1930-ի ամառն էր։ Նովգորոդի մարզում Մենք՝ Լենինգրադի կոմունալ շինարարության ինժեներների ինստիտուտի ուսանողներս, զորահավաքի էինք։ Այստեղ էլ հենց առաջին անգամ հանդիպեցի Ռաֆայել Իսրայելյանին։ Ամենևին զինվորականի կերպարանք չունեցող մեր տղաների մեջ Ռաֆոն աչքի էր ընկնում իր ձիգ կեցվածքով, մարզիկի բարետես կազմվածքով։ Հավաքը տևեց երկու ամիս, և այդ ընթացքում շարային ու ռազմական պատրաստությունը գրեթե ռեալ մարտական պայմաններում՝ ուսումնական ու կենցաղային անխուսափելի դժվարություններով, Ռաֆոն տարավ հեշտ ու թեթև՝ արագ հարմարվելով իրավիճակին։ Պարապմունքների միջև ընկած կարճատև դադարների և հանգստի ժամանակ նա զվարթ ու բարի ընկեր էր, հետաքրքիր զրուցակից։
Ինստիտուտում անցկացրած հետագա տարիներին ես ուշադիր հետևում էի Ռաֆո — ուսանողի ստեղծագործական աճին։ Նրա կուրսային նախագծերը մեծ հետաքրքրություն էին առաջ բերում ֆակուլտետի ուսանողների շրջանում և արժանանում ամբիոնի դրվատանքին։ Երեսնական թվականները համառ որոնումների, սովետական ճարտարապետության կազմավորման այդ տարիները, իրենց ցայտուն արտացոլումն էին գտնում ուսանողների՝ ապագա ճարտարապետների ու շինարարների ստեղծագործական կյանքում։ Ռաֆոյի կուրսային աշխատանքները աչքի էին ընկնում սուր ու ինքնատիպ կոմպոզիցիայով, նորարարական լուծումի, բով, հյութեղ կոլորիտով։
Սակայն մյուս ուսանողներից Ռաֆոն գլխավորապես տարբերվում էր այն բանով, որ նա համառորեն ձգտում էր իր նախագծերում արտահայտել հայ ժողովրդական ճարտարապետության և արվեստի ազգային հատկանիշները։
Հիշողությանս մեջ տպավորվել է նրա դիպլոմային նախագիծը «Речной вокзал» (գետափնյա նավակայան) թեմայով, ոը նա արեց 1934-ին, Գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետական ֆակուլտետն ավարտելիս։ Այս նախագծում կոմպոզիցիայի ֆունկցիոնալ-տեխնիկական եղանակը հմտորեն զուգորդվում էր հիանալի գտնված ճարտարապետական-գեղարվեստական կերպարի հետ. վերջինս վառ արտահայտված ազգային բնույթ ուներ, որ առանձնապես ընդգծվում էր նախագծի գունային համարձակ լուծմամբ։
Դեռ ակադեմիայում ուսանելիս Ռաֆոն ծրագրում էր իր ապագա կյանքը Հայաստանում և երազում էր սեփական ձեռքով, սեփական նախագծով իր համար տուն հիմնել, այգի գցել, և տունը կառուցել այնպիսի տեղ, որ վերանդայից անպայման երևա Արարատը, և այնպես կառուցել, որ տունը արվեստանոց ունենա և առանձին սենյակ՝ բարեկամներին ընդունելու համար…
Եվ ահա անցել էր 20 տարի։ 1953-ին էր։
Ես ու ճարտարապետ Ֆյոդոր Օլեյնիկը՝ Ռաֆոյի լավ բարեկամը, Երևանում էինք։ Եվ տեսանք, որ Ռաֆոյի երազն իրականացել էր։ Ինչ ծրագրել էր՝ արել էր սեփական ձեռքով, իր երիտասարդ, սքանչելի կնոջ՝ Սոֆիկի անմիջական մասնակցությամբ ու օգնությամբ։
Եվ այգի կար տան առաջ, և արվեստանոց՝ տանը, և Արարատի փառահեղ տեսարանն էր բացվում ընդաբձակ ու լուսավոր վերանդայից։ Շատ աշխատանք, ուժ ու եռանդ էբ ծախսվել։ Եվ ահա արդեն քանի տարի հարմարավետ, խաղաղ փողոցի այդ տանն էր ապրում Ռաֆոյի բազմանդամ, համերաշխ ընտանիքը։
Հուզիչ հանդիպում, և մենք «բարեկամների ընդունարանում» էինք, ապա և լուսավոր վերանդայում. այստեղից այժմ արդեն երևում էր միայն Արարատի ձյունափառ գագաթը, իսկ մնացածն աչքից ծածկում էին քաղաքի նորակառույցները։
Բոլորովին նոր կողմից բացվեց ինձ համար Ռաֆոն, երբ միասին գնացինք տեսնելու նրա նախագծով կառուցվող «Արարատ» տրեստի գինու մառանների շենքը։ Շինարարությունն արդեն մոտենում էր ավարտին։ Վարպետները փայտամածների վրա Ռաֆոյին դիմավորեցին այնպես, ինչպես իրենց մոտ բարեկամին, գործընկերոջը կդիմավորեն։ Ճարտարապետի և շինարար վարպետների լիակատար պրոֆեսիոնալ փոխըմբռնում ու հարգանք… Ռաֆոն հենց տեղում որոշ շտկումներ արեց գծագրերում, շաբլոններում՝ հաշվի առնելով վարպետների դիտողությունները։ Այդ վստահությունը շինարարների նկատմամբ ճշմարիտ աշխատանքային համագործակցության նշան էր։ Ռաֆոն չհամա ձայնեց, որ բազալտե բլոկները մշակվեն մեքենայով՝ ձեռքի ավանդական մշակման փոխարեն։ Աշխղեկը պաշտպանեց ճարտարապետին. «Մենք այնպես կանենք, որ լավ լինի… Թող մի քիչ թանկ նստի, միայն թե որակով լինի»։
Հաճելի էր նայել, թե ինչպես էր առաջ գնում աշխատանքը, ինչ եռանդով էին բանում քարգործ վարպետները։ Նրանցից մեկն ասաց՝ «էլ ինչ աշխատանք, որ մի լավ չքրտնես»,–դրանով վերջնականապես հաստատելով ճարտարապետի ու աշխղեկի իրավացիությունը։
Հետագա օրերին էլ, երբ շրջում էինք Հայաստանում՝ ծանոթանալով տարբեր օբյեկտների շինարարությանը, ես նորից ու նորից հիշեցի «Արարատ» տրեստի գինու մառանների քարգործ վարպետներին, քանի որ ամեն տեղ ընդհանուր էր պատասխանատվությունն աշխատանքի, սերն իրենց մասնագիտության նկատմամբ։
Որ Ռաֆոն և իր շինարար վարպետները կապված էին ճշմարիտ բարեկամությամբ՝ լիովին համոզվեցի, երբ նրա հետ հյուր եղա մի որմնադիր բրիգադավարի։ Մեզ դիմավորեց ինքը՝ տանտերը, արդեն տարիքն առած, սեփական անձի ու դիմացինի հարգն իմացող, լուրջ ու բարեսիրտ մարդ, որ իր ողջ վարք ու բարքով ընդգծում էր հարգալից վերաբերմունքը հյուրի և նրա բարեկամի նկատմամբ։
Կային էլի ուրիշ հյուրեր՝ դարձյալ շինարար վարպետներ։ Մտերիմ զրույցը երկարեց մինչև ուշ գիշեր։ Խոսակցության մեջ հաճախ էին դառնամ մասնագիտական հարցերի, նաև իրենց անձնական հոգսերից էին պատմում Ռաֆոյին։ Եվ այդ ամենը՝ այնքա՜ն անկեղծ, սրտանց, ընկերաբար։ Զրույցն ուղեկցվում էր կատակներով, տեղին ասված զուտ ազգային առածներով ու ասացվածքներով, հայկական երգերով։
Ինձ համար անսովոր ու հետաքրքիր միջավայրը, սիրալիր մարդիկ, իրիկնային քաղաքի հեռավոր լույսերի ցոլքերը անջնջելի հիշողություններ թողեցին իմ մեջ։
Ինձ պատմեցին, որ նման հավաքույթներ՝ ընկերական սեղանի շուրջ, մտերմական խոսք ու զրույցով, հաճախ էին լինում Ռաֆոյի տանը։ Եվ դրանցից յուրաքանչյուրն ավելի ու ավելի էր մերձեցնում ճարտարապետին ու վարպետներին՝ ամրապնդելով նրանց գործնական կապը, փոխադարձ հարգանքը։
Բախտ ունեցա ներկա լինելու նաև Ռաֆոյի ընտանեկան երեկո֊ընդունելությանը, հավաքվել էին Երևանի մտավորականության ներկայացուցիչներ և հյուրեր Վրաստանից։ Հյուրերի կազմը խայտաբղետ էր՝ ճարտարապետներ, բանաստեղծներ, նկարիչներ, երաժիշտներ։ Տարբեր մասնագիտության, ազգության, տարբեր տարիքի մարդիկ, որոնց միավորում էր Ռաֆոյի ընտանեկան հարկին բնորոշ ջերմ ու հյուրընկալ մթնոլորտը։ Աշխույժ զրույցների մեջ ժամանակը թռչում էր աննկատ։ Հայ և վրացի բանաստեղծները կարդացին իրենց գործերից։
1955-ին ինձ, լենինգրադցի մի խումբ ճարտարապետների հետ, հաջողվեց երկրորդ անգամ լինել Հայաստանում, Երևանում, հանդիպել Ռաֆոյին։ Նա նորից մեծ ուշադրություն ցուցաբերեց մեր նկատմամբ և էքսկուրսիայի հետաքրրքիր ծրագիր առաջարկեց մեզ։
1968-ին սովետական ճարտարապետների տուրիստական խմբի հետ Հարավսլավիայում էի։ Զագրեբի հյուրանոցում հանդիպեցինք Հայաստանի տարբեր քաղաքներից եկած մի խումբ տուրիստների։ Երևանի հիմնադրման 2750-ամյակի օրն էր։ Մեզ հրավիրեցին համատեր տոնելու նշանավոր հոբելյանը։ Խմեցինք Հայաստանի, Երևանի, հայ արվեստի կենացը, իր ժողովրդի ազնիվ զավակի՝ ճարտարապետ Ռաֆոյի կենացը, որի անունը քաջ հայտնի էր բոլոր ներկաներին։
Հարավսլավիայից վերադառնալուց անմիջապես հետո ինձ հաջողվեց լենինգրադցի անվանի ճարտարապետ և Ռաֆոյի լավ բարեկամ Լոգին Շրետերի հետ նորից լինել Երևանում։ Հոբելյանական օրերը դեռ չէին ավարտվել, մեծաթիվ հյուրերը դեռ չէին մեկնել և, իհարկե, հյուրանոցներում տեղեր չկային, մեզ նախազգուշացրել էին։ Բայց և այնպես, հանդգնեցի մտնել «Սևան» հյուրանոց։ Ցուցանակ՝ «տեղեր չկան»։ Այնուհանդերձ սենյակ խնդրեցի երկու լենինգրադցիներիս համար։ Ոչ բարապանը և ոչ էլ նրա կողքին նստած կարգ ու կանոնի պահապանը չարձագանքեցին իմ խնդրանքին։ Այնժամ ես, կատակի տալով, ասացի, թե կգանգատվեմ Ռաֆո Իսրայելյանին… Կարգ ու կանոնի պահապանը վեր թռավ տեղից բերկրալի կանչով. «Ռա՜ֆոն… Նրան աշխա՜րհը գիտի…»։ Եվ մի րոպեից արդեն մեր համարում էինք։
Առանց ժամանակ կորցնելու գնացինք Ռաֆոյի մոտ։ Բայց ոչ քաղաքը ճանաչեցի, ոչ այն փողոցը, ուր Ռաֆոյի տունն էր։ Միայն մանրամասեր էի հիշում՝ դռնակ, վերանդա, հին նեղլիկ փողոց։ Աստված գիտի ուր էին չքացել… Վերջապես, երկար որոնումներից հետո, գտանք տունը, «անհետացել» էր կողքից անցնող քաղաքային մայրուղա հողաթմբի ետևում։ Այգին փարթամորեն աճել էր, վերանդայից բացվող համայնապատկերը՝ փոքրացել, և Արարատն այնտեղից արևս չէր երևում։ Չէին լսվում մանկական ձայ նեո՝ երեխաներր մեծացել էին» ամեն մեկը մի կողմ գնացել։ Սոֆիկն ու Ռաֆոն առաջվա նման բարեկամաբաո դիմավորեցին մեզ։ Եվ ապա առաջարկեցին այցելել իրենց ավագ զավակներին, որոնք արդեն իրենց բույնն էին հյուսել։
Ռաֆոն կրքոտ սիրում էր իր բազմանդամ, համերաշխ ընտանիքը՝ ամուր պահպանելով նրա ամբողջականությունը։ Ռաֆոյի կողքին էր միշտ հավատարիմ ընկերը՝ Սոֆիկը, որի սերը, ուշադրությունը, հոգատարությունը ճարտարապետ ամուսնու ստեղծագործական ու գիտական աշխատանքին նպաստող լիարժեք պայմաններ էին ստեղծում։ Դա Ռաֆոն գնահատում էր խորապես, այդ մասին խոսում երախտագիտությամբ ու քնքշանքով։
Երևանում գտնվելու օրերին Ռաֆոն մեզ առաջարկեց միասին գնալ Արթիկ՝ իր կառույցներից մեկի երեսպատման համար տուֆի տեսակ ընտրելու։ Քարհանքի բարդ պայմաններում ևս երևաց Ռաֆո֊ճարտարապետի նուրբ պրոֆեսիոնալիզմը. նա հիանալի գիտեր յուրաքանչյուր քարատեսակի բնորոշ հատկությունները, որ բացառում էր պատահականությունը, ուստի նա երկար ու մանրակրկիտ որոնումներից հետո միայն ամեն տեսակետից իրեն բավարարող նմուշ ընտրեց կառույցի համար։
Արթիկի ճանապարհին՝ ավաններում, գյուղերում հետաքրքիր հանդիպումներ եղան գյուղացիների, տուֆահանքերի բանվորների, շրջանային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Ռաֆոն ճանաչում էր բոլորին, և նրանք էլ մեծ հարգանքով էին ընդունում ճարտարապետին ամեն կերպ աշխատելով իրենց սրտագին վերաբերմունքն արտահայտել նրա նկատմամբ։
Այդ ուղևորությունը, այդ հանդիպումները, արդեն որերորդ անգամ, պերճախոս վկայությունն էին այն բանի, թե ի՜նչ մեծ հեղինակություն է վայելում Ռաֆոն։
Հատկապես ճարտարապետության, արվեստի որին վերաբերող զրույցներում Ռաֆոն միշտ էլ ինքնատիպ մտքեր էր արտահայտում աշխատելով հնարավորին չափ ստույգ ու պատկերավոր ձևավորում տալ դրանց։ Հաճախ դիմում էր իմաստուն ասույթների, ժողովրդական ասացածքների, որոնք վկայում էին, թե որքա՞ն լավ է ճանաչում իր ժողովրդին, որքա՞ն խոր գիտի նրա հոգեբանությունը։ Ռաֆոն հիանալի էր գգում ժողովրդական էպոսը, բարձր էր գնահատում ժողովրդական վարպետներին։
Սարդարապատի հուշակոթողի մեջ մտնող իր հոյակապ սեղանատան պատին նա փորագրել է տվել հայրենաշունչ խոսքեր ի փառս քարի և նրա վարպետների։ Իսկ գինու մառանների շենքի բազալտե պատին էպիկական մակագրություն է դրոշմել. «Հայրենաշեն աշխատավոր՝ այս շինությունը, որ բարձրացրել ենք մենք, ամբարում է յուր մեջ գինին քո մայր հողի։ Երբ վայելես այն ուրախությանդ ժամին ու գովերգես սովետական երկիրդ խաղաղ, կյանքդ ստեղծագործ՝ հիշիր շինարարներիս»։
Ռաֆոն իր կոմպոզիցիաների մեջ հմտորեն, օրգանապես ներմուծում էր դեկորատիվ զարդանկարներ, զարդաքանդակներ ու քանդակ-ներդիրներ, օգտվում էր բնական նյութերի գույնից ու ֆակտուրայից, բոլոր առանձնահատկություններից՝ դրանց կատարյալ սինթետիկ օգտագործման շնորհիվ հասնելով բացառիկ արտահայտչության, պլաստիկական այնպիսի ցայտուն նկարագրի, որ բնորոշ է Հայաստանի պատմական ճարտարապետության հուշարձաններին։
Ավարտելով իմ հակիրճ հուշերը հայ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի մասին, մի անգամ ես ուզում եմ շեշտել նրա մասնագիտական խոր սկզբունքայնությունը, նրա ստեղծագործական հավատամքի կայունությունը։
ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետի բարձր կոչումը Ռաֆայել Իսրայելյանը պատվով, հպարտությամբ ու արժանապատվությամբ կրեց մինչև իր հոյակապ կյանքի լրումը։