Երեկոյան Երեւանը Արարատից
Տարիներ առաջ, 1973-ի օգոստոսյան մի շոգ երեկո հայրիկս տուն եկավ հյուրերի` պատկառելի մի տղամարդու եւ մի փոքրամարմին կնոջ հետ, որոնք ժամանել էին Լենինգրադից: Դե հյուրեր ընդունելը արտասովոր բան չէր մեր տան համար ու ես գնացի փողոց տեսնելու թե տղեքից դեռ ով է ֆուտբոլ տշում: Դե այդ տարի բոլորը խելագարված էին Արարատի հաջողություններից եւ մենք էլ երեխեքով ֆուտբոլ էին խաղում մինչեւ գիշերվա կեսը երբ մի քիչ զով էր:
Մի քանի օրից պարզվեց որ իրենք սովորական հյուրեր չէին` եկել էին Լենինգրադի Ավրորա հրատարակությունից Երեւանը մասին եռալեզու ֆոտոալբոմ հրատարակելու համար: Պատկառելի տղամարդը լուսանկարիչն էր` Ռաֆայել Մազելեւը, ժամանակին պատերազմի ընթացքում հատուկ ֆոտոթղթակից Ֆինլանդիայից մինչեւ Բեռլին հասած մեկը, իսկ փոքրամարմին կինը` ապագա գրքի գլխավոր խմբագիրն էր:
Պարզվեց նաեւ, որ Գրիգոր Հասրաթյանը խնդրել էր հայրիկիս այս խմբին տիրություն անել, քանի որ ամեն ինչ պետք է արվեր շատ բարձր որակով: Նաեւ տրամադրել էր իր սեւ վոլգան, որը ամեն առավոտ այս մարդկանց հյուրանոցից բերում էր մեր տուն մի հատ սուրճ խմելու եւ միասին գնալու քաղաքի տարբեր վայրերը նկարելու համար:
Ինձ որպես պատանու շատ գրավեց լուսանկարչի հսկայական պայուսակները տարբեր չափերի լուսանակարչական սարքերով: Ու սկսեցի ամեն հնարավոր առիթով ֆռֆռալ այս մարդու շուրջը, դե արձակուրդ էր ու ուրիշ բան առանձնապես չկար անելու բացի երեկոները ֆուտբոլ խաղալուց:
Մի անգամ երեկոյան իրենց հերթական նկարահանումներից հետո մեր տանը նստած քննարկում էին նկարվելիք վայրերի ցուցակը: Ասենք մի քանի կադր այս եկեղեցու մոտ, կամ ծածկած շուկա եւ այլն: Մեկ էլ տեսնեմ հայրիկս դեմքը ծռում է մի կողմ ու մորս ասում, – լսի Համ, սրանք իրոք խաբար չեն: Մայրիկս մոտեցավ, թե Օգսեն ի՞նչ է եղել: Թե բա, սրանց ցուցակում գրած ա – Вечерный Ереван с горы Арарат.
Ջահելների համար պարզաբանեմ, որ Ավրորա հրատարակությունը այն ժամանակ սովետի երեւի «ամենապրեստիժնի» խմբագրատունն էր, որը հիմնականում հրատարակում էր արտասահմանի համար արտադրվող բարձրորակ գրքեր եւ ալբոմներ, երբեմն նաեւ Ֆինլանդիայում տպված:
Ու փաստորեն իրենց մոտ մարդիկ նստել կազմել էին Երեւանի տարբեր տեսարժան վայրերի ցուցակ, որտեղ մտածել էին նաեւ անել մի շքեղ կադր` երեկոյան Երեւանի համայնապատկերը լույսերի մեջ թաղված, այն էլ Արարատ սարի դոշից: Ավելացնեմ նաեւ, որ ֆոտոալբոմը կոչվելու էր Երեւանը եւ նրա շրջակայքը, բնականաբար Էջմիածին, Գառնի-Գեղարդ, Խոր-Վիրապ եւ այլն: Ու մեր Լենինգրադցի բարեկամները նայել էին քարտեզին ու աչքաչափով որոշել որ դե Արարատը մի 30 կմ հեռավորության վրա է, եթե Խոր-Վիրապը նկարելու են, դե մի քիչ էլ քշեն սարին կհասնեն:
Ինչ երկարացնեմ, երբ հայրիկս ասեց, թե ժողովուրդ Արարատ սարը Թուրքայում ա, սրանք դիրխոր գնացին տուն: Հայրիկս էլ (ես էլ հետեւից) իջավ բակ ու գնաց Ռաֆոյենց կողմը, որ պատմի ու մի լավ խնդան: Դե Ռաֆոյենք էլ տեռասայում մի խումբ մարդկանցով սեղանի շուրջ «հովանում էին»: Մշտական հյուրերից էր նաեւ Էդիկ Արեւշատյանը: Ու հորս պատմությունից հետո Ռաֆոն ասեց իր ամենամեղմ քֆուրներից մեկը`, – Իշշի’ քուռակներ, դե գնացեք նկարելու, ես էլ կգամ: Վերջը նստած խոսում եւ խմում էին հայ ժողովրդի երեւի 16-րդ կենացը, մեկ էլ եթե չեմ սխալվում Արեւշատյանը ասեց, – է, թող նկարեն Արագիլի տեռասայից, փառահեղ տեսարան կլինի:
Ինչպես պարզվեց, երբ հայրս ամեն ինչ բացատրել էր մեր հյուրերին, սրանք էլ համաձայնվել էին: Մի քանի օրից եկավ ու ասեց ինձ, – կգա՞ս գնանք միասին երեկոյան Երեւանն ենք նկարելու:
Դե ուրախությանս չափ ու սահման չկար, գնացի իրենց հետ:
Ռաֆայել Աբրամովիչը հանեց իր ամենամեծ ապարատը, որ մի մեծ տուփ էր, որ միայն լուսանկարչատներում էի տեսել, ամրացրեց եռաոտանու վրա, չափեց լույսը, էլի լիքը բաներ, որ չէի հասկանում այն ժամանակ: Մեկ էլ շուռ եկավ ինձ, թե մինչեւ 85 հաշվել գիտե՞ս: Ես նեղացած, – իհարկե:
Ասեց, դե տե’ս, հուպ կտաս այս պարանի ծայրը ու սեղմած կպահես դանդաղ հաշվելով մինչեւ 85-ը: Մոտեցա տուփին, որի մեջ ապակու վրա թարս երեւում էր համարյա ամբողջ Երեւանը` Հին Նորքով, Սարի թաղով մինչեւ Կոնդ:
Ոնց որ հեքիաթ լիներ:
Նկարեցինք երկու անգամ (ինքը ամեն կադրը երկու օրինակից էր նկարում):
Հետագայում ընկերացա բիձուկի հետ ու ինձ վերցրեցին նաեւ քաղաքից դուրս մի քանի նկարահանումների ժամանակ:
Ինչու հիշեցի իմ կյանքի այս դրվագը:
Արագիլ ռեստորանի համար:
Ի՛նչ շքեղ Երեւանի տեսարան էր բացվում Արագիլի տեռասայից:
Ի’նչ հրաշալի էր նախագծված ու տեղադրված այգու եզրին, բարձրունքի վրա:
Ու որ մտածում եմ ինչ տեսարժան վայր ենք կորցնում մեր աչքերի առաջ, հենց հիմա, գուցե արդեն անվերադարձ:
Ինչքա՞ն պետք է լինել կարճատես, եթե չասեմ կույր, որ այդպիսի գանձը անտերության մատնելով մխսել:
Թե՞ ինչ որ մեկը չար դիտավորությամբ փորձում է ջնջել հերթական մի արժեք, որի գինը որպես հին կոնյակ հիմա ավելի թանկացած պետք է լիներ…
Հ.Գ. Երեւանը եւ իր շրջակայքը ֆոտոալբոմը ես փնտրել եմ երկար տարիներ եւ վերջերս շատ պատահաբար հայտնաբերեցի իմ շատ մտերիմ Հալեպցի ընկերոջ գրադարանում:
Ահա շապիկը: Մոտ օրերս կխնդրեմ ինձ համար նկարել նաեւ պատմությանս երեկոյան Երեւանի համայնապատկերը: Եթե ինչ որ մեկը գիտի, ունի այս ալբոմը, ձեն տվեք: