Հեղինակ: Դավիթ ՍտեփանյանԱմսաթիվ: Thursday, Սեպտեմբեր 8, 2016
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի դիմաց՝ փողոցի այն մասում, որտեղ մի փոքր հետ ընկնող բաց տարածություն է առաջանում սեփական տների միջև, պատերի երկու միանման սիլուետներ են կանգնած՝ մեկը մյուսի հանդեպ հայելաձև պատկերմամբ։ Քարե վարագույրների նման դրանք կարծես անջատվել են իրարից` հայկական բնաշխարհը գովերգող ներկայացում ցուցադրելու համար։
Երկու կոթողները միմյանցից 3.5 մ հեռավորութամբ բաժանող օդային տարածությունը յուրահատուկ մի էկրան է, որի վրա ծավալվող գործողությունը բնության տարերային կյանքից վերցված դրվագ է։
Ժամանակին նրա գեղարվեստական արտահայտչականությունն անաղարտ էր։ Քամուց օրորվող ծառերի ճյուղերը, ծլվլացող թռչունները, բաց երկինքն ու Արարատ լեռը, որպես կենդանի բնանկարի պլաններ, ներգծվում էին զույգ պատերով ստացված այդ շրջանակի մեջ։ Ստորին հատվածում պատերը միավորող նեղ ու ձգված շերտի միջով կողաքարերից թափվող ջուր էր հոսում՝ մի փոքր առվակ գոյացնելով։ Տարիներ անց շրջանակն իր դերը չի փոխել՝ շարունակելով ընդգծել տվյալ պահն ու ժամանակը բնորոշող առանձնահատկությունները։
Ներկայումս ցուցադրվող այդ բնապատկերի մեջ աճել ու փարթամացել են ծառերը, ավելացել են կենցաղային տեսարանները և անտարբեր ձևով առաջ է եկել մի անշուք բնակելի տուն՝ գրավելով էկրանի զգալի հատվածը։ Առվի միջի ջուրը ցամաքել է, տեղը խոտեր են աճել։ «Քարե վարագույրներըե միշտ բացված մնալով անցորդի աչքի առջև՝ ճշմարտացիորեն արտացոլում են իրականությունը։
4.3 մ չափով վեր խոյացող այդ պատերից ամեն մեկն ունի մի թեք նիստ։ Իրար հանդեպ դրանց համապատասխան դասավորվածության շնորհիվ ստացվել է այնպես, որ «վարագույրներըե ոչ թե որպես իրարից հեռացող, այլ իրար ձգտող ծավալներ են ընկալվում։
Եթե հայելաձև շրջենք ամեն մի պատն այնպես, որ թեք նիստերը մեկը մյուսի դիմաց ընկնեն, և նորից դիտարկենք միայն ուրվագիծը, կունենանք իրար վանող ծավալներ։
Նշված դեպքում ներքևի մասում լայնացող հիմքի մոտի սուր անկյունները մեկը մյուսի հանդեպ լարվածություն կարտահայտեն, այնինչ ուղղահայաց նիստերը հանգիստ իրար շոշափելու հնարավորություն ունեն (նկ. 3)։ Բացի այդ, ճարտարապետության մեջ դեռ մնացել է հին Հունաստանից եկող, կառույցի կամ նրա առանձին տարրի՝ մարդու կերպարին նույնացվող ընկալումը։ Այս առումով էլ տվյալ դեպքում կոթողը դեմքերով հակադիր կողմեր նայող և իրարից նեղացած ու հեռացող կերպարների կնմանվեր։
Պետք է նշել սակայն, որ իրականացված տարբերակում ծավալները չնայած միմյանց ձգտող են, բայց գրկող կամ միավորվող չեն, ինչպես որ կլիներ այն ժամանակ, եթե դեմ հանդիման նայող նիստերը մեկը մյուսին լրացնող նկարվածք ունենային։
Երկու կոթողներն էլ չունեն իրար մեջ մտնելու հնարավորություններ ընձեռնող տարածություններ։
Պատերի հենց այսպիսի կերտվածքն ու նման դասավորությունը հիմնավորված կերպով ընտրել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։
Ծավալային լուծման մեջ տվյալ եզրահանգման պատճառը պարզելու համար անհրաժեշտ է անդրադառնալ հուշարձանի բովանդակությանը, ինչը բացահայտում են նրանում առկա մանրամասները։ Մի նախշ է աչքի ընկնում ձախակողմյան պատին, որը, չնայած իր երկրաչափական պարզ ձևին և հարթաքանդակային պատկերմանը, հայկական նշան չի։ Նրա ձևավորման պատմությունը ծագել է ուրիշ տարածաշրջանում և ունի դիցաբանական ակունքներ։
Հեթանոս սլավոնների մոտ տարածված էր կրակի պաշտամունքը։ Մարդիկ պատկերացնում էին, որ Ժիժալ անունով մի կախարդ շրջում է գետնի տակ, և այնտեղից կրակ է արտաժայթքում։ Եթե կրակը մարմանդ է լինում, հողը տաքանում է, և լավ բերքատվություն է լինում, եթե բռնկուն՝ այրվում են անտառներն ու չորանում այգիները։ Ինչպես հին հույների կրակի Աստված Հեփեստոսը, Ժիժալը նույնպես հովանավորում էր արհեստները, հատկապես՝ դարբնությունը։
Կրակը նույնացվում էր օջախի հետ՝ կապվելով տան և ընտանիքի գաղափարին։ Կրակի նշանը նաև որպես Մոր խորհրդանիշ շատ է կիրառվել հատկապես ազգային տարազների վրա։ Նշանի հիմքում ընկած է ութանկյուն աստղը, որից տարածվող ստիլիզացված բուսական պատկերները խորհրդանշում էին Մոր կարևորագույն դերը կյանքի շարունակականության և պտղաբերության հարցերում։
Կոթողի աջակողմյան պատի վրա՝ նորից կողային ճակատի վերին հատվածում, տեսնում ենք խաղողի ու նռան ճյուղերի միահյուսման պատկեր կրող մեկ այլ քանդակային հորինվածք, որն արդեն ամբողջովին հայեցի նկարագիր ունի։ Ճյուղերից կախվող նռան պտուղներն ու խաղողի ողկույզն այստեղ ևս պտղաբերության խորհուրդն են արտահայտում։
Համապատասխան կոթողների վրա արված՝ տարբեր մշակութային հենք ունեցող զարդանախշերը երկխոսություն արտահայտող ընդհանուր հորինվածքի հանգուցային ավարտներն են։
Սլավոնական նշանի ներքո ծովի ալիքներ են, որոնք փաթաթվող ժապավենի նման շարունակվում են պատի գլխավոր ճակատի վրա։ Այդ կողմից պրոֆիլային պատկերմամբ կնոջ կերպար կա։ Տողերի պես հորիզոնական ռիթմեր գործող ալիքները կարծես նրա ծածանվող վարսերից արձակված ճառագայթներ լինեն։ Մկրատաձև պոչ ունեցող մի թռչուն անցնում է դրանց վրայով։ Հայկական նշանի վերևում սավառնող արծիվ է, իսկ ժապավենը խուլ է։ Ճակատային հարթության վրա քանդակված հայուհին դիմացի կնոջն ընդառաջ է քայլում։
Ակնհայտ է դառնում հուշարձանում արծարծվող բարեկամության թեման, որն արտահայտված է երկու տարբեր ժողովուրդներ խորհրդանշող կանացի կերպարներով։ Ի տարբերություն նմանօրինակ թեմաներ մարմնավորող շատ այլ կոթողների, որոնցում կողմնապաh չդիտվելու պատճառով հաճախ քույր-կերպարները գրեթե միանման են պատկերվում՝ այստեղ հստակորեն զանազանություն կա նրանցում։ Նունիսկ չնչին թվացող արտահայտչամիջոցները բավականին բնութագրական են դառնում՝ ամեն մեկի ուրույն առանձնահատկությունները շեշտելու համար։
Ուշագրավ է, որ օտարերկրուհին թվում է՝ հյուսիսաբնակին բնորոշ բաց գույնի աչքեր ունի։ Այդ տպավորությունն են առաջացնում աչքի պայմանական կտրվածքում առկա երկու փոքր ելևէջ. բիբը, որն ակնախորշին քիչ ստվերապատ տեղ թողնելով՝ ընդհանուր առմամբ լուսավոր է դիտվում, և հոնքի թույլ գծագրվող նկարվածքը, որն այդ տպավորությունն ավելի է ընդգծում։
Հայուհին բիբեր չունի պատկերված։ Ամբողջովին ստվերապատ փորագրությամբ արված աչքերն ու հոծ ընդգծված հոնքերն ուժեղացնում են նրա դիմագծերի արևելյան արտահայտությունը։
Մոտ տարածությունից դիտելիս՝ մի նրբություն ևս կարելի է հայտնաբերել. հայուհու շրջազգեստի վրա ծաղիկների թեթևակի նշմարվող պատկերներ կան, որոնք խազած են, և ոչ փորագրված։ Իրենց ազատ ու միամիտ կատարման տրամադրությամբ դրանք հիշեցնում են հայկական վանքերի պատերին հաճախ հանդիպող շինարար վարպետների կամ ուխտավորների կողմից խաչի տեսքով թողնված ստորագրություները։
Տեղացու ակտիվությունը ցայտուն է դարձնում ձեռքին բռնած հյուրասիրության գավաթը, որի վրա խաղողի ողկույզ է կախված։ Զգացվում է, որ սեփական հողում հյուրընկալողի կերպար է ներկայացված։ Հոգեբանորեն ինչ-որ առավելություն է տալիս նրան նաև դիմային պատկերված երեսը։ Հյուսիսաբնակի կիսադեմը այս դեպքում մի տեսակ դրամատիկ երանգ է ստանում։ Լիարժեք չբացահայտվելով՝ այն իր մյուս կեսը կարծես ծովի ալիքներից այն կողմ թողած լինի։ Փոխարենը նրա երկու ձեռքերն են երևում, որոնց կից պատկերված 12 թերթանի ծաղիկն ավելի շուտ մի նվեր է՝ հյուրի կողմից բերված։ Ձախակողմյան թևի հավասարակշռությունն աջակողմյանի հետ ապահովում են օտարերկրուհու շրջազգեստի ծալքերն ու ծովի ալիքների հոծ ժապավենը։
Այս կոթողում ևս արտահայտված է Իսրայելյանին բնորոշ զանազան թեմաներն ու պատկերներն իրար հետ իմաստավորված ու ներդաշնակորեն կապելու կարողությունը։
Եթե Չարենցի կամարում Արարատը, արձագանքելով «Ես իմ անուշ Հայաստանիե բանաստեղծությունից մեջբերված տողերին, հոգևոր մի կամուրջ է ձգում դեպի մեծ պոետի կերպարը, ապա այստեղ այն պատմում է մեկ այլ մեծ զավակի՝ իր գրկում կորած Աբովյանի մասին։ Պատահական չէ կոթողի տեղադրումն Աբովյանի տուն թանգարանի դիմաց, ինչպես և պատահական չեն վերնամասում արձանագրված հետևյալ տողերը՝«ԱՅՍ ԱՂԲՅՈՒՐԻ ՊԵՍ ԵՎ ԱՐԱՐԱՏԻ ՆՄԱՆ ԹՈՂ ՀԱՎԵՐԺ ԼԻՆԻ ԷՍՏՈՆ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԻ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՂՆ Է ԵՂԵԼ ԱԲՈՎՅԱՆՆ ԱՆՄԱՀե։
Շղթայական անցումը կամուրջի գաղափար կրող և կոթողներն իրար կապող աղբյուրից Արարատին, Արարատից՝ Աբովյանին, վերջինից էլ՝ երկու ժողովուրդների բարեկամությանը, վարպետորեն իրականացված է հուշարձանի դինամիկ նկարվածքում և սեղմ ու հստակ ձևակերպած այս գրության մեջ։
Հասկանալի է դառնում նաև ճարտարապետի կողմից ընտրված ծավալային լուծումը. իրար դիմաց կանգնած, մեկը մյուսին ձգտող, սեղանաձև պատերը երկու երկրների բարեկամության գաղափարն են արտահայտում, որոնք միևնույն ժամանակ արժանապատվորեն պահում են մեկը մյուսին չմերձեցող իրենց ինքնությունը։
Հուշարձանի խորհրդանշային պատկերներում մի քանի ավելի մանրամասն բացահայտումներ անելու համար կարևոր կլինի իմանալ հետևյալ տեղեկությունները։
Հայ-էստոնական առնչությունները սկզբնավորվել են տակավին 19-րդ դարի արշալույսին, երբ Դորպատի (այժմ՝ Տարտու) համալսարանում կրթություն էին ստանում հայ ուսանողներ Խաչատուր Աբովյանը, Ստեփանոս Նազարյանը, Ռափայել և Քերովբե Պատկանյանները, Գևորգ Դոդոխյանը, Գևորգ Միրիմանյանը և ուրիշներ։ Ի դեպ, այստեղ են ստեղծվել մեծ ժողովրդականություն վայելող հայտնի «Ծիծեռնակե (Դոդոխյան) և «Հայոց աղջիկներե (Միրիմանյան) երգերը։ Տարտուի համալսարանում, որտեղ սովորել է Խ. Աբովյանը, ներկայումս կա նրա անվամբ լսարան։
Կարող ենք նկատել, որ հուշարձանի էստոնական պատի վրա քանդակված, ալիքների վրայով անցնող թռչունը ծիծեռնակ է։
Ազգային խորհրդանիշ համարվող գյուղական ծիծեռնակը էստոնացիների տների յուրօրինակ հյուրն է։ Նրա կանչը լսելի է գրեթե բոլոր քիվերից և ամբարների ծպեղներից։ Թռչունն իր բաժակաձև բույնը կարող է հյուսել անգամ տան ներսում։ Ծիծեռնակը խելք և մաքրություն է խորհրդանշում, քանի որ կարողանում է «կանխատեսելե եղանակը։ Գյուղական ծիծեռնակի ընտրությունը՝ որպես ազգային թռչուն, 60-ականների սկզբին թռչնաբանների վարած քարոզարշավի արդյունք է։ Թռչունն ունի էստոնական դրոշի գույները՝ սևն ու սպիտակը։
Մեկ այլ ազգային խորհրդանիշ էլ ունեն էստոնացիները ծաղկի տեսքով՝ տերեփուկը։ Այն լրացնում է դրոշի երրորդ գույնը՝ կապույտը։ Տերեփուկն աճել է էստոնական հողում ավելի քան 10.000 տարի՝ սկսած այն ժամանակներից, երբ առաջին մարդը ոտք է դրել հյուսիսային Եվրոպա։ Բույսը սովորաբար աճում է տարեկանի արտերում՝ էստոնացիների գիտակցության մեջ ստեղծելով ամուր կապ ծաղիկի և իրենց ամենօրյա հացի միջև։ Տերեփուկը նաև երիտասարդ աղջիկների տոնական ծաղկեպսակի մաս է։
Էստոնուհու ձեռքին կից պատկերված 12 թերթանի ծաղիկը ամենայն հավանականությամբ հենց տերեփուկ է։
Հուշարձանի ճարտարապետական վերլուծության ավարտին նորից մի փոքր, բայց խոսուն դրավագի վրա շեղվելու ցանկություն է առաջանում։
Իրենց նկարվածքով ուշադրություն են գրավում պատերի նիստերից դուրս եկող կողաքարերը, որոնց միջից տարիներ առաջ ջուր էր հոսում «առվակ-կամուրջիե մեջ։ Դասական ճարտարապետությունից եկած նրանց ֆորման տեղայնացված է՝ օրգանապես միավորվելով հայկական զարդանախշերի միջոցով ձևագոյացող նոր ծավալին։ Այս սրամիտ լուծված հնարքը լավագույն կերպով արտահայտում է թամանյանական ուղու հետևորդ և նորովի շարունակող Իսրայելյանի սկզբունքային աշխատելաոճը։ Ակամա վերաիմաստավորվում են նրա պատկերացումներն ու դիտարկումները ազգային ճարտարապետության յուրահատկությունների մասին.«Նորովի էին ի հայտ գալիս կոնստրուկցիաները, ձևերը, բայց միշտ մնում բուն հայկական։ Ավելին, հին ճարտարապետները շատ տարրեր էին վերցնում նաև հարևան ժողովուրդներից, բայց այդ ամենը վերամշակում, «հայացնումե էինե։
Ուրախալի է, որ նման մտքերը չմնացին միայն թղթի վրա։ Ինչպես Իսրայելյանի բոլոր ստեղծագործություններում, դրանք խոսքից գործի վերածվեցին նաև հայ և էստոն ժողովուրդների բարեկամությանը նվիրված կոթողում։