Իմ մտերմությունը Ռաֆոյի հետ սկիզբ առավ Լենինգրադում ուսանելու տարիներին և տևեց գրեթե կես դար։
30-ական թվականներին Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության բաժիններում սովորում էին քառասունից ավելի հայ երիտասարդներ։ Ամեն մեկն իր գործով զբաղված, նրանք իրար հետ քիչ էին շփվում։
Ռաֆայել Իսրայելյանը, մուտք գործելով ակադեմիա, մտերմիկ շունչ բերեց իր հետ և համախմբեց նրանց։ Հայտնվեց նա անուշ ժպիտով, պարզ ու հասարակ, ջերմ ու առինքնող։ Կարծես բոլորին գիտեր շատ վաղուց և շատ շուտով բոլորի համար դարձավ «մեր Ռաֆոն»։
Սկսեցինք երեկոները հավաքվել ակադեմիայի առաջ՝ սֆինքսների մոտ։ Զրույցներ, կատակներ, ծիծաղ և, անպայման, խմբակային երգեր։ Ռաֆոն այդ բոլորի ոգեշնչողն էր։ Զրույցները տևում էին մինչև ուշ գիշեր՝ մեր հեռավոր փոքրիկ հայրենիքի մասին, մեր գյուղերի, ճարտարապետական կոթողների, գրականության, արվեստի մասին։
Նա չէր ապրել Հայաստանում, բայց եղել էր շատ շրջաններում ու գյուղերում, չափագրել էր բազմաթիվ եկեղեցիներ ու բերդեր, և գիտեր ավելին, քան մենք, որ հայաստանցի էինք։ Մեկը որպես գաղտնիք հայտնում էր, որ երկու գիշերում կարդացել է Րաֆֆու վեպերից մեկը, մյուսը Չարենց էր արտասանում, մի երրորդը կարոտով հիշում Էր իր հայրենի գյուղը կամ Երևանյան կիզիչ արևն ու երեկոյան փոշին…
Ակադեմիայում զգալի թիվ էին կազմում Լենինականի մանկատներից եկած ուսանողները։ Նրանց կյանքի տխուր պատմությունները մեզ շատ էին հուզում։ Ռաֆոն մի առանձին գուրգուրանք էր տածում նրանց նկատմամբ, խորապես ազդված լսում էր նրանց մանկական սրտաճմլիկ հուշերը, վշտալի երգերը, ինքն էլ էր երգում նրանց հետ և հուսադրում այսօրվա նոր հայրենիքով։ Նա բոլորին վարակում էր վառ հայրենասիրությամբ, ու երբ մենք շատ էին տարվում օտարերկրյա արվեստի և գրականության նորույթներով, հիանում Մատիսով ու Բրակով, կարդում Վեռլեն ու Մալարմե, Ռաֆոն, որ և լավ գիտեր, և շատ էլ գնահատում էր նրանց, մեզ սթափեցնում էր մեր ազգային արժեքներով, մեր ճարտարապետական արվեստով, ժողովրդական հոգեպարար երգերով։ Եվ նրա շնորհիվ չէ՞ր, արդյոք, որ հայրենիքում աշխատելը դարձավ այն օրերի մեր գեղեցիկ երազանքը։
***
Ռաֆոյի սերը դեպի Հայաստանը, հայերենն ու հայկականը երևան էր գալիս ամենուրեք, երբեմն էլ՝ շատ անսպասելի պարագաներում։ Նրա ուսանողական ընկերները լավ են հիշում այսպիսի մի դեպք։ Ակադեմիայի մեծ ու լուսավոր դահլիճներում բացվել էր դիպլոմային աշխատանքների ցուցահանդես։ Ներկայացված էին քսանից ավելի մասնակիցներ՝ յուրաքանչյուրը շուրջ 10 գծագրով։ Այցելուների ուշադրությունն էր գրավում դահլիճներից մեկի խորքում հնչուն դեղին գույներով նկարված մի մեծ արևածաղիկ՝ երկնքի ֆոնի վրա։ Դա Ռաֆոյի նախագծած «գետափնյա նավակայանն» էր՝ դիտված հեռվից, արևածաղկի դաշտի միջով։ Հեղինակը խնդիր էր դրել կառույցը ցույց տալ տարածության մեջ, և գտել էր շատ հետաքրքիր ու յուրօրինակ լուծում, կատարված բարձր ճաշակով ու գունային հարստությամբ։ Գծագրերի մակագրությունները հայերեն էին արված՝ գեղեցիկ. կոջոյանական տառերով։
Ակադեմիան ավարտելուց հետո նա հաստատվեց Երեկանում։ Անցավ աշխատանքի։ Ամուսնացավ, ունեցավ երեխաներ։ Ապրում էր սուղ պայմաններում, բայց չէր տրտնջում։ Ուրախ էր, որ աշխատում էր իր երկրում, իր ժողովրդի համար և նույն տրամադրությունն էլ ներշնչում էր կնոջը։ Հետո տուն շինեց։ Սկզբում մի սենյակ։ Անձրևի ժամանակ կտուրը կաթում էր բոլոր տեղերից։ Իրեր չունեին, եղած-չեղածը մի սեղան էր, երկու աթոռ։
Հետագայում, երբ մյուս սենյակները շինվեցին, նրա տանը դարձավ ընկերների ամենացանկալի հավաքատեղին։ Ով ուզեր՝ կմտներ այղ տունը մենակ կամ խմբով, օրվա բոլոր ժամերին։ Գալիս էին ընկերները, դուստրերն իրենց ընկերուհիներով, տղաները՝ իրենց ընկերներով։ Տունը մշտապես լիքն էր մարդկանցով ու աղմկով, և դա բարձրացնում էր տանտիրոջ տրամադրությունը։ Ներս մտնող նոր հյուրերին դիմավորում էր հրճվալից կանչերով, և հետզհետե դառնում էր ավելի խոսքաշեն ու սրամիտ։ Աշխույժ զրույցը, ծիծաղն ու երգերը հոսում էին անվերջ՝ թեկուզև վաղուց ի վեր մաքրազարդված սեղանի շուրջը։
***
Շատ էր սիրում երեխաներ։ Ամեն երեխայի աշխարհ գալը մեծ տոն էր նրա համար։ Երազում էր ունենալ մի տղա ևս՝ Արտաշես անունով։ Հյուրասենյակի ամբողջ պատի երկայնքով մի մեծ լոզունգ էր գրել՝ «Ի՛ նչ ես արել Արտաշեսյան ֆոնդի համար»։ Դա ամեն օր տուն մտնելիս նրան հիշեցնում էր, թե այդ օրն ինչ գործ է կատարել ր ինչով է դիմավորում Արտաշեսի գալստյանը։
Կնոջը՝ Սոֆիկին, հիվանդանոց էին տարել։ Հիվանդանոցի պատի տակ նկատեցի Ռաֆոյին։ «Դու գիտե՛ս, որ Արտաշեսն այլևս չկա»,–ասաց նա, և արցունքները հորդեցին աչքերից։
Երեխաների անունները միշտ ինքն էր ընտրում՝ Հասմիկ, Վահագն, Անահիտ, Արեգ, Աստղիկ։ Ամենափոքրը Աստղիկն էր։ Նոր ծիլ էր և նրա անունը մտերմական շրջանում Ծիլիկ մնաց։ Խանդութը փոքր էր ճկույթի չափ, և անունը ճկույթ էլ մնաց։
Երեխաների համար հայկական այբուբենը դյուրըմբռնելի դարձնելու համար ահագին ժամանակ էր կորցնում։ Նկարում էր տառեր՝ համապատասխան կենդանիների կամ առարկաների հետ միասին։ Երեխաներին հաճույք պատճառելու համար հիանալի խաղեր էր ստեղծում, արտասանում էր, երգում, պարում։ Զբոսանքի էր տանում քաղաքից դուրս՝ ուսին դրած, գրկած կամ շալակած։
Աշխատանքից հետո առանձնանում էր ու գրում հոդվածներ, նովելներ, էսքիզներ էր անում, փորձում էր նորանոր տարբերակներ այն գործերի համար, որոնց վրա վաղուց աշխատում էր հիմնարկում։
Առաջարկել էր Անի քաղաքի դիմաց մի դիտակետ կառուցել։ Առաջարկը հավանության արժանացավ վերադաս ընկերների կողմից։ Գծեց բազմաթիվ էսքիզային տարբերակներ, մինչև հասավ 4—5 հարկանի շենքի մասշտաբների։ Խելոք ու հիմնավոր պատճառաբանեց դրա անհրաժեշտությունը։ Ցավոք, այդ մտահղացումը մնաց անկատար։ Դրանից մնացին բազմաթիվ տարբերակներ ու մի ավարտուն նախագիծ։
Երազում էր մայրաքաղաքում ունենալ մի խոշոր կառույց՝ շատ հայկական, շատ ազգային ու շատ ժամանակակից։ Մտածում էր դիմել վերադաս մարմիններին, որպեսզի իրեն հանձնարարվի այդպիսի մի օբյեկտի կառուցումը, բայց չէր համարձակվում գրել և միայն մտերիմներին էր ասում։ Նրա ստեղծագործական անհանգիստ ուղին մշտական շարժման մեջ էր։ Նա որոնում էր, գտնում, մտահղացումներ և պատրաստի նախագծեր առաջարկում այս կամ այն հիմնարկի ղեկավարին, պատասխանատու աշխատողներին, ապացուցելով դրանց կառուցման կարևորությունը։ Այդպես ստեղծվեցին բազմաթիվ մեծ ու փոքր գործեր՝ սկսած աղբյուր — հուշարձաններից, վերջացրած Սարդարապատի համակառույցով։
Դժգոհում էր, որ Երևանի փողոցները չեն նախագծվում այնպես, որպեսզի բոլոր տեղերից երևա սրբազան Արարատը։ Նրա համոզմամբ, բնության այդ հրաշքը չպետք է ծածկվեր և փողոցները պետք է նախագծվեին ու կառուցապատվեին այնպես, ոը փողոցն ու Արարատը կազմեն մի ամբողջություն և փոխադարձաբար լրացնեն միմյանց։
Ստեղծեց Չարենցի կամարը։ Ամեն անգամ այդտեղով անցնելիս կանգնում էր, նայում, հիանում։ Ուրախ էր, որ կամարը օրըստօըե դառնում էր ուխտատեղի։ Սիրում էր այդ կամարը Չարենցի և Արարատի համար։
Արարատը նրա պաշտամունքն էր։ Ով տուն էր կառուցում, համոզում էր շենքն այնպես դնել, որ Արարատը աչքի առջև լինի։ Նրա բազմաթիվ թեմաների, էսքիզային տարբերակների ֆոնը մեծ մասամբ Արարատն էր։ Հոկտեմբերյանի թանգարանի շենքը դեռ չավարտած, մագլցում էր հարկից-հաըկ և հիացմունքով ցույց էր տալիս այն լուսամուտը, որի միջից հառնում էը Արարատը։
* * *
Որքան էլ ուշ պառկեք քնելու, արթնանում էր ամենից շուտ։ Լողանում էր, սափրվում, հագնվում և առաջիններից մեկն էր հիմնարկ մտնում։ Գովում էր իրեն, որ աշխատանիոց երբեք չի ուշացել թեկուզ մի րոպե։ Նա չէր պապկերացնում, թե ինչ զգացում է ունենում մարդը, երբ ուշացած է մտնում հիմնարկ ու նայում մարդկանց դեմքերին։
Աշխատանքի էր գնում միշտ նույն ճանապարհով ամեն օր, համարյա նույն տեղում, հանդիպում էր միևնույն մարդկանց։ Նրանցից ամեն մեկի մասին ստեղծել էր իր պատկեըացումը։ Պատմում էր, օրինակ, մի կնոջ նրա շարժ ու ձևի, դեմքի արտահայտության, ամենօրյա ապրումների մասին՝ առանց մի բառ իսկ փոխանակած լինելու նրա հետ։ Անցան օրեր, շաբաթներ։ Մի օր էլ ասաց, թե բարևել է տիկնոջը։ Նրա մասին գրեց մի գեղեցիկ նովել և շտապեց կարդալ ինձ (ամեն մի նովել կամ հոդված կարդալու համար մի շիշ գինի էր բերում որպես վարձատրություն՝ ուշադիր լսելուս համար)։
Անցան ամիսներ։ Ծանոթացել էր այդ կնոջ հետ և հիսաթափվել, դժգոհում էր, թե որքան խաբուսիկ է մարդու արտաքինը։ Ասում էր՝ ինչքա՜ն լավ կլիներ, եթե մարդ իր պատկերացրածը տեսներ իրականում։
Ամռան մի երեկո զբոսնում էինք փողոցով։ Ավտոմատ հեռախոսի խցիկում մի աղջիկ, շրջապատը մոռացած, երկար զրուցում էր ու միաժամանակ նրբորեն շոյում հեռախոսափողը։ Մյուս օրը Ռաֆոն կարդաց մի գողտրիկ նովել այդ աղջկա մասին։
* * *
Շատ ուրախացավ, երբ «Արագիլ» ռեստորանը կառուցվեց։ Երբեմն ժամանակ էինք անցկացնում այնտեղ՝ ընտանիքով, ընկերների ու բարեկամների հետ։ Շենքի մասին երբեք չէր խոսում, բայց հիանում էր այնտեղից երևացող Երևանով ու Արարատով։ Երբ նստած էինք լինում կամարների տակ, առաջարկում էր գնալ Արարատը նայելու աջ մասում կառուցված տաղավարից, որ հատկապես կառուցված էր այդ լեռը վայելելու համար։
***
Ինձ մշտապես հիացրել է, թե Ռաֆոն ինչպես կարճ ժամանակում գրավում է մարդկանց, ծանոթանում, մտերմանում նրանց հետ։ Անծանոթ միջավայրում անգամ իրեն լավ էր զգում, հարազատի պես։ Մանավանդ՝ պարզ ու հասարակ մարդկանց մեջ։ Ի ծնե և ի բնե ժողովրդական մարդ էր Ռաֆոն։ Զարմանալի հեշտ լեզու էր գտնում բան-վորների հետ։ Շինարարության վայրում նրա երևալը աննկարագրելի ուրախություն էր պատճառում։ Նրան դիմավորում էին և ճանապարհ դնում հարգանքով ու գորովանքով։ Երբ տարիներ անց հանդիպում էր իր ծանոթ բանվորներին ու վարպետներին, դիտողին թվում էր, թե հարազատ բարեկամներ են հանդիպել։ Եվ դրանից ճարտարապետն իրեն շոյված էր զգում։ Բնածին պարզություն կար մեջը և անսահման բարություն, ահա ինչու սիրված էր ժողովրդի կողմից։
***
Սարդարապատի համակառույցի բացման նախորդ օրը վերջին աշխատանքներն էին կատարվում և ստուգվում՝ արդյոք որևէ բան պակաս չի՞ մնացել։ Պարզվեց, որ հսկա հուշապատին դեռ չի փորագրվել «Հավերժ փառք Սարդարապատի ճակատամարտի հերոսներին» նախադասությունը։ Ռաֆոն շատ հանգիստ կանչեց քարի վրա փորագրող չորս վարպետի, բարձրացավ պատի երկայնքով կառուցված տախտակամածի վրա, սկսեց կավիճով գրել տառերը իսկ վարպետները փորագրելով շարժվում էին ճարտարապետի ետևից։ Կարճ ժամանակում, ի զարմանս բոլորի, աշխատանքն ավարտվեց՝ առանց նախնական չափումներիդ առանց գծագրերի, առանց քանոնների։ Գեղեցիկ տառերը շարվել էին իրար ետևից, նույն չափի, զարմանալի ճշգրիտ ինտերվալներով։
***
Ծննդյան 60-ամյակն էր։ Մեծարման երեկո էր ճարտարապետների միությունում։ Դահլիճը լեփ-լեցուն էր։ Լիքն էին նաև ցուցասրահները և ճեմասրահը։ Նիստի վերջում նա բեմ բարձրացավ և բոլորին հրավիրեց Հոկտեմբերյան խնջույքին մասնակցելու։ Հարազատներն ու մտերիմները հանկարծակիի եկան։ Իսկ նա գոհ էր, որ հրավիրել է բոլորին։
***
Երբեք Ռաֆոյին ավելի լարված ու հուզված չեմ տեսել, քան Սարդարապատի անսամբլի թանգարանի շենքի նախագծման և կառուցման ժամանակ։ Ոչ մի կառույց նրան ադքան չէր մտահոգել։ Շարունակ ասում էր՝ այստեղ վերջին կամարներն են արվում, ժամանակները փոխվել են, այսուհետև մեր նախագծերում կամարը կդառնա հազվագյուտ բան։
Կառուցման ընթացքում շրջում էր դահլիճներում, ցույց էր տալիս առանձին ինտերյերներ, անկյուններ, բակեր, առանձին պատեր, դրանց ձևավորումը՝ անսպասելի ու ինքնատիպ լուծումներով։ Եվ այդ բոլորն անում էր մի թաքնված տրտմությամբ, կարծես գիտեր, որ դա իր վերջին կառույցն է, իր կարապի երգը։
Մոսկվայում, վիրահատությունից առաջ, ես հասկացա, որ նա գիտի իր հիվանդության մասին և խաղում է մեր առաջ, թե իբր սովորական վիրահատության է ենթարկվելու։ Այդպես քաջ էլ պահեց իրեն մինչև վերջ։ Կատակում էր, հարցուփորձ էր անում Ապարանի հուշարձանի կառուցման մասին և օրըստօրե հալվում էր, մաշվում և հեռանում կյանքից ու մեզանից…