Հեղինակ: Դավիթ ՍտեփանյանԱմսաթիվ: Monday, Սեպտեմբեր 8, 2014
Ապարանի, Հաճընի և Մուսա Լեռան հուշարձանները կարծես հերոսական եռապատում լինեն, որոնք ամբողջացնում են Ռաֆայել Իսրայելյանի վերջին շրջանի ճարտարապետական խոսքը։
Համանուն վայրերում առանձին կանգնած այս կոթողները շատ տարբեր են միմյանցից, բայց ունեն նաև խիստ որոշակի ընդհանրություններ։ Երեքին էլ բնորոշ է քանդակայնությամբ ու պատմողականությամբ հագեցած հորինվածքը, որտեղ կարևորվում և կառույցի անբաժան, օրգանական մաս են կազմում ճարտարապետագեղարվեստական մանրամասները։ Մոդեռնիստական հղկվածությունը, որն Իսրայելյանի մոտ, ինչպես միշտ, զերծ է օտարամուտ տարրերից և ներկայանում է մաքուր, հայկական ոճավորմամբ, սրանցում առավել ցայտուն է արտահայտված՝ վաղ շրջանի գործերի համեմատ։ Հուշարձանների հերոսական բնույթի ընկալմանն է նպաստում քարի սև կամ կարմիր գույնի ընտրությունը։
Այս երեք կոթողները մոտ են նաև իրենց մասշտաբային չափերով։
Միջավայրի մեջ, սակայն, ամենաիշխող տեսքն ունի Մուսա լեռան կոթողը, որն իր վառ կարմրավուն երանգով առանձնանում և աչքի է ընկնում տեղանքում։
Դեռ հեռվից ուրվագծվում է նրա հորինվածքը՝ որպես մի ծանր, սեղանաձև քարաբեկոր՝ ամուր ու հաստատուն կանգնած հողի վրա։ Այն օժտված չէ դինամիկ նկարվածքով, ինչն անհանգիստ մարտական տրամադրություն է արտահայտում մյուս երկու կոթողներում և հատկապես ազդեցիկ է արված Ապարանի հուշարձանի հյուսիսային կողմի վրա։ Սակայն ստատիկ կեցվածքն այստեղ առավել շեշտում է անառիկության ու անսասանության գաղափարը։
Երևանից Էջմիածին տանող մայրուղուց դեպի աջ թեքվող ճանապարհը բերում է հուշարձանի մոտ բարձրացող աստիճանների ստորին հարթակի մոտ։ Պարզ ու հասարակ բազալտե աստիճաններ են դրանք, որոնք այցելուին ստիպում են որոշակի տարածություն հաղթահարել՝ Արարատյան դաշտավայրի կիզիչ արևի ներքո։ Առջևում հուշարձանի խուլ զանգվածն է՝ կենտրոնական մասում արտահայտված մեծ որմնաքանդակով։ Վահանի նման պաշտպանիչ ու անդրադարձնող կերպար է ներկայացնում մեկ հարթությամբ վեր խոյացող այդ քարե մակերևույթը։
Խիստ ու չոր նրա պատկերը կարծես նաև արտացոլումը լինի տափաստանային տեղանքի։ Ամեն կարգի էկզոտիկ ելևեջներից զուրկ հարթավայրը միավորվելով երկնքի հետ՝ ֆոնային համադրություն է դառնում հեռանկարում միակ բնական դոմինանտ հանդիսացող Արարատ լեռան համար։ Այս համայնապատկերը բացվում է հուշարձանի փռված կամարային բացվածքից, որը տվյալ ճակատի միակ ցայտուն ծավալային փորվածքն է։ Նման ձեռագիր է թողել Իսրայելյանը նաև Չարենցի կամարում, միայն թե այնտեղ կամարաձև շրջանակը գլխավոր փիլիսոփայությունն է ամբողջ կառույցի։ Այստեղ նույն ստվերապատ մուտքն առավելապես հրավիրող ու կանչող նշանակություն ունի։ Առանց նրա վանող ու միապաղաղ կդիտվեր պատի խլությունը։
Սրբատաշ շարվածք ունեցող հսկա պատերը վերնամասում ամեն կողմերից շեշտված ավարտներ ունեն՝ նույնացվող բերդապարիսպի աշտարակի հետ։ Սակայն մայրուղուն նայող եռատամ վերջավորության վրա պատկերված արծվի ուրվանկարն ամբողջ հորինվածքը դարձնում է կանգնած արծվի մի քանդակ։ Պատահական չի այս դեպքում կամարի փռված լինելն ու սեղանաձև ծավալի հիմքի մասում լայնանալը։ Որևե ուրիշ տիպի բացվածք չէր կարող արտահայտել արծվի հաղթական կեցվածքը։ Դասական, սլացիկ կամարի դեպքում, օրինակ, արծիվը երկչոտ կանգնվածք կունենար։
Կոնստրուկտիվ աշխատանքի տեսանկյունից եթե դիտարկենք, կամարի տարահրման ուժը մեծանում է նրա փռվածքին համարժեք չափով։ Այս դեպքում տվյալ բացվածքը երկու կողմերից էլ ունի պատերի բավարար երկարություն լարմանը դիմակայելու և կամարից եկող տարահրման ուժը մարելու համար։ Պատերի այդ երկարությունները վիզուալ առումով ընկալվում են որպես «արծվիե ոտքերի հաստություններ։ Կարելի է ասել, որ լարվածության ու ամրության հաշվարկը մեկնաբանված է գեղագիտորեն, և «արծվիե հզորր ոտքերը հաստատակամորեն հենված են հողի վրա։
Հուշարձանի կամարներն իրականում երեքն են։ Հստակորեն արտահայտելով կառույցի տեկտոնիկան իբրև կրող պատերի բացվածքներ՝ դրանք հոգեբանորեն ևս հուսալիւթյան զգացում են ներշնչում։
Կառույցի ձևի մեջ ակամա կարելի է հայտնաբերել Սարդարապատի հուշահամալիրի քանդակազարդ պատի կամ Էջմիածնի բակում տեղադրված խաչքարի վրա պատկերված արծիվների նույն կեցվածքն ու համաչափությունները։ Ոտքերն ուսերի լայնությամբ բացած, իրանով ուղղահայաց, դեմքով պրոֆիլային պատկերված արծիվներ են դրանք, որոնց կարելի է հանդիպել նաև հեղինակի բազմաթիվ էսքիզներում։
Ճարտարապետությունը քանդակի մեջ տեսնելու իսրայելյանական մոտեցումը ամենավառ կերպով իրականացվել էր Սարդարապատում՝ ցուլերի ու պահապան արծիվների տեսքով։ Բայց այնտեղ քանդակ են առանձին կանգնած պատերն ու ստելաները։ Մուսա Լեռան կոթողը քանդակ է ամբողջ կառույցի։
Կատարողական առումով սկզբունքային մի հետաքրքիր տարբերություն կա այս երկու հուշահամալիրներում։ Սարդարապատը քանդակային ճարտարապետություն է, Մուսա Լեռը՝ ճարտարապետական քանդակ։ Նրանում քանդակն արտահայտված է մաքուր ճարտարապետական լուծումներով։ Միայն դեկորատիվ փորագրությունն է սրամտորեն հուշում, որ ամբողջ ծավալը միաժամանակ համատեղվում է առասպելական թռչնի կերպարին։
Արծվի տեսքով անառիկ այս ամրոցը սիմետրիայի և ասիմետրիայի համադրման զուսպ ու հետաքրքիր լուծումներ ունի։ Խիստ սիմետրիկ նկարվածքներով երկու հիմնական ճակատները տարբեր են իրարից, կողային ճակատները նույնն են, բայց ասիմետիկ են։ Արդյունքում սիմետրիային բնորոշ հստակությամբ ու ծանրությամբ հագեցած հուշարձանը չկրկնվող դիտակետեր և անկյունային կողմերից ավելի ազատ նկարվածք ունի։
Ցայտուն է արտահայտված ժողովրդական ճարտարապետության ոգին հատկապես հյուսիսային ճակատի վրա։ Նորից ամրոցային ոճավորմամբ մշակված՝ բայց ավելի ջերմ ու հյուրընկալ տեսարան է բացվում այս կողմից։ Պատային հարթությունների՝ իրար հաջորդող հերթագայության շնորհիվ, ամբողջովին ընթեռնելի է դառնում կառույցի ծավալատարածական հորինվածքը՝ հարստանալով լույս ու ստվերային անցումներով։ Արտահայտիչ է երկու կողմերից բարձրացող քարե աստիճանների բազրիքը, որը կամարաձև բացվածքի վրա գեղեցիկ հայկական շքամուտք է ձևավորում։
Կենտրոնական՝ առանցքային մասում տեղակայված թանգարանի մուտքի դուռը կոմպոզիցիոն առումով դիտվում է որպես տվյալ ճակատի սիմետրիան շեշտող և ներքևի շքամուտքային մասն աշտարակաձև վերնամասի հետ կապող, հավաքող մի հանգույց։
Ներսի տարածությունն ամբողջովին քարապատ է և իրենից ներկայացնում է խուլ պատերի մեջ ընկած, ձգված, ուղղանկյուն մի ծավալ, որտեղ միակ լույսի աղբյուրը բարձր առաստաղի տակ գտնվող 4 քառակուսի լուսամուտներն են։ Այս 4 լույսերը կարելի է խորհրդանշական դիտել։ Մուսա Լեռան ինքնապաշտպանության 40 օրերի ընթացքում 4 թեժ հարձակումներ են տեղի ունեցել թուրքերի կողմից, որոնք ավարտվել են հայերի ջախջախիչ հաղթանակով։
Դրսից նայելիս՝ ուշագրավ են լուսամուտների կողքերից վեր խոյացող ատամնավոր ելուստերը, որոնք թեպետ առավելապես ընկալվում են որպես ամրոցային տարրեր, բայց իրենց մասշտաբայնությամբ և ընգդծված պարզ քիվային ավարտով խաչքարի համաչափություններ են հիշեցնում։ Նման ատամնաշարեր ունեին Կիլիկյան Հայաստանի ամրոցները։ Էսքիզային աշխատանքներում կան սրանց նախշազարդ տարբերակները։
Ճարտարապետական կառույցի վրա դրվագներով բացահայտվող և յուրովի մեկնաբանված խաչքարի մշակումներ՝ շատ դեպքերում խուլ, միայն ուրվագծով արտահայտված, հետագայում տարածում գտան Իսրայելյանի դպրոցի լավագույն շարունակող Ջիմ Թորոսյանի գործերում։
Մուսա Լեռան հուշարձանն առանձնահատուկ է իր կատարման մաքրությամբ, լակոնիզմով, ծավալների մասշտաբային համապատասխանությամբ։ Հավանաբար ավելի հաջողված կլինեին նաև գեղարվեստաարտահայտչական մանրամասները, եթե վարպետը հասցներ տեսնել իր նախագծի իրականացումը։ Թվում է, թե ավելի հմտորեն կներգծվեր արծվի կիսադեմն ուղղանկյուն ընդհանուր ծավալի մեջ, նաև կենտրոնական որմնաքանդակի մեկ այլ տարբերակ գուցե կլիներ այդ նույն ճակատի վրա։ Արա Հարությունյանի աշխատանքը, չնայած վարպետորեն կատարմանը, մեկ այլ ձեռագիր ու տրամադրություն է մտցնում ստեղծագործության մեջ։
Հուշարձանի ծավալատարածական յուրահատկություններից են քարի մեծ մակերեսներն ու նրանց ողղանկյուն, սուր եզրեր գոյացնող անցումները։ Այդ անխոռոչ պատային հարթություները պարփակվածության, կարծրության ու անմատչելիության զգացողություն առաջացնելով՝ միաժամանակ վեհություն ու հանգստություն են ներշնչում։
Կառույցի ծանր կերպարն ամենից շատ աշխուժացնում և մոնումենտալություն են հաղորդում «արծվիե թևերը, որոնք համընկնում են կողային ճակատներին և ունեն ամբողջ բարձրությամբ ձգված երեքական հզոր նիստեր։ Որպես կոշտության կողեր՝ դրանք բարձրանում են կրող պատի վրա, որը դուրս է գալիս ընդհանուր ծավալից որոշակի թեքությամբ։
Մի տեսակ պատի այդ թեքությունը հիշեցնում է Կիլիկյան Հայաստանում առաջինը կառուցված, նույն հերոսամարտին նվիրված հուշարձանի մի հատվածը, որը ֆրանսիական փրկարար նավի պատկերն էր ներկայացնում։ Այդ հուշարձանն ավիրվել է, կա միայն նրա լուսանկարը, որի զարդաքանդակն Իսրայելյանն արել է թանգարանի մուտքի ճակատային մասում։
Արարատի դիմաց կանգնած կոթողը ինչ-որ նմանություն ունի նաև Կիլիկյան Հայաստանում մնացած լեռների հետ։ Մուսա լեռան տարածքում ծովափին կանգնած մի լեռ կա, որը նորից սեղանաձև ուրվագիծ և թեթևակի նշմարվող եռագագաթ ավարտ ունի։