Ռաֆայել Իսրայելյան
  • Գլխավոր
  • ONLINE թանգարան
  • Նորություններ
  • Կենսագրություն
    • Լուսանկարներ
  • Աշխատանքներ
    • Հասարակական
    • Արդյունաբերական
    • Բնակելի
    • Ճարտ փոքր ձևեր
    • Հրապարակումներ
    • Գրաֆիկական
  • Հոդվածներ
  • Հուշեր
  • Տեսանյութեր
  • Մենք
    • Կապ
  • en_USEnglish
  • hyArmenian
  • ru_RURussian
1937

«Արարատ» տրեստի գինու մառանները

«Արարատ» տրեստի գինու մառանները
1937

"մայրաքաղաքի կենտրոնում հաստատված գինու միջնաբերդ"

Ռ․ Իսրայելյան

Գինու մառանները Իսրայելյանի առաջին մեծ աշխատանքն է, որի կառուցումը սկսվել է 1937 թվականին: Այս հսկայածավալ աշխատանքը Իսրայելյանը սկսել է նախագծել է Գևորգ Քոչարի արվեստանոցում (կոնստրուկտոր՝ Ա. Մարտիրոսյան):
Համալիրը իրականացված է բարդ տեղանքի վրա, Հրազդան գետի զառիվայր ափին, մասամբ Երևանի բերդի երբեմնի տեղակայման վայրում, գրավված 1828 թվականին ռուս-պարսկական պատերազմի ժամանակ: Այնուհետև այս տարածքում են տեղավորվել Շուստովի գինու մառանները: Հիմնական հորինվածքային մտահաղացումը ձգված, պարփակ, ոչ կանոնավոր բազմանկյուն է:
Հեղինակը այս կառույցի մասին գրել է. «Արարատ» տրեստի գինու մառանների կոմպոզիցիայում կարևորը խուլ պատի մոտիվն է, որ պահանջում էր կապվել Հրազդանի ժայռեղեն ափի հետ: Գլխավոր խնդիրն էր ցույց տալ ամուր մի պատ՝ հարուստ, բայց և այնքան զուսպ իր բովանդակությամբ, որ նա, այնուամենայնիվ, քարաշար պատ լինի և ոչ թե մի այլ բան»:
Շինության մեջ գինին պահպանվում է տակառներում: Ըստ տիպաբանական առանձնահատկությունների և գինու արտադրության տեխնոլոգիայի գինու հասունացման համար պահանջվում է մշտական ջերմաստիճանի, խոնավության և բնական օդափոխության պահպանում: Սովորաբար շենքի տիպաբանական առանձնահատկությունները հանդիսանում են շինության արտաքին կերպարի ձևավորման հիմնական գործոն, բայց Իսրայելյանը, ի հակադրություն, տիպային արդյունաբերական շինարարության պարզունակ և միապաղաղ հորինվածքի, շինությանը հաղորդել է բերդաքապարիսպի տեսք, հիշատակելով Երևանյան բերդի տեղակայումը, ընդգծելով հրազդանյան կիրճի զառիթափը, պատմագեղագիտական ակցենտավորում տալով շրջակա միջավայրին: Կառույցը ընկալվում է շրջակա ողջ միջավայրի, ձորի, կամրջի, շրջակա շինությունների հետ միասնականության մեջ:
Շինությունը ողջ երկայնքով ունի երկմաս վերտիկալ բաժանում՝ զրոյական նիշից վեր են հառնում մեծամասշաբ կամարներ, այնուհետև կամարաշարին հաջորդում է քիվը, որից հետո տեղադրված են լուսամուտները, տանիքը հարթ է (թեք տանիքը ավելացվել է 2000 թվականին, չի նախատեսվել հեղինակի կողմից): Շինության ճակատին առկա են խուլ կամարաշարի տարրեր: Օգտագործված է հռոմեական օրդերը, սակայն Իսրայելյանը վերջինիս մոտեցել է շատ ազատ՝ շեղվելով մոդուլային համակարգի կանոններից: Քիվն արված է անսովոր ձևով, առանց դասական քիվին բնորոշ մոդուլյոնների և ատամիկների, բայց միանգամայն անսպասելի ատամիկներ են արված արխիտրավի տակ: Բոլոր խոյակները անկրկնելի են և կրում են ժողովրդական թեմատիկա: Այս պսևդոսյունաօրդերային համակարգի կիրառումը կատարված է միայն ու միայն հայկական ճարտարապետության ոգով, այն աստիճան, որ գրեթե չեն զգացվում սյունաշարում կիրառված ձևերի բուն ակունքները: Նման մոտեցման կարող ենք ականատես լինել միջնադարյան հայկական ճարտարապետության գոհարներում, օրինակ Պտղնիի եկեղեցու որմնասյուներում:
Հարթ պատի կամարներից երկուսի արանքում ընկնող տարածությունում Իսրայելյանը իրականացրել է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Կոջոյանի պատկերած եղնիկը՝ հարգանքի տուրք մատուցեով նրա ստեղծագործությանն ու անհատին, հարթաքանդակի ներքի մասում գրված է՝ «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ ՀԱԿՈԲ ԿՈՋՈՅԱՆԻ ԱՅՍ ԵՂՆԻԿԸ ՔԱՆԴԱԿԵՑԻՆՔ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ»:
Մեկ այլ կամարի ներքևի ձախ անկյունում հարթաքանդակի վրա փորագրված է Այգեկցու առակների աղվեսը, որը չի հասնում խաղողներին:
Կենտրոնական կամարաձև մուտքի վերևում կա ևս մեկ հարթաքանդակ, որի վրա պատկերված է կրկին Վարդան Այգեկցու «Գինի» առակի արքայազնը, որը, չնայած գինի խմելու թագավորի արգելքին, ամեն օր թաս գինի էր խմել և այնքան էր ուժեղացել, որ սպանել էր առյուծին: Մի քիչ շեղվելով բուն նյութից, արժե նշել այն հանգամանքը, որ Իսրայելյանը մեծ գիտակ էր ոչ միայն համաշխարհային գրականության, այլև հայկական ու տարբեր ժողովուրդների բանահյուսության, որ միշտ ուղեկցում էր նրան:
Բացի հարթաքանդակներից Իսրայելյանը շարունակել է պատերին արձանագրություններ իրականացնելու հին հայկական ավանդույթը: Մասնավորապես պատի վրա դեպի ներս փորագրած շրջանակի մեջ հնարավոր է կարդալ՝ «ԱՅՍՏԵՂ 1827 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԵՂԻՆԱԿԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԲԵՄԱԴՐՎԵՑ ՌՈՒՍ ՄԵԾ ԳՐՈՂ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԵՐԳԵԵՎԻՉ ԳՐԻԲՈԵԴՈՎԻ «ԽԵԼՔԻՑ ՊԱՏՈՒՀԱՍ» ԱՆՄԱՀ ԿՈՄԵԴԻԱՆ» երկլեզու արձանագրությունը: Սրանից բացի, նույնանման շրջանակի մեջ հանդիպում ենք «ՀԱՅՐԵՆԱՇԵՆ ԱՇԽԱՏԱՎՈՐ՝ ԱՅՍ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ԵՆՔ ՄԵՆՔ ԱՄԲԱՐՈՒՄ Է ՅՈՒՐ ՄԵՋ ԳԻՆԻՆ ՔՈ ՄԱՅՐ ՀՈՂԻ: ԵՐԲ ՎԱՅԵԼԵՍ ԱՅՆ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆԴ ԺԱՄԻՆ ՈՒ ԳՈՎԵՐԳԵՍ ՍՈՎԵՏԱԿԱՆ ԵՐԿՐԻԴ ԽԱՂԱՂ ԿՅԱՆՔԴ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՀԻՇԻՐ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻՍ: 1956 Թ»:
Միասնական, ձգվող ծավալը ընդատվում է աշտարակով, որի ներքևում էլ տեղադրված է շինության հիմնական մուտքը: Շենքի կառուցումը ճարտարապետի կյանքի օրոք չի ավարտվել: 1970-ականների սկզբին նա գրում է. «… քառորդ դար ընդմիջումից հետո, շարունակում եմ աշխատել «Արարատ» տրեստի մառանների կառուցապատման շարունակության նախագծի վրա: Սա մի անհատնում խոսք է, մի բազմավեպ, որի գործող անձինք անընդհատ փոխվում են, ավելանում, որպեսզի շարունակեն նախորդների արածը, մեծացնենու հարստացնենհայոց գինու հրաշալի ամբարները: Եվահա այդ գործարանը, հետզհետե զարգանալով, պիտի մոտենա իր հիմնական կերպարին, Հրազդանի ժայռապատ ձորի գլխինվեր խոյանա որպես մի հուժկու ժայռակոփ բերդ»:
Շենքի արևմտյան ծայրում 2012 թվականին կառուցվել է նախագծով նախատեսված, բայց չկառուցված վարչական աշտարակը (աշտարակի նախագիծը որաշակի ձևափոխումներով մշակել և կառուցել է ճարտարապետ Ս. Սարդարյանը), որի բարձր և սլացիկ ծավալը Երևանի կենտրոնի այս հատվածի ուրվագծին որոշակի հետաքրքրություն է հաղորդում: Շինության, կրող կոնստրուկցիա հանդիսացող քարե պատերը կոպտատաշ բազալտից են՝ ժայռի մոնոլիտությունը չխախտելու ժայռապարիսպի գեղարվեստական կերպարի ամբողջականություն հաղորդելու համար: Ինչպես և Հաղթանակի Մոնումենտի շինության մեջ, քարի գույնի ընտրությունը կատարված է առանձնակի կարևորմամբ, շենքին բնության շարունակություն, խիստ օրգանականություն հաղորդելու հստակ և վարպետորեն լուծված խնդրի առաջադրմամբ: «Արարատ» տրեստի գինու մառանների շինությունը այն առաջին շենքերից է, որը հանդիպում է թամանյանական Երևան մուտք գործելիս ինչպես Էջմիածնի կողմից մոտենալիս, այնպես էլ օդանավակայանից Երևանի կենտրոն մտնելիս: Իրավամբ հոյակերտ տեսարան է բացվում Հրազդան գետի դիմացի ափից, երբ մոտենալով Հաղթանակի կամրջին դիմացդ են հառնում Իսրայելյանական գինու գործարանը և նույն հեղինակի Սբ. Սարգիս եկեղեցին:

Ռակուրս, ճակատ
Ճակատ
Ճակատ
Կողային Ճակատ
Անյուն
Կողային ճակատ
Գինու կարաս դեկոր
Մուտք
Սասունցի Դավիթը
Տեսքը փողոցից
Դեկոր
Դեկոր
Դեկոր
Դեկոր
Դեկոր Արգեկցու առակի աղվեսը
Դեկոր
Դեկոր
Դեկոր
Դեկոր
Դեկոր
Դեկոր
Խոյակ
Խոյակ
Խոյակ
Ճակատը կամուրջից
Ռակուրս ճակատի հատված
Գինու կարաս դեկոր
Գրություն
Գրություն

Գինու գործարանը գիշերը

Next article Բնակելի տուն Երևանի Նալբանդյան փողոցում

Վերջին ավելացումներ

Ինքնություն․ Ինչու՞ էին նրան Ռաֆո ասում․ ո՞վ էր նա2025
Նոր ցուցադրություն Հայաստանի գինու պատմության թանգարանում. Գինին՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի արվեստում2022
“Заболеть” Арменией, выставка “Родники-памятники”2021

Կատեգորիաներ

  • արդյունաբերական
  • բնակելի
  • Գրաֆիկական
  • Գրքեր
  • հասարակական
  • հոդվածներ
  • հուշեր
  • հրապարակումներ
  • ՃՁՓ
  • Նորություններ
  • տեսանյութեր

Որոնման ուղորդիչներ

qarnujury իսրայելյանիերևան

© Բոլոր իրավունքները պաշտպանված են 2008-2020 թ:
Կայքից նյութերը հրապարակելու համար պարտադիր է հղումը կայքին:

Կայքի հեղինակ` Արամ Ղանալանյան

Մենք FB-ում

https://www.facebook.com/Rafael-Israelyan-377635880880/