Մեր քաղաքում առկա քաղաքաշինական լուրջ խնդիրների կողքին երբեմն աննշան են թվում կոսմետիկ բնույթ կրող, բայց կարևոր էսթետիկ կողմ ունեցող հարցերը։
Մասնավոր սեփականություն հանդիսացող շատ տարածքներում առկա բարեփոխումներն աչքի են ընկնում ճաշակի քմահաճ դրսևորումներով։ Շենքերի առաջին հարկերը զավթած, երբեմն էլ մայթերին առաջ եկած տարբեր առևտրական օբյեկտներն իրենց խայտաբղետ երեսապատումներով և ապակիներին փակցված ճչացող պաստառներով, հաճախ ծվատում ու կարկատանների են վերածում ճարտարապետական ամբողջություն ունեցող միջավայրը։ Մեկը մյուսից ավելի ցայտուն երևալու միտումով արված ձևավորումները բացառապես եկամուտի շահ հետապնդելով՝ կարծես մրցակցության մեջ են ընկնում միայն սեփական գովազդը շեշտելու համար։
Այս ակտիվությունը շեղում է անցորդի ուշադրությունը և շատ գեղեցիկ ակնթարթներ երբեմն մնում են աննկատ։
Սայաթ-Նովա փողոցի 4 հարկանի շենքերից մեկի դիմաց կարմրավուն քարից շինված, խաչքարի ուրվագիծ հիշեցնող մի հուշարձան կա, որը ֆունկցիոնալ որևէ նշանակություն չունի. ո՛չ աղբյուր է, ո՛չ շիրմաքար, ո՛չ էլ ուղեցույց-կոթող։ Միայն երևում է, որ արվեստագետի ձեռքն այստեղ էլ զգացմունք է հաղորդել քարին։
Երկու հակադիր կողմեր նայող նրա նախշուն երեսների նկարվածքը բավականին ազատ է և չի կրկնում հայկական դասական բուսական մոտիվների հորինվածքային լուծումներըմիևնույն ժամանակ շատ հարազատ մնալով դրանց բնույթին։ Հավանաբար մշակութորեն ձևավորված զարդաքանդակային որոշ տարրեր, օրինակ՝ կիսաշրջանաձև թերթիկներով եզրագծվող պարզ վարդակները, որոնք հնում առավելապես հանդիպում էին 6 կամ 8 թերթանի տեսքով՝ որպես արևի նշան, ուղղակիորեն կապվածություն են ստեղծում պատմական ձևերի հետ՝ չնայած, որ այստեղ դրանք էլ յուրովի են արված, ունեն կամայական քանակության թերթիկներ և պատկերված են որպես ծաղիկներ։ Սակայն ստեղծագործական ժառանգության ոգին արտահայտված է նախ և առաջ թեմայի անմիջական ու բարոյական նկարագրում և, իհարկե, նրա բովանդակությունը մարմնավորող գծային շարժումների յուրահատկություններում։ Մայթով անցնողները տեսնում են մեծ ու փոքր երկու ուղղանկյուն ծավալների համադրությամբ արված կոթողի մի կողմը միայն, որի վրա երկար, դալար ցողուններին բարձրացող կոկոններ ու վարդեր են քանդակված։ Չընդհատվող, թեթևակի ալիքաձև շարժումներ ունեցող ցողունները, կարծես, շարունակում են իրենց ծլարձակման ընթացքը՝ մտնելով ընդհանուր ծավալից մի փոքր առաջ եկող գլխամասի տակ։ Հիմքում և վերնամասում ուրվագծային նույն հաստություններով երևալով՝ դրանք դրվագային տպավորություն են թողնում։ Ասես գետնի տակից են հառնում՝ չունենալով ո՛չ սկիզբ, ո՛չ վերջ։ Այսպիսի ընկալմանն է նպաստում նաև ծաղիկների տարրերային, բայց համատարած բաշխվածությունը մակերևույթի վրա։ Թվում է, թե մի մասն է երևում անվերջ կրկնվող զարդանախշի։ Ծաղիկների ամբողջության մի փոքր դեպի վեր ծանրանալն ընդհամենը վերսլաց ռիթմն է շեշտում։ Այս ամենը Կենաց ծառի յուրօրինակ մեկնաբանության է նմանվում։ Հետաքրքրություն է առաջանում՝ կարդալ տառերի նեղ ու բարակ շերտերով, ոչ խորը փորվածք ունեցող վերնամասի արձանագրությունը, որն ավելի շուտ քարի վրա հետք թողած ձեռագրի է նման։ Մի հատված է Սայաթ-Նովայի բանաստեղծություններից
«Դուն չասիս թե էս խիղճ սազանդարն ով ա.
Խոսկիս տերն իմ, հունարըս էլ գրով ա.
Արութինն իմ, ինձ կոսին Սայաթ — Նովա.
Հենց բան կոսիմ, վուր ամբերում ձեն հանիե։
Տողերի տակ շարունակվող մանր-մունր գեղարվեստական կտորների ամեն մի ելևէջ կապվում է բանաստեղծության քնարականությանը։
Կարելի է նկատել, թե ինչպես մեծ ու փոքր Մասիսները, տառերի նման, թեթևակի խազած են և համահունչ էքսպրոմտային տրամադրություն են արտահայտում, իսկ վերջին նախադասության մեջ հանդիպող «վե տառի պոչը լծորդվում է բանաստեղծության մեջ հիշվող ամպերին, որոնց սխեմատիկ պատկերները ցանցառ-ցանցառ անցնում են սարերի վրայով։
Կոթողի փոքր, ողղանկյուն հատվածի այս մակերեսային մշակվածությունը հակադրվում է հիմնական ծավալի բավականին ցայտուն ռելիեֆին՝ երկու տարբեր մասշտաբների հարաբերություն ստեղծելով ընդհանուր հորինվածքում։
Մասշտաբային երկխոսությունը պոլիֆոնիկ երանգ է ձեռք բերում հուշաքարի փողոցի կողմը նայող երեսին։
Այստեղ բուսական մոտիվը նորից կոկոն ծաղիկներով ու տերևներով պսակված ցողուններն են, որոնք ավարտվում են՝ վերնաքարին չհասած։ Փոխարենը՝ վերևում գրված նոր տողերի մանր մասշտաբը զարդախաղերի ձևով իջնում է ներքև՝ միախառնվելով հիմնական հարթաքանդակի պատկերներին։ Ակամայից համեմատություններ են առաջանում երաժշտության մեջ հայտնի օրինակների հետ, երբ ձայներից մեկն առանձնանում է՝ ստանձնելով գլխավորի դերը, իսկ մյուս՝ կոնտրապունկտային ձայները, ուղեկցող նշանակություն են ստանում։
Հուշարձանի այս կողմի վրա զարգանում է մեծ աշուղին գովերգող գլխավոր թեման՝ հարստանալով նոր տեսարաններով։
Զարմանալի և անսովոր առանձնահատկություն են ստանում ծաղկած բույսերը, որոնք, վարդյակներից ու կոկոններից բացի, իրենց կատարներին կրում են սափորի և գինու գավաթի պատկերներ՝ ասես ծաղկած լինեն դրանցով։ Դեպի տերևը տենչացող եղնիկն էլ, դիմացի կժի հետ միասին, թվում է՝ բույսի նման աճել են հողի միջից։ Այս հեքիաթային հորինվածքին է միահյուսվել նաև ճյուղին նստած թռչունը։
Սայաթ-Նովայի աշխարհում ապրող կերպարները պատրանքային մի իրականություն են նկարել քարի երեսին, որը պսակվում է հետևյալ քառատողով՝
«Շուռ դանք հուռդամով յիրդնային նամով
թուփին թացվիլ է
խաղ կանչինք հանգով լալեքն ռանգով
վարթըն բացվիլ է
Սուսան սըմբուլով ղարիբ բլբուլով
բաղըն բացվիլ է
Մուտ բաղչեն նազով քիզ գովիմ սազով
յար իլթիմազովե։
Ներքևի աջ անկյունում ամպի կամ վարդյակի նմանվող «ուղեկցող ձայնիե մի կտոր, իր կորագիծ հատվածներից մեկով «թե տառին միանալով, իսկ մյուսով չանգռելով վերնաքարի ստորին նիստը, կտրվում և կիսատ է մնում։ Կարծես անէանում է՝ շարունակությունը փոխանցելով քարից դուրս մնացած օդային տարածությանը։ Ընդհատվող երազի նման ակամա և ակնթարթային տրամադրություն կա նրանում, ինչը հնչում է որպես ավարտուն ակորդ բանաստեղծության՝ վերը նշված հատվածի համար։
Սայաթ-Նովայի տաղերին ծանոթ ընթերցողը նկատած կլինի հետաքրքիր մի յուրահատկություն։ Նրանցում մեծ տեղ է տրված մարդու կենցաղային կյանքը շրջապատող բնությանը. ավելի հաճախ հանդիպում են վարդն ու բաղը, քան ծառն ու անտառը։ Առանձնակի շուքով են պարուրված արքունական միջավայրին հարազատ տարբեր արդուզարդի պարագաներն ու կենցաղային իրերը։
Այս դեպքում ուշագրավ են դառնում Պարույր Սևակի հետևյալ վերլուծական տողերը. «Ու եթե կենդանի բնությունը Սայաթ–Նովայի խաղերի մեջ երևան է գալիս համարյա թե անկենդան վիճակում, ապա անկենդան բնությունը ձեռք է բերում մի արտակարգ և մինչև իսկ խանգարիչ կենդանությունե։
«Այստեղ է, որ հայ ռամիկը ակամա և անիմաց կանխում է անգլիացի արիստոկրատին և կանխում ավելի քան 100 տարովե,- շարունակում է Սևակը՝ ակնարկելով Սայաթ-Նովայի և Օսկար Ուայլդի միջև նմանությունը նոր ու յուրահատուկ պատկերավորմամբ օժտված փիլիսոփայական այս կոնտեքստում։
Կոթողում առկա գեղարվեստական մեկնաբանությունները համահունչ են այս մտքերին։ Եթե Արարատն ու ամպերը հազիվ նշմարվող են, ապա վարդի թփերն ու հատկապես կոկոնների նման ավարտվող կահ-կարասիների տարօրինակ նկարվածքները ցայտուն են թե՛ իրենց փորագրությամբ, թե՛ բացատրողական իմաստով։
Ռուս հայտնի բանասեր պոետներ Յակով Պոլոնսկին և Վալերի Բրյուսովը ժամանակին մի համեմատություն են անցկացրել Սայաթ-Նովայի պոեզիայի և հայկական զարդարվեստի միջև։ Սայաթ-Նովայի՝ արտաքուստ նմանվող բազմազան պատկերները չեն կրկնվում երբեք, ինչպես չեն կրկնվում երբեք առաջին հայացքից շատ նմանվող հայակական զարդաքանդակները։
Չի կրկնվում նաև Սայաթ-Նովայի պատվին համանուն փողոցում կանգնեցված հուշաքարի վրայի ոչ մի պատկեր. նույնիսկ միանման վարդյակներում կան տարբերություններ։
Սակայն միևնույն ժամանակ թվում է, թե բազմաթիվ անգամներ երևացել են այդ պատկերները ուրիշ շատ տեղերում, միգուցե մի փոքր այլ ձևերի մեջ և հորինվածքային այլ պայմաններում, ինչպես որ հաճախ նույն դերասանն է հայտնվում տարբեր դերերում։ Այս առումով հիշողության մեջ աղերսներ է արթնացնում հատկապես վիզը վեր ցցած եղնիկը։ Իր զգացմունքային արտահայտչականությամբ ինչ-որ նմանություն ունի նա Հակոբ Կոջոյանի «Գարունե նկարում պատկերված 2 եղնիկների հետ. ավելի շատ այն մեկի, որը վիզը ձգել է առաջ՝ դեպի ծաղիկը։ Նրանց կերպարային հարազատությունը կարելի է պատահական չհամարել։
«Արարատե տրեստի գինու մառանների շենքի որմնասյուներից մեկի խոյակին ևս մի նրբագեղ եղնիկ է պատկերված, որը նստած դիրք ունի և հայացքով դեպի հետ է նայում։ Սյան վրա արձանագրություն կա՝ «Ժողովրդական նկարիչ Հակոբ Կոջոյանի այս եղնիկը քանդակեցինք երախտագիտությամբե։
Հայկական ազգային ձեռագրին ամենից շատ հետամուտ, 20-րդ դարի երկու մեծ վարպետների՝ Ռաֆայել Իսրայելյանի և Հակոբ Կոջոյանի բարեկամական կապի ու միանման ստեղծագործական մտածողության վկայությունը կարծես անուղղակիորեն առկա լինի նաև Սայաթ-Նովայի հուշաքարում։
Վերջինիս հեղինակը նորից Ռաֆայել Իսրայելյանն է։ Դժվար կլինի պատկերացնել մեկ այլ ճարտարապետի ձեռագիր՝ նվիրական թեմայի նման կատարման պարագայում։
Չնայած նրան, որ քարի մշակումն այստեղ իր տեխնիկական վարպետությամբ չի հիացնում, սակայն արվեստի կողմն արտահայտող «սևագիրնե այնքան արտահայտիչ է թափանցում նրա միջից, որ հուշարձանի կերպարը նույնիսկ մի յուրահատուկ վիճակ է ձեռք բերում. կոպիտ ու մաշված հագուստ կրող, բայց նուրբ ու հարուստ ներաշխարհ ունեցող մարդու է նա նմանվում։
ժողովրդական-գուսանական արվեստը համաշխարհային պոեզիայի բարձրագույն աստիճանի հասցնող անզուգական նվագող, երգիչ, երաժիշտ ու տաղերգու Սայաթ-Նովային նվիրված այս կոթողը համանուն փողոցով անցնողներին հիշեցնում է երբևէ չխամրող արժեքների մասին։
Նյութի հեղինակ Դ. Ստեփանյան