդիումի վերին մակերեսը ընդարձակ տերասա է, որը շրջապատում է պատվանդանի հիմնական զանգվածը: Պոդիումի առջևի մասում է գտնվում 20 մետր լայնություն ունեցող աստիճանաշարը, որը տանում է դեպի թանգարանի գլխավոր մուտքը: Պոդիումի հետևի մասում կառուցված են երկու սանդղաշարեր, որոնք տեղադրված են կենտրոնական առանցքի հանդեպ սիմետրիկ կերպով: Սանդուղքները զարդարված են չկրկնվող բուսական (ֆլորալ) զարդաքանդակներով: Պոդիումի պարագծով տեղադրված են 14 քարակոփ ջրհորդաններ: Մոնումենտի երկրորդ ծավալը ավելի նեղ է, բարձր է պոդիումից՝ ունի 5 մետր բարձրություն: Այս ծավալի ձևը կոնտրաստի մեջ է մտնում պատվանդանի հիմնական ծավալի հետ ավելի ընդգծելով նրա բարձրությունը և հանդիսանում է կապող օղակ պատվանդանի և պոդիումի միջև: Այս ծավալի պատերին կան քարե ելուստներ, որոնց վրա, զարդաքանդակով շրջանակված, պատկերված են Հայրենական Մեծ պատերազմի մասնակից սովետական բանակի զորքերի բոլոր տեսակների զինանշանները: Քարե ելուստները միաժամանակ կիրառելի են, նրանք հենարաններ են՝ տոնական օրերին մոնումենտը դրոշներով զարդարելու համար: Սրանով իսկ Իսրայելյանը հստակ նշել է տոնական զարդարանքի տեղն ու չափը մոնումենտի կերպարը չաղավաղելու համար: Այս երկրորդ ծավալի հիմնական էլեմենտը հիմնական մուտքի հանգույցն է՝ վարդյակներով շրջապատված: Վարդյակները թվով 19 են: Այս վարդյակների կամարը ունի խորհրդանշական իմաստ՝ նրանում է այն մշտադալար ծաղկեպսակը, որը դրվում է պատերազմի անթիվ զոհերին, միաժամանակ սրանում կարելի է տեսնել հաղթակամարի գաղափարը: Կոմպոզիցիոն տեսակետից, նույնպես, չափազանց կարևոր դեր է խաղում վարդյակների կամարը՝ տալով շինության հերոսական, մոնումենտալ մասշտաբին հումանիստականմարդկային մասշտաբ, որի շնորհիվ աստիճաններով բարձրացողը, մուտք գործողը իրեն չի զգում փոքր և գլխակոր 51 մետրոանոց հսկայածավալ շինության համեմատությամբ: Վարդյակները չեն կրկնվում չեն և ամենակարևորն այն է, որ հեղինակը դրանք գծել է տեղում քարի վրա: Դրանք տաշվել են հեղինակի անմիջական ղեկավարությամբ և մասնակցությամբ: Արժանահիշատակ են Ա. Ղանալանյանի հիշողությունները Իսրայելյանի հետ Մոնումենտի շինարարությանը այցելելու մասին՝ «…Ներքին խանդավառությամբ առլեցուն, պատմելու ընթացքում Իսրայելյանը հերթով մոտենում էր Հաղթանակի հուշարձանի պատվանդանի դահլիճների պատերին և գլխավոր մուտքի դռանը փարագրված զարդաքանդակներին, ձեռքի ափով նրբորեն շոյում իր երևակայության ուժով ծաղկած անշունչ քարերը, ինչպես ծնողը կշոյեր սիրասուն զավակների գանգուրները…»:
Մոնումենտի նախասրահը անսասան և կայուն հիմք է նրա վրա նստած պատվանդանի համար, առաստաղը լուծված է խաչվող կրկնակի երկաթբետոնե կամարներով: Վարի հարկի ծավալը կլոր դահլիճ է, հիմնական դահլիճից տրամագծորեն փոքր, շրջապատված է 4 քառանկյունաձև դահլիճներով: Բուն պատվանդանի ներքին ծավալը կլոր դահլիճ է ամփոփված լուսավոր կամարով, որն արտահայտում է հաղթանակի գաղափարը, ազգի թռիչքը դեպի լուսավոր ապագան՝ կենսալից թափով դեպի վեր ձգվող: Արտաքինից բացարձակ խուլ պատերից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ներքին ծավալները լրիվ մութ են և լուսավորությունը բացառապես արհեստական է, բայց միանգամայն ապշեցնող է լուսավորման լուծումը, որի շնորհիվ գմբեթատակ ողջ ծավալը ողողված է արևի ճառագայթների մեջ:
Մոնումենտի կոնստրուկտիվ լուծումը կոմբինացված է, օգտագործված են ինչպես երկաթբետոնե կոնստրուկցիաներ, այնպես էլ քարի կրող կոնստրուկցիաներ, անկյունային որմնամույթեր, երկաթբետոնե կամարներ և գմբեթ, որոնց շնորհիվ կառույցը միանգամայն սեյսմակայուն է, կոնստրուկտորներն են եղել փրձառու ճարտարագետներ Ա. Սարգսյանը և Ա. Մնացականյանը:
Իսրայելյանը մանրազնին կերպով մշակել է բուն մոնումենտին հարող բոլոր ճարտարապետական փոքր ձևերն ու դեկորատիվ տարրերը՝ ճաղեր, լուսասյուներ և այլն:
Մոնումենտի շինության վրա որոշված էր տեղադրվել է Ի. Ջուգաշվիլու արձանը: Բանակցությունների արդյունքում հանրաճանաչ, տաղանդավոր քանդակագործ Սերգեյ Մերկուրովը համաձայնվում է իրականացնել 18-20 մետր բարձրություն ունեցող արձանկոփածո պղնձից: Ս. Մերկուրովը ուներ քանդակների իրականացման վիթխարի փարձ, որոնցից էին Մոսկվա-Վոլգա ջրանցքի երկու ափերին 18 մետր բարձրությամբ ֆիգուրները: Մերկուրովը, որը շատ սկզբունքային և իր գաղափարներից հետ կանգնող մարդ չէր, հիացմունքով է ծանոթանում Մոնումենտի կառույցի նախագծին և շատ արագ ընդհանուր աշխատանքային լեզու է գտնում Իսրայելյանի հետ: Կարճ ժամանակում նրանք ընկերանում են: Այդ ընկերության ապացույցն է Սկոպասի Մենադայի կրկնօրինակը, որը Մերկուրովը պատրաստում է և ընծայում Իսրայելյանին: Ս. Մերկուրովի հեղինակած արձանը տպավորիչ էր և վեհաշոուք, կրում էր առաջադրված խնդրի լուծումն ամբողջ ծավալով, արտահայտում պատկերված անձի կերպարը և սիմվոլը ամբողջապես: Արձանը իր ուրվագծով, ծավալով, համաչափությամբ չափազանց ներդաշնակ էր Մոնումենտի ծավալատարածական լուծման հետ: Այն հանդիսանում էր շինությունը եզրափակող, ամբողջացնող էլեմենտ: Ոչ անհիմն տեսակետ կա, որ ԽՍՀՄ տարածքում Ի. Ջուգաշվիլու լավագույն արձանն էր:
Հետագայում «ազգերի հոր» արձանը՝ այն ժամանակի քաղաքաշինության նախարար, Իսրայելյանի սիրելի ընկեր Գուրգեն Կանեցյանի ղեկավարությամբ այնպես զգուշորեն է հանվել, որ շինությանը ոչ մի վնաս չի պատժառել:
Որոշվում է արձանի տեղը թափուր չթողնել և նրա տեղում կանգնեցնել «Մայր Հայաստան» քանդակը: Այդ ժամանակ արդեն ողջ չէր հանճարեղ քանդակագործ Ս. Մերկուրովը:
1955-ին քանդակի իրականացումը Իսրայելյանի միջնորդությամբ հանձնարարվեց քանդակագործ Արա Հարությունյանին: Արժեքավոր է Մ. Գրիգորյանի կարծիքը սրա վերաբերյալ՝ «…կարծում եմ, հեղինակները մինչև վերջ չգտան ստեղծագործական այն փոխըմբռնումը, որ լիակատար հաջողության գրավականն է:»: Քանդակը ո’չ չափով, ո’չ ծավալով ու ձևով ամենևին ներդաշնակ չէ «պատվանդանին»:
Իսրայելյանը իր գործուն մասնակցությունն է ունեցել թանգարանի էքսպոզիցիայի ստեղծմանը: Մեծ հայրենական պատերազմի հաղթանակի թանգարանը բացվել է 1970 թվականին:

Հիմնական ծավալ և ինտերիեր

Քանդակային էլեմենտներ

Տարբերակներ և էսքիզներ

Հաղթակամարի տարբերակներ

Previous articleԱղբյուր – հուշարձան ԱլավերդիումNext article Հրազդան գետի ակվեդուկը

Վերջին ավելացումներ

Ինքնություն․ Ինչու՞ էին նրան Ռաֆո ասում․ ո՞վ էր նա2025
Նոր ցուցադրություն Հայաստանի գինու պատմության թանգարանում. Գինին՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի արվեստում2022
“Заболеть” Арменией, выставка “Родники-памятники”2021

Կատեգորիաներ

  • արդյունաբերական
  • բնակելի
  • Գրաֆիկական
  • Գրքեր
  • հասարակական
  • հոդվածներ
  • հուշեր
  • հրապարակումներ
  • ՃՁՓ
  • Նորություններ
  • տեսանյութեր

Որոնման ուղորդիչներ

qarnujury իսրայելյանիերևան

© Բոլոր իրավունքները պաշտպանված են 2008-2020 թ:
Կայքից նյութերը հրապարակելու համար պարտադիր է հղումը կայքին:

Կայքի հեղինակ` Արամ Ղանալանյան

Մենք FB-ում

https://www.facebook.com/Rafael-Israelyan-377635880880/